Ինչպես շախմատում, այնպես էլ քաղաքանության մեջ լինում են փորձառու եւ սկսնակ խաղացողներ, տաղանդավորներ եւ միջակություններ: Բայց երկու դեպքում էլ թե խոստումնալից սկսնակները, եւ թե ապաշնորհ միջակությունները ձգտում են խաղալ բարձր կատեգորիա ունեցող մրցաշարերում: Այդ մրցաշարերում մեծաթիվ անվանի գրոսմայստերներ են խաղում: Գրոսմայստերների հետ խաղալով մի մասն ուզում է բարձրացնել խաղային իր մակարդակը, իսկ մյուս մասը, երեւալով միջազգային գրոսմայստերների կողքին, ուզում է շրջապատին ցույց տալ, թե ինքն էլ ինչ-որ բան է իրենից ներկայացնում: Համեմատենք սահմանադրական փոփոխությունների գործընթացն այդպիսի մի մրցաշարի հետ: ՀՀ նախագահի եւ կոալիցիայի կողքին՝ մի կողմից, եւ «ոչ» կամ «բոյկոտ» քարոզողների կողքին՝ մյուս կողմից, արդեն մեկ ամիս է, ինչ սկսել են խաղալ ուժեր եւ անհատներ, որոնք ուզում են բարձրացնել իրենց անհատական գործակիցը: Որքանով դա նրանց կհաջողվի, ցույց կտան մրցաշարի արդյունքները: Սակայն նման դեպքերում փորձը ցույց է տալիս, որ նրանցից շատերն անհաջողության են մատնվում: Եվ ընդամենը մեկ-երկու հոգու է հաջողվում աչքի ընկնել եւ սեփական ռեյտինգը բարձրացնել:
Եթե ուշադրություն դարձնեք, կտեսնեք, որ գրոսմայստերներից շատերին այդ մրցաշարերը, խոշոր հաշվով, պետք չեն: Մեր պարագայում էլ, երբ հնչում են այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են «աշխարհը շուռ չի գա», «կարեւորը ոչ թե «այո»-ն կամ «ոչ»-ն է, այլ ժողովրդի կամքը», պարզ է դառնում, որ, իրականում, հայազգի միջազգային գրոսմայստերներին այդքան էլ չեն հետաքրքրում հանրաքվեի արդյունքները: Ուղղակի ՖԻԴԵ-ի(միջազգային կառույցների՝ Եվրախորհրդի, գերտերությունների եւ այլն) խնդրանքով կամ պարտադրանքով հերթական մրցաշարն է անցկացվում: Քարոզարշավին հետեւելով, կարելի է համոզվել, որ սպորտի իշխանամետ վարպետների ու միջազգային վարպետների համար, որոնք խաղում են ընդդիմադիր գրոսմայստերների հետ, սա լավագույն առիթ է հեռուստաեթերում եւ մամուլում հաճախ երեւալով՝ պոպուլյար դառնալ: Իսկ իշխանական թիմի գրոսմայստերները կամ դատավորների կազմում են, կամ մարզիչների, կամ էլ ընդհանրապես չեն հետաքրքրվում այս մրցաշարով: Կարծում եմ, որ նրանց համար սա ընդամենը մոտեցող մրցաշարերի նախապատրաստական փուլ է: Իսկ, որ հաջորդ մրցաշարը լինելու է շատ ավելի ներկայացուցչական, այդ մասին արդեն իսկ խոսում են բազմաթիվ փաստեր: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանդիպել է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Էվանսը քարոզում է հայ ֆերմերներին, նախագահի նստավայրում քարոզարշավի միջոցով իր դիրքերն է ամրապնդում Գառնիկ Իսագուլյանը, Իրանը փորձում է օգտագործել իրենց ունեցած ռեսուրսն՝ ինչպես Արտաշես Թումանյանի այցի տեսքով, այնպես էլ՝ նոր ուժերի ստեղծմամբ: Դե, իսկ Ռուսաստանն այստեղ ունի ընդմիշտ շահագրգռվածություն:
Չնայած այս մրցաշարում ընդդիմության կազմում խաղում են գրոսմայստերներ, սակայն պարզ է, որ նրանց համար էլ այս մրցաշարն ունի նախապատրաստական նշանակություն: Որովհետեւ որքան էլ ակտիվ լինի նրանց հայտարարած բոյկոտը, կարծում եմ, որ քաղաքականության մեջ բոյկոտն ինքնին չի կարող ակտիվ խաղաոճ համարվել: Այս պարագայում պարզ է դառնում, որ ընդդիմության շարքերում էլ հանրաքվեից հետո շատ-շատերը կկորցնեն իրենց առանց այն էլ ցածր վարկանիշային միավորները: Իհարկե, նրանցից մեկ-երկուսը շահած դուրս կգան այս իրավիճակից:
Մի քանի շաբաթ առաջ նշել էի, որ հանրաքվեից հետո Հայաստանում ոչ մի հեղափոխություն չի կարող լինել (հիմա էլ եմ դա պնդում), բայց ինչ-որ պրոցեսներ, այնուամենայնիվ, սկսվել են: Ինչպես իշխանամետ, այնպես էլ ընդդիմադիր դաշտում առավել ճանաչված գրոսմայստերները միաժամանակյա խաղի սեանսներ են տալիս թե ներքաղաքական, թե աշխարհաքաղաքական դաշտում: Եվ եթե ներքաղաքական դաշտում այդ սեանսներում նրանք կունենան մեծ հաջողություններ (որովհետեւ այդ գրոսմայստերների եւ նրանց մրցակիցների խաղային մակարդակը շատ տարբեր է), ապա արտաքին դաշտում շատ դժվար է լինելու, քանզի նրանք փորձում են միաժամանակ խաղալ իրենց չզիջող (եթե ոչ իրենցից բարձր) միջազգային կարգի գրոսմայստերների հետ: Համոզվելու համար, կարելի է ուշադրություն դարձնել ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի վերջին մարշրուտին՝ Սանկտ-Պետերբուրգ, այնտեղից՝ ամերիկամետ Ուկրաինա (որի նախագահ Վ. Յուշչենկոն, ի դեպ, վերջերս հրաժարվեց հանդիպել Իլհամ Ալիեւի հետ), հետո՝ Ալբանիա: Հետաքրքիր է, ա՞յս անգամ ինչ է գցվելու մամուլ ԱԺ խոսնակի հանդիպումների մանրամասներից (որոնք Ա. Բաղդասարյանը չի շտապում հերքել):
Մի բան պարզ է, ինչպես շախմատում, այնպես էլ քաղաքականության մեջ հաղթում է նա, ով ավելի շատ քայլ առաջ է մտածում: Սա, իհարկե, վերաբերում է չեմպիոնի կոչման իսկական հավակնորդներին: Իսկ մնացածն այսօր ավելի շատ հիշեցնում են սիրողական խաղացողների, որոնք այգիներում շախմատ են խաղում, սակայն բուքմեյքերական կետերում խաղադրույքներ են դնում այս կամ այն խաղացողի վրա: Բնական է, որ թե հավակնորդների թիմերը, թե օլիգարխներն ուզում են ճիշտ կանխագուշակել ապագա հաղթողին, որպեսզի առնվազն չկորցնեն իրենց կատարած խաղադրույքները: Սակայն, կարծում եմ, որ ամենաշատն այս հարցում շահագրգռված են «իշխանության կուսակցության» ներկայացուցիչները, որոնց համար էական չէ, թե ո՞վ է լինելու ղեկավար, որովհետեւ անկախ ապագա ՀՀ նախագահի անձից, նրանք ցանկանում են միշտ լինել իշխանության միջանցքներում: Նրանց համար ամենակարեւորն է՝ առավել շուտ կանխագուշակել, թե ով է հաղթելու ապագա պայքարում: Եվ քանի որ, որպես կանոն, այդ կարգի մարդիկ չեն սխալվում (երեւի նրանց վեցերորդ զգայարանը շատ ուժեղ է զարգացած), ապա ուշադիր հետեւեք, թե ում վրա են իրենց խաղադրույքը դնում կոմունիստից՝ ՀՀՇ, ՀՀՇ-ից՝ «Երկրապահ», «Երկրապահից»՝ Հանրապետական, կամ «Օրինաց երկիր», կամ հայրենակցական որեւէ միություն տեղափոխված մարդիկ: Հավատացնում եմ Ձեզ, չեք տուժի: