«Կադիլակ Սերոժը» պաշտոնանկ արվեց

06/12/2011

Երեկ Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Սարգիս Հովհաննիսյանը, ով հայտնի է «Կադիլակ Սերոժ» մականունով, սեփական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին երեկ տեղեկացրել է Երեւանի քաղաքապետի մամլո քարտուղար Շուշան Սարդարյանը: Երեկ, սակայն, տարօրինակն այն էր, որ օրվա ընթացքում, երբ արդեն հայտնի էր Ս.Հովհաննիսյանի պաշտոնանկության մասին լուրը, վերջինս համառորեն հերքում էր` ասելով, թե նման բան չկա, նման տեղեկություններ ինքը չունի, եւ որ առաջին անգամ մամուլից է այդ մասին լսում: Հիշեցնենք, որ այլեւս նախկին թաղապետ Սարգիս Հովհաննիսյանը Ռուսաստանի Օրենբուրգ քաղաքից հայտնի մեծահարուստ Սամվել Հովհաննիսյանի (Օրենբուրգի Սամո) հարազատ եղբայրն է:

Արդեն հայտնի է, որ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար է նշանակվելու Շենգավիթի նախկին թաղապետ Մարտին Սարգսյանի եղբայրը` Քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների բաժնի պետ Արմեն Սարգսյանը: Ըստ ԶԼՄ-ների` Մարտին Սարգսյանը սերտ հարաբերություններ է ունեցել Տարոն Մարգարյանի հոր` Անդրանիկ Մարգարյանի հետ, եւ այս նշանակումը պայմանավորված է նաեւ նրանց ընտանեկան մտերմությամբ: Երեւանի քաղաքապետարանի կայքէջից, սակայն, տեղեկանում ենք, որ Արմեն Սարգսյանը ՏԻՄ ոլորտում աշխատելու բավական փորձառություն ունի. 1997թ. նա աշխատել է Շենգավիթի թաղապետարանում` որպես ֆինանսական բաժնի առաջին կարգի մասնագետ, իսկ 2001թ. նույն թաղապետարանում` որպես ոչ բնակելի տարածքների շահագործման բաժնի պետի տեղակալ, 2009թ. օգոստոսին նշանակվել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի Առեւտրի եւ սպասարկումների վարչության պետ: