Շրջաններին ուշադրություն է պետք

21/11/2005

ԼՂՀ ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում ծավալված քննարկումների ընթացքում խոսվեց հանրապետության շրջանների գյուղական բնակչության բուժսպասարկման ցածր մակարդակի մասին: ԼՂՀ առողջապահության նախարար Զոյա Լազարյանի հավաստմամբ, գալիք տարում նախատեսվում է շուրջ 200 այցելություն կատարել 170 գյուղեր: Ներկայումս շրջանների գյուղերի բուժկետերը գտնվում են ոչ թե Առողջապահության նախարարության, այլ համայնքի ենթակայության տակ, որն էլ առաջ է քաշում մի շարք խնդիրներ՝ կապված դեղամիջոցների եւ աշխատակիցների աշխատավարձերի վճարման հետ: Պատգամավոր Օհանյանը փաստեց, որ կան որոշ գյուղեր, որտեղ բուժկետերի աշխատակիցների աշխատավարձերի տրամադրումն ինչ-ինչ պատճառներով հետաձգվում է, թեկուզ պետությունը ժամանակին տրամադրում է դոտացիան: Իսկ որոշ գյուղերում էլ ժամանակին չեն տրամադրվում դեղամիջոցները: Մեր հանդիպումներից մեկի ժամանակ վերաբնակեցվող գյուղի մի բնակչուհի՝ արտահայտելով իր դժգոհությունն ու մտահոգությունը, նշել էր, որ մինչեւ հիմա իր 8 ամսական զավակի պատվաստումները չեն կատարվել: