Պարզվում է՝ կառավարությունը (կամ՝ ՀՀԿ-ն) գտել է արդյունաբերությունն ու արտահանումը ոտքի կանգնեցնելու դեղատոմսը։ Այն էլ ինչպիսի «ոտքի հանել»։
Կիրակի օրը «Թումո» կենտրոնում ՀՀԿ-ի հրավիրած տնտեսական կոնֆերանսում ներկայացված փաստաթղթի հեղինակները կարծում են, որ, օրինակ, նախանշված քայլերի իրականացման արդյունքում արտահանման ծավալները 2015թ. կհասնեն 3.5 միլիարդ դոլարի, իսկ 2020թ.՝ 5.5 միլիարդի։ Սա` այն դեպքում, երբ այսօր արտահանումը կազմում է 1.2-1.3 միլիարդ դոլար։ Ընտրվել է 11 գերակա ճյուղ, որոնց պատշաճ ուշադրություն դարձնելու դեպքում, ասում են, կարելի է վերը նշված ցուցանիշներին հասնել։ Ընդ որում, 11 ճյուղերից փակագծերը բացվել են միայն երեքի համար՝ ճշգրիտ ճարտարագիտություն, դեղագործություն եւ կոնյակագործություն։ Մնացածի մասին՝ հետո կխոսեն։ Ինչպես ասում են՝ քաղցրի միանգամից մեծ բաժին ընդունելը վտանգավոր է առողջության համար։
Ի դեպ՝ առողջության մասին։ Կոնյակագործության գծով համազեկուցող, «ՄԱՊ» ընկերության սեփականատեր Ալեքսան Պետրոսյանն ասել է, որ ավելի լավ է շատ կոնյակ խմել, քան դեղ առնել (կոնյակագործությունից առաջ ներկայացվել էր դեղագործության ոլորտի հայեցակարգը)։ Ի պատասխան՝ վարչապետ Տ. Սարգսյանը նշել է՝ ավելի լավ է լինել հարուստ եւ առողջ։
Տ. Սարգսյանը նույնպես խոսել է հիվանդությունների մասին, սակայն՝ տնտեսական համակարգին վերաբերող։ Վերջինիս խոսքերով՝ մեր տնտեսական համակարգին բնորոշ են բոլոր այն հիվանդությունները, որ առկա են նաեւ զարգացած երկրներում՝ Հայաստանում բարձր է աղքատությունը, որի շեմը տարբեր գնահատականներով` մոտենում է 30 տոկոսի, եւ որն անհրաժեշտ է հաղթահարել, աշխատուժի հետ կապված լրջագույն խնդիր, քանի որ գտնվում ենք ոչ բարենպաստ դեմոգրաֆիական իրավիճակում, այսինքն` ունենք ծերացող հասարակություն, ծնելիության մակարդակը ցածր է, ու բարձր է արտագաղթի ցուցանիշը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավով է հիշել, թե ովքեր են Հայաստանից հեռացել վերջին 20 տարում։ «Առաջին հերթին մեզ լքել են երիտասարդ կառուցվածք ունեցող միգրանտներ»,- ասել է նա։ Իսկ այս խնդիրների, այդ թվում՝ ամենատարբեր կառուցվածք ունեցող երիտասարդների արտագաղթի խնդրի լուծման ճանապարհին կառավարությունը հասկացել է մի շատ կարեւոր բան. «Խիստ վտանգավոր է, եթե պետությունը` ի դեմս կառավարության, միայնակ որոշի, թե որոնք են մեր տնտեսության ճյուղային առանձնահատկությունները, եւ որոնք են այն ճյուղերը, որ ունեն հեռանկար: Հարկավոր է ձեւավորել մի նոր պլատֆորմ` պետություն-մասնավոր հատված համագործակցության առումով, եւ փոխադարձ համաձայնությամբ գնալ առաջնահերթությունների ու գործողությունների կատարմանը»,- ասել է վարչապետը։
Պետություն-մասնավոր համագործակցության մասով, ի դեպ, առաջին քայլերն արվում են։ Ճիշտ է, դրանք առայժմ հակասական են, բայց դե կարեւորը սկիզբն է։ Օրինակ՝ խոսելով կոնյակագործության զարգացման եւ արտահանման ընդլայնման մասին էկոնոմիկայի նախարար Տ. Դավթյանը ասել է. «Մեր պոտենցիալը մեծ է, եւ մենք պետք է տարբեր երկրներում` հատկապես Չինաստանում եւ այլուր, ունենանք առեւտրային ներկայացուցիչներ»։ Այս թեմայի շուրջ արտահայտվել է նաեւ «Հայկական կոնյակագործների ասոցիացիայի» նախագահ, Երեւանի կոնյակի գործարանի գլխավոր տնօրեն Արա Գեւորգյանը՝ նշելով. «Մենք միայն մեկուկես տարի ծախսել ենք, որ հասկանանք չինական շուկայի պոտենցիալը. եւ հասկացանք` այդքան հող չունենք, որ խաղող ստանանք ու կոնյակ արտադրենք չինացիների համար»։
Իսկ ընդհանուր առմամբ՝ ի՞նչ է իրենից ներկայացնում այս համաժողովը՝ ներկայացված փաստաթղթով հանդերձ, ո՞րն է դրա իմաստը, եւ ի՞նչ օգուտ է այն տալու։
Նախկինում եւս բազմիցս գրել ենք, որ տարբեր տիպի հայեցակարգերն ու ծրագրերը այնքան են արժեզրկվել, որ այլեւս քչերն են նման բաներին ուշադրություն դարձնում։ Ո՞վ է հիշում, թե 2007թ. խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ն ինչ էր ասում, հետո՝ կառավարություն կազմելով, ինչ ցուցանիշներ էր խոստանում 2008-2012թթ. ընթացքում եւ խոստացածի որ մասն իրականություն դարձավ։
Հիշեցնենք մի քանիսը՝ համախառն ներքին արդյունքի տարեկան 8-10 տոկոս իրական աճ, ոչ գյուղատնտեսական զբաղվածության 10 տոկոս աճ, աղքատության էական հաղթահարում` արդյունքում ապահովելով 11.2 տոկոսից ցածր ընդհանուր աղքատության եւ 1.6 տոկոսից ցածր ծայրահեղ աղքատության մակարդակ։ Չոռանանք նշել, որ կառավարությունը խոստանում էր նաեւ կենսաթոշակների մակարդակի ամենամյա բարձրացում, բայց ոչ թե 2000-2500 դրամով, այլ այնքան, որ միջին կենսաթոշակը հավասարվի կենսապահովման նվազագույն զամբյուղին։ «Կառավարությունը տնտեսության տեւական կայուն զարգացման գրավականն է համարում երկրի մրցունակության բարձրացումը: Այդ նպատակով 2008-2012 թվականներին Կառավարության տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններից են լինելու ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման հաշվին արտադրական կարողությունների ընդլայնումը եւ արտահանման խթանումը` աջակցելով համաշխարհային չափանիշներին համապատասխանող հայկական ընկերությունների կայացմանը»,- նշված է կառավարության ծրագրում։
Թե վերը նշվածների քանի տոկոսն է իրականություն դարձել՝ ընթերցողները հավանաբար մեզանից լավ գիտեն։ Իհարկե, կառավարությունը մի հզոր արդարացում ունի՝ համաշխարհային ճգնաժամը։ Այսինքն՝ կառավարությունը գտնում է, որ 2009թ. ստեղծվեց ֆորսմաժորային իրավիճակ, որը հնարավոր չէր կանխատեսել։ Իսկ ֆորսմաժորի ժամանակ խոստումներն ու պարտավորությունները կարելի է եւ չկատարել։ Պարզապես հիշեցնենք, որ ՀՀԿ-ն 2007 թվականին ընտրությունների գնում էր «Հզոր պետություն, բարեկեցիկ ժողովուրդ, արժանապատիվ քաղաքացի» կարգախոսով։ Որքանով հիշում ենք, վերջում նշված չէր` «եթե չլինեն ճգնաժամեր եւ ֆորսմաժորներ»։
Մի խոսքով, չնայած որոշ ԶԼՄ-ների՝ ՀՀԿ տնտեսական համաժողովի շուրջ աժիոտաժ ստեղծելու փորձերին՝ այդ ամենի շուրջ հասարակության հետաքրքրությունը դժվար է գերագնահատել։
Փոխարենը՝ բավականին հետաքրքիր է «տնտեսական» կոչված համաժողովի քաղաքական ասպեկտը։ ՀՀԿ-ի հայեցակարգն ու դրա ներկայացման ձեւը շատ քիչ են տարբերվում նախընտրական ծրագրի պրեզենտացիայից։ Փաստաթուղթը պարունակում է կոնկրետ խոստումներ, որոնք առայժմ ամբողջական չեն եւ անուղղակիորեն են արվում։ Օրինակ՝ ՀՀԿ-ն խոստանում է առաջիկա մի քանի տարիներին բացել հազարավոր նոր աշխատատեղեր։ Այսպես, տնտեսական կոնֆերանսի բանախոսները նշել են, որ, օրինակ, դեղագործության ոլորտում 2015թ. աշխատողների թիվը կհասնի 900-950 հոգու, իսկ 2020-ին՝ 1600-1800 հոգու՝ այսօրվա 550-ի փոխարեն։ Կամ՝ ճշգրիտ ճարտարագիտության ոլորտում այսօր ներգրավված 4000 աշխատողների թիվը 2015-ին նախատեսվում է հասցնել 4500-5600-ի, իսկ 2020-ին՝ 6000-7000-ի։ Փաստորեն՝ միայն այս երկու ոլորտներում կառավարությունը (կամ ՀՀԿ-ն) խոստանում է ստեղծել մինչեւ 4000 աշխատատեղ։ Ընդ որում՝ սա գերակայություն ճանաչված 11 ոլորտներից ընդամենը երկուսն են։ Եթե սրան էլ գումարենք նաեւ տնտեսության մյուս ոլորտները (համաժողովը նվիրված էր կոնկրետ արդյունաբերության ոլորտին), ապա կստացվի, որ հայրենի կառավարությունը խոստանում է բացել մի քանի տասնյակ հազար նոր աշխատատեղեր։ Սա, ինչպես ընդունված է ասել, բավականին հավակնոտ խոստում է։
Նշենք նաեւ, որ շատերի մոտ արդարացված շփոթմունք էր առաջացել՝ ո՞վ է այս նոր փաստաթղթի հեղինակն ու պատասխանատուն՝ կառավարությո՞ւնը, թե՞ ՀՀԿ-ն։ Եթե` ՀՀԿ-ն (համաժողովը կոչվում է «ՀՀԿ տնտեսական համաժողով»), ապա ինչո՞ւ են ծրագիրը ներկայացնում կառավարության անդամները։ Եվ, որ ավելի կարեւոր է՝ ո՞ւմ միջոցներով են արվել, իրենց իսկ խոսքերով, լուրջ փորձագիտական վերլուծությունները (դրանք բավականին թանկ արժեն)։ Եթե այդ ծախսերն արվել են պետբյուջեի միջոցներով, ապա ինչպե՞ս ստացվեց, որ փաստաթուղթը կապվեց միայն ՀՀԿ-ի անվան հետ։ Այնպես է ստացվում, որ իշխող կուսակցությունը իր նախընտրական քարոզարշավը սկսել է հարկատուների հաշվին տնտեսական վերլուծություն պատվիրելով։
Նման հարցերի պատասխանը ստանալն, իրականում, ոչ թե ԶԼՄ-ների, այլ ընդդիմության գործն է։ Սակայն ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչը, ներկա գտնվելով այդ միջոցառմանը, ոչ թե հետաքրքրվում է վերը նշված հարցերով, այլեւ «թեմայի մեջ» հարցեր է տալիս՝ թե արդյո՞ք հանքարդյունաբերության զարգացումը չի վնասում զբոսաշրջությանը։ Նախարարն էլ պատասխանել է, որ ոչ մի հակասություն չկա, եւ ժամանակակից տեխնոլոգիաներն էլ թույլ են տալիս զարգացնել հանքարդյունաբերությունը՝ բացարձակ չվնասելով շրջակա միջավայրը: Թերեւս, ճիշտ այնպես, ինչպես ընդդիմության մասնակցությունը ոչ թե խանգարում, այլ մի բան էլ նպաստում է իշխող կուսակցության «PR»-ին։