Ասում է ծայրահեղ աղքատության մեջ ապրող 8-ամյա Մարիամը: Նա մեր այցելության ամբողջ օրը, ինչպես սովորաբար լինում է` դարձյալ ոչինչ չէր կերել:
«Նախագահին որ տեսնես` հանկարծ իրան չասես, որ ես հաց չունեմ ուտելու, կասես, որ քո նման չեմ սիրում էդ ժամերին ուտել»,- մեր լրագրողի հետ զրույցում ասել էր փոքրիկ աղջնակը:
Ռետինե իրերի` կրակից եռացող վառարանի ծուխը սեւ մշուշ է կապել Վարդաշենի հանրակացարանի բնակիչ Ռուզանի տանը: Սենյակի ծուխն ու գարշահոտը քթիդ մեջ ծորալով` կյանքը դարձնում են անդուր ու անիմաստ: «Ռուզանը տանը չի»,- սեւ «մառախուղի» միջից ուրվագծվում է մեծ աչքերով մի փոքրիկ աղջնակ: «Բա ո՞ւր ա, պայմանավորվել էինք, որ պետք է գամ: Եկել-հասել եմ աշխարհի ծերը, իսկ ինքը տանը չի»,- բարկացած հարցնում եմ մեծ աչքերով փոքրիկ աղջկան, ով այնքան խոր հոգոց է հանում, որ սկսում է ծխից խեղդվել: Ձեռքիցս բռնելով` մեծավարի ինձ ուղեկցում է դեպի բազմոց, որի վրայի մրի սեւ շերտից կտորի իրական գույնը չի երեւում: «Դու ինչ ջղայն ես… Ախր մամաս գնա փողոցներից վառելի՞ք գտնի, թե՞ քեզ սպասի: Եթե քեզ սպասեր` կսառեինք: Մամաս տանը չի, բայց կարամ ես խոսամ իրա փոխարեն: Ես նիհար ու փոքր եմ, բայց կարամ մեծավարի խոսամ»,- ասում է երրորդ դասարանցի Մարիամը` հանդիսավոր կերպով տեղավորվելով իմ դեմ դիմաց: Մարիամի գեղեցիկ դիմագծերը խեղաթյուրվել են վառարանի սեւ մրից, իսկ հագուստը, որով դպրոց է հաճախում, հավանաբար միակն է, որը նույնպես մրից կորցրել է իր երբեմնի գույնը: Սենյակում այս ու այն կողմ քայլող մի աղջիկ էլ կա, ով, ինչպես իմ հարցերին պատասխանող Մարիամն է ասում` իր քույրն է` 24-ամյա Ռիտան: Չի պատասխանում հարցերիս, գլուխը շփոթված օրորում ու կարմրում է: Ռիտան չափազանց կաշկանդված է, ուզում է աննկատ մնալ: «Ինքը չի հասկանում, դու ինձ հարցրու»,- ասում է Մարիամը` վստահեցնելով, որ քույրը լսողության հետ կապված խնդիր ունի եւ կակազում է: Ռիտան գեղեցիկ աղջիկ է ու լռությամբ ցանկանում է մարդկանց վրա լավ տպավորություն թողնել, քանի որ, երբ փորձում է խոսել` մարդիկ ջղաձգվում ու ձանձրանում են: 8-ամյա Մարիամն ասում է, որ 24-ամյա իր քրոջ համար աշխատանք է փնտրում, բայց մշտապես հիասթափություն է ապրում: Նեղսրտած ասում է` «Երեք հատ տեղ եմ քույրիկիս հետ գնացել, որ աման լվացող աշխատի: Ասում են` մենք ձեզ կզանգենք, բայց չեն զանգում: Հա, ինքը չի լսում, բայց շատ լավն ա ու աշխատասեր ա: Մտածում եմ, որ աման լվանալուց խլությունը չի խանգարի»: Շշմելու չափ խելացի ու ժամանակից շուտ մեծացած այս երեխան մեծ քրոջ ձեռքը բռնած` դիմում է գործատուներին, համոզում է, որ վատ լսողություն ունեցող մեծ քրոջն աշխատանքի ընդունեն: Վիրավորված ասում է` «Բայց գիտես ի՜նչ լավն ա քույրիկս, շատ եմ սիրում իրան: Գոնե աշխատեր` հացի դրամ կունենայինք: Մի քիչ նեղվում եմ, որովհետեւ մամաս իրան ասում ա` աշխատի, բայց իրան ոչ ոք չի ընդունում աշխատանքի: Ես գալիս եմ, մամայիս ասում եմ, որ իրան տարել եմ աշխատանքի ընդունելու, բայց…»: Ռիտան ուշադիր հետեւում է քրոջ շրթունքների շարժումներին եւ գլխով հաստատում է նրա ասածը: Հետո կիսատ-պռատ բառերը մի կերպ իրար կցմցելով ասում է` «Շատ եմ ուզում աշխատեմ, աման լվանամ, հացի փող բերեմ»:
Ռուզանի տանը մի հին բազմոց, բազկաթոռ ու պահարան կա, որի վրա հանդիսավոր կերպով մի ժանգոտ տաշտակ է դրված: Փոքրիկ սեղանի վրայի կոտրատված սպասքեղենն իր դարն ապրած, հոգնած-մաշված է: Երկու աղջիկների մայր Ռուզանի տանը հացի փշուր անգամ գոյություն չունի: Մարիամին հարցնում եմ` «Էսօր հաց կերե՞լ ես»: «Հա՛, կերել եմ»,- մի տեսակ վիրավորված, մի քիչ էլ չարանալով` պատասխանում է աղջիկը: «Ի՞նչ ես կերել»,- հետաքրքրվում եմ: Երկար ժամանակ մահճակալին զգաստ ու հպարտ կեցվածքով նստած Մարիամը տեղից վեր թռչելով` համարյա վազքով սենյակի մի ծայրից մյուս ծայրն է գնում: «Մի րոպե սպասի, հարցնում եմ` ի՞նչ ես կերել»,- կրկին դիմում եմ Մարիամին: Նստելով մահճակալին` արհամարհանքով շպրտում է` «Ամեն ինչ էլ կերել եմ»: Ռիտան, կարմրելով, շրջվում է դեպի պատուհանը: Մարիամը լարված, ջղագրգիռ է ու այլեւս ինձ չի համոզում մնալ իրենց մոտ, հավանաբար ուզում է` վայրկյան առաջ հեռանամ ու իմ հարցերով չտանջեմ իրեն: «Ինչ ուզել եմ` կերել եմ: Մենք հաց ունենք, ամեն ինչ էլ ունենք ու ոչ մի բանի կարիք չունենք»,- բարկացած տոնով ասում է փոքրիկ Մարիամը, ով քիչ հետո խոստովանում է, որ թեեւ օրը վերջանում է, բայց ինքը ոչ նախաճաշել, ոչ էլ ճաշել է: «Դու ինձ հանկարծ չխղճաս, հա,- սպառնում է Մարիամը,- ես քեզնից կնեղանամ ու հետդ կյանքում չեմ խոսա»: «Չէ՛, ի՞նչ ես ասում, ինչի՞ պիտի խղճամ, ես էլ առավոտից հաց չեմ կերել, չեմ սիրում էդ ժամերին ուտել»,- պատասխանում եմ Մարիամին, ում աչքերը սկսում են փայլել, ու ինձ արդեն ընկերուհի է անվանում: Ռիտան գլխով հաստատում է, որ Մարիամն առավոտից քաղցած է: Ասում եմ` «Մամադ չեկավ, չեմ կարող սպասել, պիտի գնամ»: «Չէ, չէ, դու մի գնա, ես կխոսամ: Ախր չես հավատո՞ւմ, որ մեր տանը մենակ ես եմ խոսում ու մենակ ես եմ ուրախ: Քույրիկս չի խոսում, որովհետեւ չի կարողանում խոսալ, իսկ մամաս շատ նեղված ա, դրա համար չի խոսում: Մեր տանը, որ մարդ ա գալիս` ես եմ մենակ խոսում»,- վստահեցնում է Մարիամն ու նորից ձեռքս բռնած ինձ տեղավորում է մրոտ բազմոցին: Այս փոքրիկ աղջիկը գերազանց գնահատականներով սովորում է երրորդ դասարանում: Սնվում է հազարից մեկ, լողանում է հազարից մեկ, բայց դասերը պարտաճանաչ կերպով ամեն օր սովորում է: «Ուզում եմ բժիշկ դառնամ, բայց ոչ էն բժիշկներից, որոնք դեղեր են նշանակում»,- ասում է: «Բա ո՞ր բժիշկներից»,- հարցնում եմ: «Էն, որ մարդկանց հետ խոսում են, ծիծաղում են, մարդկանց տրամադրությունը բարձրացնում են: Այսինքն` առանց դեղերի բուժող բժիշկ, էն, որ մարդկանց սիրելով են բուժում, էլի: Ես զգացել եմ, որ, երբ մարդկանց սիրում ես, լսում ես` իրանք լավանում են: Ես փոքր եմ, բայց հիմիկվանից բուժում եմ, օրինակ` մամայիս, քրոջս էնքան եմ սիրում, խոսում եմ, բան եմ անում, ու իրանք սկսում են ծիծաղել, լավանալ: Մի բան էլ էի ուզում դառնայի, է… Ի՞նչ էր, ըմմմմմ, մոռացա, է: Սպասի մտածեմ»,- աչքերը դեպի առաստաղ ուղղած` Մարիամը մտածում է: «Մտածեցի՞ր»,- հարցնում եմ: «Չէ, սպասի մի քիչ էլ մտածեմ»: Բոլորս սպասում ենք, որ Մարիամը մտածի, թե բժիշկ դառնալուց բացի, ինչ էր ուզում ապագայում դառնալ: «Հա՛, հիշեցի, մեկ էլ ուզում եմ դատավոր դառնամ: Գիտե՞ս, ես սաղին սիրում եմ, բայց Հայաստանի նախագահին չեմ սիրում: Եթե բժիշկ չդառնամ ու դատավոր դառնամ` անպայման նախագահին կդատեմ»,- ասում է Մարիամն, ով լինելով պայծառ ու ուրախ մարդ, էս կյանքում մենակ նախագահին չի սիրում ու ամենախիստ դատավճիռը նախատեսել է Հայաստանի նախագահի համար: «Ինչո՞ւ, նախագահը քեզ ի՞նչ ա արել»,- հարցնում եմ: «Ի՞նչ ա արել, ոչ մի բան չի արել: Նախագահը ինձ ոչ մի բան չի արել: Երբ որ մեր տելեվիզըրը աշխատում էր` ես տեսնում էի, որ ինքը Հայաստանի մասին խոսում էր: Ինքը չգիտի, որ ես Հայաստանում եմ ապրում, քույրիկս լավ չի լսում, ու իրան ոչ մեկը չի ուզում ընդունի աման լվացողի գործի, իսկ մամաս էլ փողոցներից վառելիք ա հավաքում: Ես էլ խաբում եմ, որ մենք հաց ունենք ուտելու: Հանկարծ դու իրան չասես, որ ես հաց չունեմ ուտելու, կասես, որ քո նման չեմ սիրում էդ ժամերին ուտել: Հա՜, ես իրան հաստատ կդատեմ»,- ասում է Մարիամն ու շրթունքները պինդ սեղմում է: Ասում է, որ բազմաթիվ ընկերներ, ընկերուհիներ ունի, բայց քիչ է շփվում նրանց հետ, որովհետեւ իր կարիքն ամենաշատն իր տան անդամներն ունեն: Հարցնում եմ` «Իսկ Նոր տարուն սպասո՞ւմ ես»: Անտարբեր պատասխանում է` «Հա՜, բայց դե Նոր տարին էլ նույն օրերի նման ա անցնում: Ձմեռ պապիկ էլ չկա, որովհետեւ ով նվեր ունի` դնում ա իրա երեխայի բարձի տակ ու խաբում ա, որ Ձմեռ պապն ա բերել: Մենք Ձմեռ պապիկ չունենք, որովհետեւ սաղ աղջիկ ենք, պապա էլ չկա»: «Իսկ ի՞նչ երազանք ունես»,- հարցնում եմ: «Երազում եմ, որ մամայիս, քույրիկիս բարձի տակ լիքը մրգեր, սոկեր ու կանֆետներ դնեն, որ իրանք ուրախանան»,- պատասխանում է: «Բա քո՞ բարձի տակ…»,- հարցնում եմ: «Ես բարձ չունեմ: Համ էլ ուզում եմ մամաս ու քույրիկս ուրախ լինեն: Ես հոգնում եմ շատ ուրախացնելուց»,- մի քիչ տխրելով ասում է Մարիամն ու տետրը աթոռին դնելով` սկսում է դպրոցի գրավոր առաջադրանքները կատարել: «Միշտ աթոռի վրա՞ ես դասերդ սովորում»,- հարցնում եմ: «Հա՜, սեղան չկա, համ էլ հարմար ա, սովորել եմ: Էլի սկսեցիր ինձ խղճա՞լ»,- լացակումած ասում է: «Չէ՜, ի՞նչ ես ասում, էդպես հավես ա, ես գիտեմ»: Մարիամն ինձ ստիպում է խոստանալ, որ հաճախ կգնամ իրեն հյուր: Հետո էլ ինքն է խոստանում, որ երբ բժիշկ կամ դատավոր դառնա` ինձ չի մոռանա: