Փորձված բուժարար հասմիկը
Ձիթենազգիների ընտանիքին պատկանող հասմիկը համարվում է Լուսնի եւ գիշերային գաղտնիքների խորհրդանիշ։ Հետաքրքիր է, որ բնության մեջ հանդիպում են սպիտակ եւ դեղին (կամ թթվային) հասմիկի ծաղիկներ` Jasminum officinale եւ J. fruticans։ Հնագույն ժամանակներից հայերը մշակել եւ օգտվել են բույսի բուժիչ հատկություններից բրոնխների ասթմայի եւ բրոնխիտի դեպքում։ Մոտ երկու հազարամյակ առաջ (Քրիստոսից հետո 2-րդ դարում) բույսը բերվել է Չինաստան։ Այդ տեսակը կոչվում է J. nudiflorum, ծաղիկները միայնակ են` խոշոր, դեղին։ Այն մշակվում է թեյի թփի պես, հատուկ նախատեսված վայրերում։ Դեռեւս 910թ. չինացիները յուրացրել են թեյի թփի եւ հասմիկի տերեւների խառնուրդով առողջարար ըմպելիքի պատրաստման եղանակը։ Այս հրաշալի խառնուրդը մինչ այսօր էլ հարգի է եւ ունի մեծ պահանջարկ։ Տնտեսական մեծ նշանակություն ունեն նաեւ հնդկական J.sambac եւ J.grandiflorum սպիտակ ծաղիկներով ենթատեսակները, որոնք օգտագործվում են օծանելիքի արտադրության մեջ։ Բույսի բուրումնավետ ծաղիկներից ստանում են եթերային յուղ, որը կիրառվում է արոմաթերապիայի մեջ։ Հայաստանի` Տավուշի, Սյունիքի, Արագածոտնի եւ Կոտայքի մարզերի խառն անտառներում հանդիպում է հասմիկ դեղինը։ Կախված բնական պայմաններից` մշտադալար կամ տերեւաթափ 1-1,5 մ բարձրությամբ, նուրբ աղեղնաձեւ թեքվող կամ ուղղահայաց ճյուղերով բույս է։ Կանաչ ընձյուղները մերկ են, տերեւները` բարդ պարուրաձեւ դասավորված, տերեւիկները` ձվաձեւ երկարավուն թարթիչավոր եզրերով։ Ծաղիկները (2-5) խմբերով հավաքված են կողմնային ճյուղերի գագաթի վրա գտնվող կիսահովանոցներում։ Սեւ փայլուն հատապտուղը 5-8 սմ տրամագիծ ունեցող գնդիկ է։ Բույսը դիմանում է 20-25 աստիճան ցրտին, երաշտադիմացկուն է, լուսասեր, լավ է հարմարվում կավահողերի վրա, կարող է օգտագործվել էրոզիայի ենթարկված, քարքարոտ լանջերի ամրացման համար։ Սենյակային տեսակները բավականին երկարակյաց են։
Պապս մայրիկիս հասմիկի բույս էր տվել, որի օգնությամբ նրա մայրը բուժվել էր կանացի հիվանդություններից։ Ասում էին, թե մեր նախապապերը իրենց հետ 1828թ. նման ծաղիկներ բերել են Մուշից։ Բույսի սպիտակ ծաղիկները հետզհետե ստանում էին դեղնակարմրավուն երանգ։ Ոչ պակաս հետաքրքիր հիշողություններ ուներ հայրս` 1848թ. երեւանաբնակ հեքիմ Գրիգոր Սահակյանը կարողացել է փրկել նրա պապիկին ժանտախտից եւ որդեգրել որբ մնացած երեխային։ Հեքիմը օգտվել է նաեւ հասմիկի բուժիչ հատկություններից, ընտանիքում ընդունված էր խմել վրացական թեյի եւ հասմիկի խառնուրդով թուրմը (5։1)։ Երկարամյա փորձը ցույց է տվել, որ այս թեյը խմողների շրջանում չեն նկատվել շաքարային դիաբետով, երիկամաբորբով, դեղնախտով, խպիպով կամ բրոնխիտով հիվանդներ, մեզ շրջանցում էր նաեւ գրիպի վարակը։ Հայրիկիս պատմելով, թեյը կանխարգելում էր երբեմն նրա մոտ նկատվող ստենոկարդիայի նոպաները։ Ի դեպ, մայրս գտնում էր, որ այդ բույսի շնորհիվ ապահովում էր մեր ընտանիքի անդորրը։
Հասմիկ բժշկականը եւ դեղինը մեղրատու բույսեր են։ Բուժիչ նպատակներով վաղ գարնանը մթերում են մատաղ ծիլերը, ծաղկման շրջանում` ծաղիկը եւ տերեւը, հասունացման շրջանում` պտուղը։ Վերջինս պետք է չորացնել հով, օդափոխվող տեղում` ծածկի տակ, պարբերաբար շրջելով` մինչեւ անցնի կպչունությունը։ Բույսը պարունակում է բենզոյի թթու, որն ուժեղ հականեխիչ հատկություն ունի, ընդունված է այն փոքր քանակությամբ խառնել այլ համեմունքներին։ Տերեւը եւ ծաղիկը պարունակում են նաեւ սալիցիլաթթու, ֆենոլներ, ֆլավոններ, բույսին բնորոշ ալկալոիդներ, ճարպային յուղ, դաբաղանյութ։ Սպիտակ հասմիկը պարունակում է ուրսոլաթթու, որն ունի արյունը մաքրող հատկություն, նպաստում է սրտասնույց մկանի աշխատանքին։ Հասմիկի բոլոր տեսակները ունեն խորխաբեր, հանգստացնող, ցավամոքիչ, հակաբորբոքային հատկություն։
Հասմիկի յուղը
Եթե աննշան քանակությամբ դաստակից վերեւ նախաբազուկի ներքին հատվածին քսելիս մաշկը կարմրում է, քոր գալիս, ապա դուք ունեք անհատական անընկալություն տվյալ բուրավետ յուղի հանդեպ։ Հասմիկի յուղը հակացուցված է հիպոտոնիայի դեպքում։ Հետազոտությունները ցույց են տվել, որ յուղը հատկապես օգտակար է կլիմաքսի շրջանում գտնվող կանանց, քանի որ կարգավորում է հորմոնալ ֆոնը, ունի բարերար ազդեցություն էնդոկրին համակարգի վրա, նպաստում է ինսուլինի, տիրոքսինի եւ տրիյո-տիրանինի գոյացմանը։ Հայտնի է, որ ենթաստամոքսային եւ վահանաձեւ գեղձերի կանոնավոր աշխատանքը նպաստում է կանացի հորմոնների մակարդակի կարգավորմանը։ Խորհուրդ է տրվում օգտագործել անքնության, հիպերտոնիայի, հորմոնալ խանգարումների, դեպրեսիայի, կոլիտի, դաշտանի խանգարման, նեւրալգիայի եւ նեֆրիտի, մետաբոլիզմի խանգարման, վերքերի, հեմատոմայի, խոցերի, տագնապային անհանգիստ վիճակի, մաշկային հիվանդությունների դեպքում։ Միայն հասմիկի եւ վարդի յուղերն են օգտակար ալերգիայի դեպքում։ Գեղարարական նպատակներով յուղը կիրառում են ճարպոտ եւ չոր զգայուն մաշկի խնամքի համար, նաեւ որպես կնճիռները կանխարգելող միջոց։
Օգտագործեք մերսման համար, լոգանքի մեջ, խառնեք այլ գեղարարական միջոցների հետ։
Լոգանքի համար. Լուծեք 5-10 կաթիլ կաթի մեջ եւ խառնեք ջրին։
Մերսման համար. 3-5 կաթիլ լուծեք 1ճ/գ ձիթապտղի կամ նուշի յուղի հետ։
Եփուկ` բրոնխիտի, երիկամների, միզապարկի քրոնիկ բորբոքման դեպքում
– 1 թ/գ չորացրած, մանրացրած, մատղաշ ծիլերը 30 րոպե եփեք 200 մլ ջրի մեջ, թրմեք (փակ վիճակում) 1 ժամ, քամեք։ Խմեք 1-2-ական ճ/գ, օրը 3-4 անգամ, չորս շաբաթից ընդմիջեք։
– Խառնեք հասմիկի թարմ տերեւը եւ ծաղիկը, 1 ճ/գ հումքը 15 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա 500 մլ ջրում, թրմեք 30 րոպե, քամեք։ Խմեք 60-70-ական մլ, օրը 3-4 անգամ, շարունակեք 5-6 շաբաթ։
Սնկային հիվանդությունների դեպքում
4-5 ճ/գ մանրացրած հումքը եփեք 15 րոպե 500 մլ եռջրում (ջրային բաղնիք), թրմեք 45 րոպե։ Քամեք։ Կատարեք ոտնաթաթերի լոգանք։ Չորացրեք, քսեք հակասնկային քսուք։
Երիզորդի վիժում. 50 գ հումքը 60 րոպե թրմեք 500 մլ եռջրում։ Քամեք։ Խմեք 30-ական մլ, օրը 3-4 անգամ, սնվելուց մեկ ժամ առաջ, շարունակեք հինգ օր։
Արտաքին չարորակ ուռուցքներ. Տրորեք եւ խառնեք երեքնուկի եւ հասմիկի թարմ տերեւները (3։1), ամրացրեք վերքին։
Կոլիտի դեպքում. 60-70 մլ հասմիկի թուրմին ավելացրեք 150 մլ զտված ջուր եւ 1 ճ/գ մեղր։ Խմեք օրը 3 անգամ, սնվելուց առաջ։ Շարունակեք 6 շաբաթ։
Ստոմատիտի դեպքում. Պատրաստեք եղեսպակի խոտի եփուկ`1 թ/գ հումքը եփեք 200 մլ եռջրում, խառնեք հասմիկի թուրմի հետ, կատարեք ողողում գոլ թուրմով։
Աթերոսկլերոզ, հիպերտոնիա. Խառնեք վարսակի սերմը, հասմիկի տերեւը եւ ծաղիկը (3։1), հումքին ավելացրեք զտված ջուր (1։5)։ Եփեք թույլ կրակի վրա` մինչեւ մնա հեղուկի կեսը, քամեք։ Խմեք 100-ական մլ, օրը 2-3 անգամ, սնվելուց 30 րոպե առաջ։ Օգտակար է հիվանդությունից հյուծված մարդկանց, կարգավորում է օրգանիզմի նյութափոխանակության գործընթացը։
Միջոց ծխելու դեմ. Մանրացրեք եւ խառնեք կատվախոտի արմատը, գայլուկի կոնը, հասմիկի պտուղը (2։2։1)։ Հումքի 1 թ/գ-ին ավելացրեք 200 մլ եռջրուր, թրմեք 30 րոպե։ Քամեք երկտակ թանզիֆով եւ լցրեք փայտե գավաթի մեջ։ Խմեք 60-70-ական մլ, օրը 3 անգամ` 1 շաբաթ տեւողությամբ։ Կարծիք կա, որ հասմիկի պտուղը եւ տերեւը ճնշում են թոքերի քաղցկեղ առաջացնող ծխախոտին բնորոշ մանրէն։
Անքնության դեմ
– 3 կաթիլ յուղը խառնեք 1 թ/գ մեղրի հետ, կերեք քնելուց առաջ։
– Մերսեք քիմքը հասմիկի յուղով եւ քնեք։