Կոալիցիոն «նարկոբանավեճ»

03/12/2011

«Համոզված եմ, որ Հայաստանի իշխանությունն այնքան քաղաքական կամք ունի, որ երբեք չի իրականացնում վհուկների որս»,- երեկ «Ազատություն» ռ/կ-ին ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով օրերս ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը` «նման աննախադեպ ինկվիզիցիոն գործընթացներ չծավալելու եւ վհուկների որս չսկսելու» վերաբերյալ: «ՀՀ քաղաքական իշխանությունը ամեն ինչ անում է, որպեսզի Սահմանադրության պահանջը, այն է` իշխանությունների տարանջատման սկզբունքը գործի, եւ դատական իշխանության խնդիրը, իրավապահ համակարգի խնդիրը, դա բացառապես իրավապահների խնդիրն է, եւ չեմ կարծում, որ այստեղ պետք է տալ քաղաքական գնահատական»,- ասել է Շարմազանովը: Հիշեցնենք` այս շաբաթ խոշոր չափերով թմրանյութերի ապօրինի շրջանառության համար ձերբակալվեց ԲՀԿ-ի Ջերմուկի տարածքային կառույցի ղեկավարը: Դրանից մի քանի օր առաջ կրկին թմրանյութերին առնչվող գործերով կալանավորվել էին ԲՀԿ-ի հետ առնչություն ունեցող եւս երկու անձինք: Հենց այդ դեպքերին անդրադառնալով էր Նաիրա Զոհրաբյանն ասել, թե «վերջին շրջանում այնքան շատ եղան նման դեպքեր, որ արդեն իրեն ստիպում է խոսել ոչ թե պատահականությունների, այլ օրինաչափության մասին»: Այդ առնչությամբ Շարմազանովն ասել է. «Եթե կա հանցագործ, անկախ նրանից` իշխանություն է թե ընդդիմություն, այս կամ այն կուսակցության ներկայացուցիչ է, խնամի է թե փեսա է` դա քաղաքական կատեգորիաներ չեն: Օրենք է խախտել` պետք է պատժվի»: ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանն էլ ասել է, որ կոալիցիոն երկու գործընկերների մեջ որեւէ խնդիր չկա, եւ թմրանյութերի շրջանառության հիմնավորմամբ`

ԲՀԿ-ի ներկայացուցիչների ձերբակալությունները քաղաքական հիմք չունեն: «Որեւէ քաղաքական հետապնդում ԲՀԿ-ի նկատմամբ չկա»,- հայտարարել է Զոհրաբյանը` հարց հնչեցնելով. ԲՀԿ-ն իր անդամների արարքների հետ ի՞նչ կապ ունի: «Կուսակցական կառույցներում չկան նարկոդիսպանսերներ, որ ընդունելուց ստուգեն, տեսնեն` դուք խմա՞ծ եք, թե՞ չէ, կամ նարկոտիկ օգտագործո՞ւմ եք, թե՞ չէ»: Զոհրաբյանն ասել է, թե ընթացքում, երբ պարզվում է, որ այս կամ այն անձնավորությունը թմրամոլ է, նա չեզոքացվում է: Հարցին, թե` իսկ ՀՀԿ-ում նման դեպքեր լինո՞ւմ են, որեւէ ՀՀԿ-ականի նարկոբիզնեսի համար ձերբակալե՞լ են, Զոհրաբյանը պատասխանել է. «Դա տեղի է ունենում ներքին կարգով. եթե այդ անձնավորությունն իսկապես այդ մարդն է, տեղական կառույցները հեռացնում են, որովհետեւ մենք նարկոմաններ եւ ալկոհոլիկներ չենք ընդունում մեր կուսակցություն»: