Հայաստանում ուրանային մենաշնորհ ստացած «Հայ-ռուսական լեռնահանքային ընկերություն» ՓԲԸ-ի տնօրեն Մկրտիչ Կիրակոսյանին Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղական համայնքում ընթացող ուրանի որոնողահետախուզական աշխատանքների մասին գրավոր հարցեր էինք ուղարկել: Ընկերության տնօրենից հետաքրքրվել էինք, թե ո՞ր փուլում են այդ աշխատանքները, վերջերս Լեռնաձոր տարված նոր սարքավորումն ի՞նչ սարքավորում է, ի՞նչ նպատակով է օգտագործվելու այն, եւ արդյո՞ք ընկերությունն ունի Լեռնաձորի ուրանի պաշարների նախնական տվյալներ: Երեկ ընկերությունը «արձագանքել» է մեր հարցադրումներին, որը ներկայացնում ենք առանց միջամտության. «Հիմք ընդունելով 1950-1970-ական թթ. Հայաստանում անցկացված Երկրաբանահետախուզական աշխատանքների տվյալները` «ՀՌԼԿ» ՓԲԸ-ն Լեռնաձոր գյուղից դուրս գտնվող իր լիցենզային տարածքում կատարում է ուրանի որոնողահետախուզական աշխատանքներ, այդ թվում` նաեւ կատարվում են ստուգողական հորատման աշխատանքներ հորատման սարքավորման միջոցով: Հարկ է նշել, որ վերոնշյալ աշխատանքները ոչնչով չեն տարբերվում մոլիբդենի, պղնձի, ոսկու եւ այլ որոնողահետախուզական աշխատանքներից: Որոնողահետախուզական փուլում գտնվող աշխատանքների դեպքում վաղաժամ եւ ճիշտ չէ խոսել ուրանի պաշարների տվյալների մասին: Ավելին` «ՀՌԼԿ» ՓԲԸ-ի գործունեությունը համապատասխանում է բոլոր միջազգային նորմերին, ինչպես նաեւ` գտնվում է ՀՀ կառավարությանն առընթեր Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի հսկողության ներքո»: Հիշեցնենք, որ 2008թ. փետրվարի 8-ին ՀՀ բնապահպանության նախարարության եւ Ռուսաստանի Դաշնության «Ռոսատոմ» ատոմային էներգետիկայի պետական կորպորացիայի միջեւ հուշագիր ստորագրվեց, որով ուրանի հանքաքարի երկրաբանական հետախուզման, արդյունահանման եւ վերամշակման ոլորտում համագործակցության հիմք դրվեց: Ըստ այդ հուշագրի` ՀՀ կառավարությունը պարտավորվեց Հայաստանի ամբողջ տարածքում ուրանի հանքաքարի երկրաբանական հետախուզման գործունեություն իրականացնել: Այդ նպատակով ՀՀ կառավարությունը սկսեց բանակցություններ վարել ռուսական «Ատոմռեդմետզոլոտո» ԲԲԸ-ի հետ` փակ բաժնետիրական ընկերություն հիմնադրելու նպատակով: Եվ արդյունքում հիմնվեց «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ն, որին էլ ՀՀ-ում ուրանի պաշարների հետազոտության եւ ուրանային հանքավայրերի շահագործման մենաշնորհ տրվեց: