Մեկնաբանելով ԱԺ «Ժառանգություն» խմբակցության կողմից ներկայացված «Գաղտնազերծման» մասին օրինագիծը` ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը «Արմենպրեսին» ասել է. «Կարծիք է ստեղծվում, որ նման նախաձեռնությամբ հանդես եկողները խորությամբ չեն ընկալում ՀՀ անվտանգության մարմինների դերն ու նշանակությունը, պատկերացում չունեն, թե նման նախաձեռնությունն ինչ հետեւանքներ կարող է ունենալ անվտանգության համակարգի եւ հետեւապես` պետության համար: Մի շարք եվրոպական երկրներ, այդ թվում` հետխորհրդային մի քանի հանրապետություններ նմանատիպ քայլեր ձեռնարկեցին այս ուղղությամբ: Պետք է նշեմ, որ դա չարժանացավ հասարակության լայն խավերի հավանությանը եւ ժամանակին կասեցվեց:
Այստեղ պետք է նշել այն փաստը, որ ոչ մի հատուկ ծառայություն չի գործում եւ չի կարող գործել առանց գործակալական ցանցի, եւ նույնիսկ նախկինում համագործակցած գործակալների բացահայտման նախադեպը զգալի հարված կհասցնի անվտանգության ողջ համակարգին: Հիմա մի քանի խոսք գործակալների մասին: Նրանց ճնշող մեծամասնությունը եւ խորհրդային ժամանակաշրջանում, եւ այժմ պարկեշտ, հայրենասեր, մարդկային լավագույն հատկանիշներով օժտված անձնավորություններ են: Արժե նշել, որ ելնելով երկրի զարգացման արդի իրողությունից, անկախ պետականության գոյությունից, հիմնովին վերաիմաստավորվել է ծառայության կողմից լուծվող քաղաքացու, հասարակության եւ պետության անվտանգության ապահովմանն ուղղված խնդիրները: Վերջին տարիներին Հայաստանի տարածքում արտասահմանյան լրտեսների բացահայտման հիմնական վաստակը Անվտանգության ծառայության հետ համագործակցող անձնավորություններինն է, որոնց մասին կոնկրետ տեղեկությունները, համաձայն ՀՀ օրենքի, հանդիսանում են պետական գաղտնիք: Կարծում եմ, որ «Գաղտնազերծման մասին» օրենքը ոչ հիմա, ոչ էլ ապագայում չի ընդունվի: Անկախ բոլոր քաղաքական ելեւէջներից` մեր հայրենակիցներն ամեն ինչից վեր կդասեն Հայրենիքի անվտանգությունը»,- ասել է նա։