«Կառավարությունն ամեն քայլափոխի խաբում է հասարակությանը»,- ասում է «Էկոլուր» հ/կ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը

06/12/2011 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

– Վերջերս հատկապես սոցիալական կայքերում մեծ ակտիվությամբ քննարկվում է Սյունիքի մարզի Քաջարան գյուղի տեղահանման հարցը, ավելի հստակ` Կառավարության` նշյալ տարածքը գերակա շահ ճանաչելու մասին որոշումը: Տեղացի բնապահպանների փոխանցմամբ` Քաջարանի տեղահանման լուրերը կեղծ են: Իրականում արդյո՞ք առկա է գյուղի տեղահանման խնդիրը:

– Դեկտեմբերի 1-ին Կապանի «Օրհուս» կենտրոնում այդ թեմայով կազմակերպել էինք քննարկում, որտեղ Քաջարան գյուղի բնակիչները նշել են, թե իրենք դառնում են «հարկադրված տեղահանվածներ»: Ընդ որում` նրանց այս արտահայտությունը տեղ է գտել «Քրոնիմեդ» ընկերությանն ուղղված նամակում («Քրոնիմեդ» գերմանական ընկերությանն է պատկանում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 60 տոկոս բաժնեմասը.- Մ.Մ.): Ի դեպ, նշեմ, որ մենք ֆիլմ ենք պատրաստել Քաջարանի գյուղացիների տեղահանման խնդրի վերաբերյալ: Ապրիլի 28-ին ՀՀ կառավարությունն ընդունեց որոշում, որով 5 համայնքների հողերը, այդ թվում` Քաջարան գյուղական համայնքի, ճանաչեց բացառիկ գերակա հանրային շահ: Այդ որոշման համաձայն` ՀՀ կառավարությունը Քաջարան գյուղի 181,7 հա հողը տալիս է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին: Այդպիսով` դրվում է այդ գյուղի գոյության կամ չգոյության խնդիրը: Բնապահպանական իմաստով` գյուղը, որն ունի 300 բնակիչ, անհամեմատ լավ վիճակում է, քանի որ գտնվում է Քաջարան քաղաքից փոքր-ինչ վերին հատվածում: Գյուղի բնակիչները նամակ էին ուղարկել ՀՀ կառավարությանը, որին իբր արձագանքեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը, սակայն այդ արձագանքը համազոր էր, այսպես ասած` ոչինչ չասելուն: Մինչդեռ գյուղի, ինչպես նաեւ` Սյունիքի մարզպետարանի, որը հայտարարել էր աշխատանքային խմբի ստեղծման մասին, շահերն անտեսվել էին: Փաստորեն, ԶՊՄԿ-ն Կառավարության հետ համատեղ անտեսել էին հանրային շահը: Իսկ սա ակնհայտորեն բիզնեսի շահ է:

– Քաջարան գյուղի տեղահանման մասին լուրերը տարածվել էին դեռեւս ամռանը, երբ կրկին խոսվեց գյուղի գերեզմանների հնարավոր ոչնչացման մասին: Ըստ մարզի բնակիչների` ԶՊՄԿ-ն պատրաստվում է պղնձաձուլարան կառուցել տվյալ տարածքում: Այս դեպքում չե՞ք կարծում, որ հնարավոր է կոմբինատը գյուղացիների հետ «բանակցությունների», ավելի հստակ` գյուղի բնակիչներին գումարներ տալու միջոցով «բանակցի»:

– Չնայած ԶՊՄԿ-ի ներկայացուցիչները հայտարարել էին գյուղացիների հետ բանակցությունների մասին, բայց գյուղը չի ուզում միջանկյալ որոշումներ, եւ այս պահին բնակիչների ցանկությունը ՀՀ կառավարության որոշումը չեղյալ համարելն է: Իսկ «Քրոնիմեդի» ներկայացուցիչը պարտավոր է գալ եւ խոսել գյուղացիների հետ, այլ ոչ թե խոսել մարզպետարանի կամ ԶՊՄԿ-ի ներկայացուցիչների հետ: Ուզում եմ ընդգծել, որ Հայաստանում «բացառիկ գերակա հանրային շահ» ձեւակերպումն օգտագործվում է բացառապես բիզնեսի կամ առանձին անձանց շահերի պաշտպանության համար: Այսինքն` հանրության շահերի մասին խոսք լինել չի կարող:

– Իսկ ովքե՞ր են այդ շահագրգիռ անձինք:

– Չեմ կարող ասել, թե ովքե՞ր են այդ շահագրգիռ անձինք, քանի որ նրանց անունները երբեւէ որեւէ տեղ չի հիշատակվել: Այս պահի դրությամբ ԶՊՄԿ-ն ունի 4 հիմնական բաժնետերեր, որոնցից խոշոր բաժնետեր է համարվում «Քրոնիմեդը»` բաժնեմասերի 60 տոկոսով: Ընդ որում` բաժնետերերի անունները որեւէ տեղ` նույնիսկ պաշտոնական կայքերում չկան: Այնտեղ կան պարզապես կոնտակտային հասցեներ, եւ պատահական չէ, որ համայնքի բնակիչները` «Քրոնիմեդին» հասցեագրված նամակում հարցրել են, թե ո՞վ է այն անձը, ով մեծ շահ ունի իրենց հողերից: Այստեղ բոլոր անունները թաքնված են, եւ ընկերություններն էլ աշխատում են ոչ թափանցիկ կարգով: Մինչդեռ Գերմանիայում նման գործելակերպն ուղղակի ընդունված չէ (հիշեցնենք, որ ԶՊՄԿ-ի բաժնեմասերի 60-ի բաժնետերը գերմանական «Քրոնիմեդ» ընկերությունն է.- Մ.Մ.), որտեղ անգամ 1մ հող չեն վերցնի` մինչեւ չլսեն սեփականատիրոջը: Իսկ մեզ մոտ, փաստորեն, կարելի՞ է: Ամեն դեպքում, մենք սպասում ենք նշյալ ընկերության արձագանքին: Իսկ այսօր մենք պարզապես կարող ենք թվարկել այն ընկերությունների անունները, որոնք բաժնեմասեր ունեն ԶՊՄԿ-ում` «Քրոնիմեդ», «ԶՊՄԿ», «Մաքուր երկաթ» եւ «Մոլիբդեն փրոդաքշն»: Ահա սրանք են գերշահույթ ստացող ընկերությունների անունները:

– Մյուս կողմից` Քաջարանից մի քանի կմ հեռավորության վրա գտնվող Լեռնաձոր գյուղում կրկին ակտիվացել են ուրանի պաշարների որոնողական աշխատանքները: Ավելին` ընկերությունը նոր տեխնիկա է տարել գյուղ: Սա` այն դեպքում, երբ նախորդ տարի ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը հայտարարել էր, որ ուրանի որոնողական աշխատանքները դադարեցվել են: Ինչպե՞ս հասկանալ սա:

– Լեռնաձորում ուրանի որոնողական աշխատանքների արդյունքում 7 հանքափոր արդեն արել են: Այս մասին վերջերս մեզ ասաց համայնքի ղեկավարը: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը պարզապես խաբել է մեզ: Վերջինս 1 տարի առաջ հայտարարեց, որ Լեռնաձորում ուրան չի հայտնաբերվել, իսկ աշխատանքներն էլ պետք է դադարեցվեն: Իսկ դա փաստաթղթային ձեւով չհաստատվեց: Երկու տարի առաջ մեր նկարահանած ֆիլմում հստակ ասել ենք, որ ռուսական այդ ընկերությունը չի ավելացնի իր աշխատանքների տեմպը, քանի որ իրենց աշխատանքների վերջնաժամկետը նախատեսված է մինչեւ 2015թ., երբ պարզ կլինեն մի քանի հարցեր, թե, օրինակ, ինչքան կլինի ուրանի գինը, եւ այլն: Ավելի կոնկրետ` նրանք ամեն ինչ գիտեն, եւ նրանց պետք չէ ուրան հայտնաբերել: Իսկ որոնողական աշխատանքները պարզապես արվում են հաշվետվություն ներկայացնելու համար: Ուրանային ծրագիրը մեծ ծրագիր է, որտեղ Խորհրդային Հայաստանը` Մեծամորի ատոմակայանով, ներառվեց դեռեւս Խորհրդային Միության ժամանակ, իսկ սովետական կարգերի փլուզումից հետո մենք կանգնեցինք լուրջ խնդրի առաջ: Իսկ այսօր ՀՀ կառավարությունը չի տիրապետում իրավիճակին, եւ այս պարագայում տիրապետող ուժը ՌԴ-ն է: Այսօրվա ամենամեծ ցավն այն է, որ հասարակությունը չի վստահում ՀՀ կառավարությանը, որովհետեւ ամեն քայլափոխի իրեն խաբում են: Դրա օրինակները բոլորն էլ գիտեն:

– Ուրանային նոր ծրագիր են սկսել նաեւ Վայոց ձորի մարզում, ավելի ստույգ` Ջերմուկից մի քանի կմ հեռավորության վրա: Նշենք, որ Ջերմուկից 10 կմ հեռավորության վրա` Ամուլսարում, ոսկու պաշարների հայտնաբերման երկրաբանական հետախուզական աշխատանքներ են ընթանում:

– Պետրոս Ալոյանի գիտական հոդվածում, որ տեղադրել ենք մեր կայքում, հստակ նշված են Հայաստանում ուրանային պաշարներով հարուստ վայրերի անունները: Կարող եմ ասել, որ Հայաստանում գրեթե ամեն տեղ կան ուրանի պաշարներ, օրինակ, Հանքավանում, Հրազդանում, Մեղրաձորում եւ այլն: Ամբողջ խնդիրն այն է, որ ուրանի սահմանները որոշող քարտեզ անգամ չկա, որը թույլ կտար հասկանալ, թե արդյո՞ք կարելի է հանք բացել նշված տարածքում, թե՞ ոչ: Մեր կառավարությունն ամեն ինչ անում է ճիշտ հակառակ ձեւով: Այսինքն` մինչ լիցենզիաների տրամադրումը, պետք է նախեւառաջ ունենալ վերոգրյալ հարցերի պատասխանները, ապա մտածել լիցենզիա տալու մասին:

– 1970-ական թթ. Լեռնաձորում, ըստ տեղացիների, ուրանի պաշարների հետախուզման ժամանակ մի գիշերվա ընթացքում մահացավ վրացական մի ամբողջ բրիգադ: Լեռնաձորցիների ասելով` այդ նույն գիշերը ռուսները հանքը փակեցին ու գնացին երկրից: Ինչո՞ւ հանկարծ վերսկսվեց ուրանային ծրագրի իրականացումը, ովքե՞ր են կանգնած այս ծրագրի ետեւում:

– Խորհրդային Միության ժամանակ ուրանային ծրագիրն ամենափակ ծրագրերից մեկն էր, իսկ եթե այսօր պետական պաշտոնյաներից որեւէ մեկը պնդի, թե այդ ժամանակ զոհեր չկային, դա պարզապես կլինի նրանց տեղեկացված չլինելու հետեւանքով: Այս պահի դրությամբ Հայաստանում կան 30 մետաղական հանքավայրեր, որոնցից 22-ն ունի շահագործման արտոնագիր: Ընդ որում` հանքերի շահագործումը բացառապես կատարվում է գերեկամուտ ստանալու նպատակով` հաշվի չառնելով շահագործման անհրաժեշտ կանոնները, երբ մի կողմից վերցնում են մետաղը, իսկ մյուս կողմում թափում են դատարկ ապարները: Նրանց պետք է միայն տարածքը, ինչի հետեւանքով կորցնում ենք մեր հողերը: Իսկ դա կատարվում է ՀՀ կառավարության ոչ թե «թեթեւ», այլ բավական «ծանր» ձեռքով:

– Փաստորեն, այդ գործելակերպն արագացնելու նպատակով էլ երեկ ԱԺ-ն ընդունեց «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրինագիծը, եւ այսուհետ փորձաքննությունը կանցկացվի ոչ թե նախկին 120 «երկար ու ձիգ» օրերի, այլ ընդամենը 60 օրվա ընթացքում, այո՞:

– Ամբողջ խնդիրը դա է, եւ նշյալ օրենքում կատարված բոլոր փոփոխությունները միանշանակ հաստատեցին մեր առանց այն էլ վատ «փորձաքննությունների» առկայությունը, որտեղ փաստացի որեւէ կարգ սահմանված չէ: Անգամ դժվար է առանձնացնել այդ օրինագծի կետերը, որոնց մասին հանգամանորեն խոսեցին բնապահպանները: Օրինագիծը հակասում է թե՛ «Օրհուսի», թե՛ ԷՍՊՈ-ի կոնվենցիաներին: Չնայած ինչի՞ մասին է խոսքը, եթե ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հայտարարեց, որ այդ փոփոխություններն արվում են բիզնեսի բարելավման համար: Իսկ դա նշանակում է, որ Բնապահպանության նախարարն ուղղակի չի կատարում իր պարտականությունները:

– Եվ ո՞րն է ելքը:

– Կարծում եմ` եւ՛ օրենքը, եւ՛ իրավիճակը, եւ՛ ընդհանրապես ամեն բան հարվածելու է ժողովրդին, եւ դա արդեն կարելի է տեսնել որոշ համայնքներում, ինչի պատճառը սոցիալական մեծ լարվածությունն է: Եթե ՀՀ իշխանություններն, ի վերջո, չգիտակցեն մեր երկրի կորուստները` հողերի, ջրի եւ այլն, մենք վերջնականապես կկորցնենք մեր երկիրը: Իսկ նրանց մնում է հետահայաց նայել ամեն ինչին` այն իրավիճակին, որն իրենք ստեղծել են: