Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ՀՀ-ից արտահանումն աճում է տպավորիչ տեմպերով։ Օրինակ՝ այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսների տվյալներով` արտահանման ծավալը կազմել է 1 մլրդ 82 մլն դոլար՝ նախորդ տարվա համեմատ աճելով 32%-ով։ Երեկ արտահանման ցուցանիշի մասին խոսել է էկոնոմիկայի նախարար Տ. Դավթյանը՝ կանխատեսելով, որ այս տարվա վերջին կարձանագրվի արտահանման 20-25% աճ։ Սակայն պարզվում է՝ պաշտոնական վիճակագրության ներկայացրած ցուցանիշները բավականին երկակի բնույթ ունեն։ «Պլպլան» ցուցանիշը այլ տեսանկյունից դիտարկելու դեպքում` լրիվ խամրում է՝ ի ցույց հանելով տարբեր ոլորտների իրական պատկերը։ Օրինակ՝ ՊԵԿ-ի կողմից հրապարակվող՝ արտաքին առեւտրի վիճակագրությունից երեւում է, որ այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ-ից արտահանման մեջ առաջին տեղում «հանքաքար եւ խտահանք պղնձի» ապրանքախումբն է։ Արտահանման ծավալը կազմել է 201 միլիոն դոլար՝ նախորդ տարվա համեմատ` աճելով 50 միլիոն դոլարով կամ 34.6%-ով։ Սակայն, երբ արտահանման ծավալները դիտարկում ենք բնեղեն արտահայտությամբ (քանի տոննա է արտահանվել), միանգամայն այլ պատկեր է ստացվում։ Պարզվում է` այս տարի արտահանվել է 85.590 տոննա, որը 1.7%-ով պակաս է, քան նախորդ տարի։ Այսինքն` «արտահանման աճ» ասվածն այս դեպքում գրանցվել է հանքանյութի թանկացման հաշվին։ Ընդ որում, խոսքը վերաբերում է արտահանվող ապրանքների մեծ մասին։ Միայն հանքահումքային արտադրանքի եւ մետաղների պարագայում, միայն գների աճը արտահանման ծավալներն «ավելացրել» է շուրջ 130 միլիոն դոլարով։ Այսինքն` Հայաստանի «աճի» հիմքը իրականում առաջին հերթին գնաճն է։