1150 անգամ

03/12/2011

Հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գծում նոյեմբերի 1-30-ը Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 1150 անգամ: Այդ մասին երեկ տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, որի տարածած հաղորդագրության համաձայն` տվյալ ժամանակահատվածում Հայաստանի սահմանին գրանցվել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման ավելի քան 200 դեպք, իսկ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակից ստացված տվյալների համաձայն` Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 950 անգամ: Հրադադարի խախտումների ժամանակ ադրբեջանական կողմը կրակել է տարբեր զինատեսակներից, այդ թվում` դիպուկահար զինատեսակներից` ավելի քան 300 անգամ: «Հայկական զինված ուժերը խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմը եւ պատասխան գործողությունների են դիմում ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Հայկական զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը հակառակորդի հետ շփման գծում»,- նշված է Հայաստանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունում: