Դերասան Արմեն Ջիգարխանյանը հարցազրույց է տվել «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությանը: Հարցին, թե` ինչո՞ւ են լռում մշակույթի եւ արվեստի սփյուռքահայ ներկայացուցիչները, երբ Հայաստանը գտնվում է ողբերգական վիճակում, Ա. Ջիգարխանյանը պատասխանել է, թե խոսելը հասարակ գործ է, եւ ինքն արդեն երիտասարդ տղա չէ, որ «շուխուր» անի: Դիտարկմանը, թե Վարդուհի Վարդերեսյանի խոսքով` ով լռում է, մտավորական չէ, Ա. Ջիգարխանյանը պատասխանել է. «Չէ, չէ, չէ, չէ, չէ: Կան մարդկային հարաբերությունները, որոնք չափազանց բարդ են»: Հարցին, թե արդյո՞ք կարելի է այնպես, ինչպես Հայաստանում է, ԽՍՀՄ ժողովրդական արտիստը պատասխանել է. «Չգիտեմ, որովհետեւ մենք խնդիրների մասին գիտենք կողքից: Ճիշտ է, կան խնդիրներ, ուրեմն դրանք ինչ-որ մեկը լուծում է: Դրա համար մենք ընտրում ենք իշխանություններին»: «Չենք լռելու»-ի դիտարկմանը, թե` «Հայաստանում ընտրություններն ավանդաբար կեղծվում են», Ա. Ջիգարխանյանը պատասխանել է. «Բալիկ ջան, իսկ ի՞նչ անենք ես ու դու»: Իսկ հարցին էլ, թե ինչո՞ւ անվանի հայերը չեն միավորվում հանուն հայրենիքի փրկության, նա պատասխանել է. «Երբեք չենք միավորվի, ոչ ոք չի միավորվի: Օրինակ, ես տնտեսությունը չգիտեմ, բայց թատրոնի մասին կարող եմ ինչ-որ բան ասել: Շատ դժվար է»: «Չենք լռելու»-ն հիշեցրել է Ա. Ջիգարխանյանին ադրբեջանական կայքերին տված իր աղմկահարույց հարցազրույցի մասին, որտեղ հայ հասարակության կողմից խիստ քննադատաբար էին ընդունվել իր մոտեցումները Արցախյան հիմնախնդրի լուծման շուրջ: «Ես կյանքում չէի հանդգնի զբաղվել ղարաբաղյան խնդրով»,- ասել է Ա. Ջիգարխանյանը` հավելելով, որ եթե ինքը նախագահ լիներ, 2-3 գիշեր չէր քնի եւ կմտածեր` ինչպիսի պայմանավորվածություն ձեռք բերել այդ հարցում: Ա. Ջիգարխանյանի խոսքով` խնդիրներ շատ կան եւ ոչ միայն Հայաստանում: Նրա խոսքով, չկա մի երկիր, որտեղ խնդիրներ չլինեն: «Խնդիրներ կան նաեւ Անգլիայում, բայց դա չի նշանակում իրար սպանել: Կարծում եմ` մենք հենց սրա համար էլ իշխանություն ենք ընտրում, որը պետք է զբաղվի այդ հարցերով: Իհարկե, դա դժվար հարց է, որը 5 րոպեում չեն լուծում: Ես սիրում եմ հայերին, եւ երբ իմացա, որ հայերը Թուրքիայի հետ ուզում են հարաբերությունները կարգավորել, ուրախացա»: «Դուք ճանաչել եք Հայաստանի բոլոր ղեկավարներին, նրանցից ո՞ւմ կուզեիք տեսնել իշխանության ղեկին» հարցին էլ Ա. Ջիգարխանյանը պատասխանել է, թե դա իր «փոքրիկ գաղտնիքն է»: «Դուք ինձ խորամանկ հարցեր եք տալիս (ծիծաղում է): Ես մեծամասնության կողքին եմ»: Անդրադառնալով Շառլ Ազնավուրի սկանդալային հարցազրույցին, որտեղ նա խոսել էր իշխանության «մաֆիայի» մասին, Ա. Ջիգարխանյանն ասել է. «Դա կա»: