Ոչ մեկը չի ուզում լռել

06/12/2011

«Բանակում ծառայած երիտասարդների նախաձեռնությունը» անունով կազմակերպությունը երեկ հաղորդագրություն է տարածել, որով գրեթե ուղղակիորեն փորձում է հակադրվել «Չենք լռելու» նախաձեռնությանն ու խոստանում առաջիկայում մի շարք բացահայտումներ կատարել վերջինիս անդամների վերաբերյալ: «Հիմա արդեն մենք չենք լռելու» վերնագրված հաղորդագրության մեջ ասված է. «Մենք` բանակում ծառայած երիտասարդներս, տեսնելով, թե ովքեր են այսօր զբաղվում բանակում առկա խնդիրների վերհանմամբ, խիստ մտահոգված ենք մեր երկրում այլակարծության եւ ժողովրդավարության ընկալումներով ու դրսեւորումներով: Գիտակցելով, որ բանակում առկա խնդիրները խորքային լուծումների կարիք ունեն, համոզված ենք, որ այդ խնդիրների լուծմանը հետամուտ կարող են լինել միայն նրանք, ովքեր հասկանում են, թե ինչ է զինվորական ծառայությունը, ովքեր իրենց մաշկի վրա զգացել են այդ ծառայության դժվարությունները, ինչպես նաեւ` ականատես են եղել անարդարությունների ու միջանձնային հարաբերությունների խախտումների: Տեսնելով, թե ովքեր են այսօր բանակը տեղի-անտեղի փնովողները` մենք չենք կարող անտարբեր մնալ եւ բանակի խնդիրների արծարծումը վստահել մի խումբ պատեհապաշտ մարդկանց, ովքեր կամ փախել են բանակից, կամ բանակ զորակոչվելուց մի քանի ամիս հետո կասկածելի հիմքերով վաղաժամկետ զորացրվել են, կամ, այսպես ասած, «հիվանդության» պատճառով ազատվել են ծառայությունից, սակայն քաղաքացիական կյանքում միանգամայն առողջ ու կայտառ են: Մենք` բանակում ծառայածներս ենք լինելու բանակի իրական քննադատները, իսկ բանակից խուսափածների անունները առաջիկա օրերին կհրապարակենք, որպեսզի հասարակությունը իմանա, թե ովքեր են իր «սրտացավ» զավակները: Այդ ցուցակը չի սահմանափակվելու միայն «Չենք լռելու» կոչվող ինքնագովազդային խմբի իրական դեմքը պատռելով: Ի տարբերություն մեր չլռող անդեմ բարձրախոսների` մենք ֆիզիկական անձինք ենք ու առաջիկայում կներկայանանք հանրությանը եւ կներկայացնենք բանակում առկա խնդիրները լուծելու եւ այն ավելի հզոր դարձնելու կոնկրետ ծրագրեր»: Ավելի ուշ այս հայտարարությանը պատասխանել է «Չենք լռելու» նախաձեռնությունը: Վերջինիս տարածած հաղորդագրության մեջ էլ ասվում է. «Ի պատասխան «Բանակում ծառայած երիտասարդների նախաձեռնության» հայտարարության, թե «Չենք լռելու»-ի անդամները չեն ծառայել բանակում եւ նրանք «կպատռեն նախաձեռնության դեմքը», հայտնում ենք, որ «Չենք լռելու»-ի ցանցը Երեւանում եւ մարզերում կազմված է 102 անդամից: Նրանցից արական սեռի ներկայացուցիչներ են 57-ը, որոնցից 51-ը սահմանված կարգով ծառայել է բանակում, երկու հոգի սովորում է ասպիրանտուրայում, իսկ չորսը չեն ծառայել առողջական պատճառներով: Այդ չորսից մեկն ազատվել է մինչեւ զորակոչվելը, իսկ երեքը վաղաժամ զորացրվել են զինծառայության ընթացքում առողջական վիճակի վատթարացման պատճառով: «Չենք լռելու»-ն բարձր է գնահատում «Բանակում ծառայած երիտասարդների նախաձեռնության» անդամների բանակում ծառայած լինելու հանգամանքը, սակայն, միեւնույն ժամանակ, հայտնում, որ բանակում ծառայելը մենաշնորհ չէ: Միեւնույն ժամանակ, հարկ ենք համարում նշել, որ իրո՛ք առողջական պատճառներով զորացրված անձանց կողմից բանակի վիճակի համար մտահոգված լինելը չի կարող քննադատության առիթ դառնալ զուտ այն պատճառով, որ նրանք չեն ծառայել բանակում»: Նշենք, որ «Չենք լռելու» նախաձեռնության` բանակում տիրող իրավիճակի վերաբերյալ երեկ տարածած մեկ այլ հաղորդագրությանն անդրադարձել է նա ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը: «Մարդկային ողբերգությունների ու բանակի հեղինակության հաշվին գովազդային գործողությունները անթույլատրելի են: Չգիտեմ, ովքեր են կանգնած այս նախաձեռնության հետեւում, սակայն այս նորահայտ «Ռոբին Հուդերի» ու «Չե Գեւարաների» հովանավորները ավելի ճիշտ կանեին ներդրումներ կատարեին բանակի ու զինվորական ծառայության նկատմամբ չբարդույթավորված մարդկանց վրա»: