«Ապամոնտաժե՛ք օպերայի շրջակայքի անճաշակությունները»,- Երեւանի քաղաքային իշխանություններին կոչ են անում երեւանցիները

06/12/2011

Շաբաթ օրը` դեկտեմբերի 3-ին, Երեւանի Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցներն այցելել են Աբովյան փողոցում գործող «Փարիզյան սուրճ» սրճարան եւ ասել, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ սրճարանի բացօթյա հատվածը պետք է քանդեն: Սրճարանի բացօթյա հատվածն արդեն ապամոնտաժվել է: Այս փաստը երեւանցիների զայրույթն է առաջացրել: Նախ` այն պատճառով, որ «Փարիզյան սուրճ» սրճարանը վաղուց արդեն` 16 տարի շարունակ, երեւանցիների ամենասիրելի վայրերից է, քաղաքի այցեքարտերից մեկն է դարձել, եւ ամենակարեւորը, այն Երեւանի, թերեւս, եզակի բացօթյա սրճարաններից է, որը քաղաքի արտաքին տեսքը չի վնասել, չի այլանդակել Աբովյան փողոցը: Facebook սոցիալական ցանցում մարդկանց խումբ է ձեւավորվել, ովքեր դեմ են Երեւան քաղաքի մի մաս դարձած այդ սրճարանի ապամոնտաժմանը: Սրճարանի սեփականատեր, ֆրանսահայ գործարար Աշխեն-Վալերի Գործունյանը երեկ լրատվամիջոցների հարցին ի պատասխան` ասել է, որ չի կարող պայքարել ոչ քաղաքապետի դեմ, ոչ էլ օրենքի. «Քաղաքապետ Տարոն Մարգարյանը որոշել է, որ պետք է Աբովյան փողոցը մաքրվի: Մենք չուզեցինք խնդիր ստեղծել եւ սկսեցինք ինքներս հանել: Բացօթյա սրճարանի մի մասն արդեն ապամոնտաժված է, մյուսը դեռ շարունակում է գործել, սակայն, թաղապետարանի աշխատակիցներն ասել են, որ պետք է ազատվի ամբողջ տարածքը»: Ըստ Վալերի Գործունյանի` նա ընդունելության խնդրանքով դիմել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որպեսզի հասկանա, թե ինչու հենց «Փարիզյան սուրճը» պետք է քանդվի: Ըստ գործարարի` եթե սրճարանի բացօթյա հատվածը փակվի, ապա ինքը չի կարողանա եկամուտ ունենալ միայն փակ տարածքի հաշվին, եւ, արդյունքում, սրճարանը կփակվի: Ամիսներ առաջ, դեռեւս քաղաքապետ Կարեն Կարապետյանի օրոք, քաղաքապետարանում որոշում էր կայացվել` Աբովյան փողոցի ընդարձակ մայթն ազատել տարբեր խանութներից ու սրճարաններից: Մինչ երեւանցիները քննարկում էին, թե արդյոք օրենքը կկիրառվի՞ այդ փողոցի մեծ ու փոքր խանութների, օբյեկտների նկատմամբ, որոնք պատկանում են ազդեցիկ գործարարների, քաղաքական գործիչների, նորընտիր քաղաքապետ Տ. Մարգարյանն այդ որոշումը սկսեց իրականացնել, սակայն, բոլորովին սխալ քայլ նախաձեռնելով: «Փարիզյան սուրճը» երբեւէ բնակիչների անցուդարձին չի խանգարել, եւ Աբովյան փողոցի թերեւս միակ բացօթյա սրճարանն է, որը մարդկային, եվրոպական ոճի եւ շատ ճաշակով ձեւավորում ունի: Ավելին, Աբովյան փողոցի այդ հատվածն, ի տարբերություն մյուս սրճարանների սեփականատերերի, «Փարիզյան սուրճի» սեփականատերն էր կանաչապատում, խնամում: Այս սրճարանում էին հավաքվում քաղաքի մտավորականները, օտարերկրացի հյուրերը: Facebook-ում սրճարանի մշտական այցելուները բողոքի ձայն են բարձրացնում` քաղաքային իշխանություններից պահանջելով իրենց վերադարձնել սիրելի սրճարանը: Ներկայացնենք երեւանցիներից մի քանիսի կարծիքները սրճարանի ապամոնտաժման կապակցությամբ: Եվ այսպես.

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի եղբայրը` իրավաբան Վահան Հարությունյանն, այս առիթով գրում է. «Մոտեցումը պետք է նույնական լինի բոլորի համար: Մեկի համար «Փարիզյան սուրճ» սրճարանի բացօթյա հատվածն է դարձել «իր» քաղաքի մաս, իսկ մյուսի համար` իր տան անկյունում գտնվող գյուղատնտեսական ապրանքների կրպակը… Հավանաբար երկուսն էլ նախկինում արտոնվել են քաղաքապետի կամ քաղաքի գլխավոր ճարտարապետի կողմից, որը դրանց միջեւ որեւէ տարբերություն չի տեսել: Ի դեպ, ես էլ այդ երկուսի միջեւ շատ մեծ տարբերություն չեմ տեսնում, բայց ի տարբերություն քաղաքապետի կամ քաղաքի գլխավոր ճարտարապետի, ես չէի թույլատրի կառուցել թե մեկը, եւ թե մյուսը»:

Խմբի անդամ Արա Պետրոսյանը գրում է. «Փարիզյանը cafe ա բառի բուն իմաստով, անցորդներին չի խանգարում, ներգծված ա փողոցի մեջ, ներդաշնակ ա, նույնիսկ թփեր են աճացնում, կանաչ ա: Եվրոպական բոլոր իսկական սրճարանները հենց տենց են, ոնց որ փողոցի մի մաս լինեն, ոչ թե մեր այգիների քյաբաբնոց-սրճարանների նման… ուղղակի հարցն էն ա, որ փարիզյանը որեւէ օլիգարխի չի պատկանում…»:

Միքայել Զոլյանը միանալով Facebook-յան խմբին, գրում է. «Կաֆեները ապամոնտաժում եք, օպերայի կաֆեները ապամոնտաժեք, կամ էլ էն Խանջյանի վրայի Հին Հռոմը ապամոնտաժեք, «Փարիզյան Սուրճը» ո՞ւմ ա խանգարում, որ ապամոնտաժում եք»:

Ազգագրագետ Աղասի Թադեւոսյանը ոչ միայն միացել է «Ես դեմ եմ քաղաքի մի մաս դարձած «Փարիզյան» սրճարանի ապամոնտաժմանը» խմբին, այլեւ իրենց երեւանցի համարողներին կոչ է անում միանալ այս բողոքին ու պահանջել քաղաքապետարանից ինքնագլուխ քայլերից հրաժարվել. «Փարիզյան սուրճը», Երեւան քաղաքի քաղաքային մշակույթ հաղորդող եզակի սրճարաններից է եւ չի կարելի այն ապամոնտաժել: Դա ոչ թե մանրավաճառի կրպակ է եւ ոչ էլ ռաբիս երաժշտություն ու հրավառություններ կրակող օբյեկտ: Եթե իրոք քաղաքապետարանը նման որոշում է կայացրել, ապա դա ծայրահեղ սխալ ու չմտածված որոշում է: Սկսեք ավելի լավ է Օղակաձեւ զբոսայգու եւ Նոր Նորքի ճանապարհի, Հրազդան ձորի անճոռնի շինությունների ապամոնտաժումից: Փարիզյանը Երեւանին քաղաքակիրթ շունչ հաղորդող սրճարան է, եւ այն ոչ թե պետք է քաղաքային իշխանությունների կողմից նման ստանդարտիզացված մոտեցման արժանանա ու ապամոնտաժվի, այլ հակառակը, Երեւանի քաղաքային մշակույթը զարգացնելու հիմնադիրին եւ սեփականատիրոջը պետք է խրախուսել, որ նա նման սրճարանների ցանց բացի քաղաքի տարբեր հատվածներում: Նորից եմ կրկնում` ապամոնտաժեք Օպերայի շրջակայքի անճաշակությունները, սրճարաններից սկսած` վերջացրած ամոթալի բատուտներով ու այլ ցածրաոճ ու ցածրաճաշակ երեւույթներով: Երեւանում շատ բան կա ապամոնտաժելու ու փոխարենը` «Փարիզյանի» նման սրճարաններ հիմնելու: Ես առաջարկում եմ իրեն երեւանցի համարողներին միանալ այս բողոքին ու պահանջել քաղաքապետարանից ինքնագլուխ քայլերից հրաժարվել: Երեւանի կառավարումը պետք է մասնակցային լինի, եւ մենք` երեւանցիներս, պետք է մասնակցենք այնպիսի որոշումների քննարկմանն ու ընդունմանը, որոնք վերաբերում են մեր առօրյային, ժամանցին եւ կյանքին ընդհանրապես»,- գրում է Ա. Թադեւոսյանը: Առհասարակ, Հայաստանում գործունեության հետաքրքիր ձեռագիր է ուրվագծվել, որին որեւէ անվանում տալը չափազանց դժվար է: Երեւան քաղաքի օրինակով մեկնաբանենք ասվածը. գալիս է մի քաղաքապետ ու այսինչ սրճարանի կամ օբյեկտի գործունեության, կառուցապատման թույլտվություն է տալիս, պայմանագիր կնքում: Կարճ ժամանակ անց գալիս է մյուս քաղաքապետը, «հեչ` չեղյալ է» համարում նախորդի կայացրած որոշումը, եւ նույնպիսի թույլտվություն է տալիս բոլորովին այլ մարդկանց` իր յուրայիններին: Հետո գալիս է մյուս քաղաքապետը… ու… նույն պրոցեսը կրկնվում է… Եթե նույնիսկ «քաղաքի շահերից բխող» որոշում է կայացվում, ապա հարկ չեն համարում մինչեւ որեւէ կտրուկ քայլի դիմելը տվյալ ընկերության հետ հարցը քննարկել եւ օպտիմալ որոշում կայացնել: Ի վերջո, մարդիկ ներդրումներ են կատարում: Իհարկե, այդ «կտրուկ» որոշումների զոհ, որպես կանոն, չեն դառնում բարձրաստիճան պաշտոնյաների անճաշակ օբյեկտները կամ բիզնեսները:

Երեկ մենք կապվեցինք «Փարիզյան սուրճ» սրճարանի տիրուհու` Վալերի Գործունյանի հետ` պարզելու, թե երբ է տեղի ունենալու քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ ընդունելությունը, որը նա խնդրել էր: Պարզվեց, որ քաղաքապետարանից դեռեւս որեւէ արձագանք չի եղել։ «Բայց ես միշտ հույսս չեմ կորցնում, հավատում եմ, որ հանդիպումը կլինի»,- ասել է սրճարանի տիրուհին:

Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ