«Այս պահի դրությամբ ունենք հետաքրքիր մի փաստաթուղթ, եւ շատ կարեւոր է, որ դառնա նաեւ շահագրգիռ քննարկման առարկա»,- երեկ լրագրողներին տեղեկացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը՝ ընդգծելով, որ այդ փաստաթուղթը բազմապիսի փորձագիտական ուսումնասիրությունների արդյունք է:
Այդ «հետաքրքիր փաստաթուղթը», նախարարի խոսքերով, նվիրված է Հայաստանի արդյունաբերության եւ արտահանման խնդիրներին։ Փաստաթղթով մշակվել է տնտեսության զարգացման համապարփակ ռազմավարությունը` որը պատասխանելու է հետեւյալ հարցին՝ ինչպիսի՞ն է լինելու երկրի ռազմավարությունը նախեւառաջ տնտեսական եւ արդյունաբերական խնդիրների տեսանկյունից։ «Փաստաթուղթն, ըստ էության, ունի երկու մակարդակ: Նախ, ներառում է մեր տնտեսական եւ արդյունաբերական քաղաքականության սկզբունքները, այսինքն` գործիքակազմը, իսկ երկրորդ մակարդակում ներկայացված կլինեն գերակա 11 ոլորտները, որոնք Հայաստանի համար առավել առաջնային ու հեռանկարային են: Այս կոնտեքստում կփորձենք նկարագրել կոնկրետ թվերով, թե ինչպիսի՞ն են լինելու մեր մոտեցումները, եւ ի՞նչ ծավալներ ենք ակնկալում ունենալ առաջիկայում»,- ասել է էկոնոմիկայի նախարարը՝ ներկայացնելով առաջնային երեք ճյուղերը։ Դրանք են` ճշգրիտ մեքենաշինության, դեղագործության, սննդի արդյունաբերության, այդ թվում` հատկապես գինեգործության եւ կոնյակագործության ոլորտները: «Այս ոլորտները մեզ համար առաջնային են նախ` այն պատճառով, որ դրանք արտահանման տեսանկյունից են կարեւոր»,- ասել է Տ. Դավթյանը։ Մեր պետական պաշտոնյաներին, իհարկե, հայտնի է, թե հասարակությունն ինչպես է վերաբերվում տարատեսակ ռազմավարություններին եւ ծրագրերին։ Դրանք, որպես կանոն, մնում են թղթի վրա։ Այդ իսկ պատճառով՝ նախարարը հավաստիացրել է, որ այս փաստաթուղթը մյուսներից տարբերվելու է։ Այն առումով, որ արտացոլելու է այն բոլոր գործողությունները, որոնք նախատեսվում է կատարել կառավարության կողմից` ուղղված տնտեսության զարգացմանը: Այսինքն՝ լինելու է ավելի կոնկրետ։ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանն էլ կոնկրետ արդյունքներ է նշել։ Վերջինիս խոսքերով, իրականացվելու են «բավականին հավակնոտ ծրագրեր», որոնք հնարավորություն կընձեռեն, օրինակ, արտահանման ներկայիս ծավալը ավելացնել` 2015թ.-ին հասցնելով 3.5 մլրդ դոլարի, իսկ 2020թ.-ին` 5.5 մլրդ դոլարի: Կարճ ասած՝ տնտեսական բլոկի պատասխանատուները լիահույս են, որ նշված ռազմավարությունը ոտքի է կանգնեցնելու հայրենական արտադրությունն ու նպաստելու է արտահանման շեշտակի աճին։
Մյուս կողմից՝ դատելով պաշտոնական վիճակագրության տվյալներից, արտաքին առեւտրի ոլորտում գործերը կարծես այնքան էլ վատ չեն։ Օրինակ՝ այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսների տվյալներով, արտահանման աճը կազմել է 32%։ Նույն ասուլիսի ժամանակ Տ. Դավթյանն էլ գոհունակությամբ է խոսել արտահանման ցուցանիշի մասին՝ նշելով, որ տարվա վերջին կանխատեսվում է 20-25% աճ։
Թվում է՝ ամեն ինչ կարող է լավ լինել անգամ առանց ռազմավարությունների։ Սակայն ամբողջ հարցն այն է, որ «արտահանման աճ» ասվածը իրականում մեծ վերապահումներով կարելի է աճ անվանել։ Դա, թերեւս, շատ լավ գիտակցում են նաեւ մեր պաշտոնյաները։
Իսկ ինչո՞ւ 32 կամ 20-25 տոկոս աճը իրականում աճ չէ։ Այդ հարցին պատասխանելու համար բավական է վերլուծել արտահանման կառուցվածքը՝ ըստ առանձին ապրանքատեսակների ծավալների եւ գների։ Նման տեղեկատվություն ամեն եռամսյակի համար հրապարակում է ՊԵԿ մաքսային կառույցը։ Ամենաթարմ տեղեկատվությունը վերաբերում է 2011թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին։ Դիտարկենք այդ ժամանակահատվածը, առավել եւս, որ արտահանման աճն առաջին 9 ամիսների կտրվածքով ավելի բարձր էր՝ շուրջ 39%։ Այսպես, 2011թ. հունվար-հոկտեմբերին արտահանումը կազմել է 985.3մլն դոլար, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 709 միլիոն էր։ Տպավորիչ թիվ է, այնպես չէ՞։
Սակայն շատ ավելի տպավորիչ թվեր կարելի է գտնել ՊԵԿ-ի կողմից հրապարակվող հետեւյալ փաստաթղթում՝ «Արտաքին առեւտրով ՀՀ-ից արտահանված առավել բարձր մաքսային արժեք ունեցող ապրանքներ (2011թ., 1-9 ամիսներ)»։ Այդ ցանկի առաջին հորիզոնականում պղնձի հանքաքարն ու խտահանքն է։ Հունվար-հոկտեմբեր ամիսներին այս ապրանքախմբի գծով արտահանումը կազմել է 201մլն դոլար։ Դա ընդհանուր արտահանման մեկ հինգերորդ մասն է։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանման մաքսային արժեքը 149.4 միլիոն էր։ Այսինքն՝ միայն «հանքաքար եւ խտահանք պղնձի» հոդվածով արտահանումն աճել է ավելի քան 50 միլիոն դոլարով կամ 34.6%-ով։ Սակայն, երբ դիտարկում ենք արտահանման իրական ծավալներն՝ ըստ բնեղեն արտահայտության (քանի տոննա է արտահանվել), լրիվ ուրիշ պատկեր է ստացվում։ Պարզվում է, այս տարի արտահանվել է 85.590 տոննա, որը 1.7%-ով պակաս է, քան նախորդ տարի։ Կարճ ասած՝ «արտահանման աճ» ասվածն այս դեպքում գրանցվել է գնի բարձրացման արդյունքում։
Կարող ենք հաշվել նաեւ, թե որքանով է թանկացել պղինձը եւ այդ թանկացումը որքանով է «նպաստել» արտահանման աճի ցուցանիշին։ «Հանքաքար եւ խտահանք պղնձի» ապրանքատեսակի 1 տոննայի արժեքը նախորդ տարի 1711 դոլար էր, իսկ այս տարի՝ 631 դոլարով ավելի թանկ։ Այսինքն՝ միայն համաշխարհային գների աճի արդյունքում արտահանողները մեկ տոննայից ստացել են 631 դոլարով ավելի շատ գումար։ Եվս մի թվաբանական գործողություն կատարենք եւ այդքանով սահմանափակվենք։ Հաշվենք, թե քանի տոննա է արտահանվել եւ գների աճի արդյունքում որքան է կազմել այս ապրանքատեսակի արտահանման աճը (այլ կերպ ասած՝ հաշվարկենք գնաճի «էֆեկտը»)։ Ստացվում է բավականին կլորիկ մի թիվ՝ 54.2 միլիոն դոլար (85.590տոննա x 631դոլար)։ Մի խոսքով՝ Հայաստանի Հանրապետության արտահանման առաջատար ապրանքատեսակի դիտարկումը ցույց է տալիս, որ 201 միլիոն դոլարից 54.2-ը ապահովվել է գների աճը։
Աղյուսակում ներկայացված է ամբողջական ցանկից ընդամենը մի քանի ապրանքատեսակ, որոնց վերաբերյալ կատարվել են նույն հաշվարկները, որպեսզի պարզ դառնա, թե գների աճը ինչպես է բարելավում ՀՀ արտաքին առեւտրի ցուցանիշները։
Մաթեմատիկական խորը գիտելիքներ պետք չեն՝ տեսնելու համար, որ, օրինակ, միայն ոսկու թանկացումը արտահանման ցուցանիշն ուռճացնում է 15.4 միլիոն դոլարով, կամ՝ ադամանդինը՝ 32.8 միլիոնով։ Ընդ որում, մենք ներկայացրել ենք միայն հանքահումքային արտադրանքը, սակայն կարելի է վերլուծության ենթարկել ամբողջական ցանկը՝ հաշվելով գնաճի «էֆեկտը»։ Այդ դեպքում կարող է պարզվել, որ արտահանման աճի համար կիսով չափ պարտական ենք գնաճին։
Ասվածն ամենեւին չափազանցություն չէ։ Օրինակ՝ աղյուսակում նշված 9 ապրանքատեսակների արտահանման ծավալը 520 միլիոն դոլար է կազմել (ինչը ընդհանուր արտահանման կեսից ավելին է)։ Աղյուսակից երեւում է, որ նախորդ տարվա համեմատ` այս 9 ապրանքատեսակների արտահանման գծով գրանցվել է 131 միլիոն դոլարի աճ։ Սակայն նույն աղյուսակից նաեւ երեւում է, որ այդ 131 միլիոնից 128.6 միլիոնը գնաճի հաշվին է եղել։
Միգուցե մեզ հակադարձեն՝ նշելով, որ դա նորմալ է, որ ամբողջ աշխարհում էլ արտաքին առեւտրի ցուցանիշների վրա գների աճը մեծ ազդեցություն ունի, եւ այլն։ Համաձայն ենք։ Սակայն այդ դեպքում, եթե մեր արտահանման ցուցանիշի «պլպլան» լինելը կախված է լինելու հիմնականում որոշ ապրանքատեսակների միջազգային գներից, ինչո՞ւ ենք իզուր էներգիա, ժամանակ եւ գումարներ ծախսում տարատեսակ ռազմավարությունների ու վերլուծությունների վրա։ Կարելի է շատ ավելի քիչ գումարով (կամ անվճար) ավելի արդյունավետ քայլեր կատարել՝ օրինակ` աղոթք կազմակերպել, որ մետաղների միջազգային գները բարձրանան։ Ամեն դեպքում, փորձը կա, թեկուզ այն գյուղատնտեսության ոլորտից է եւ վերաբերում էր ոչ թե գներին, այլ բնակլիմայական պայմաններին։ Բայց փորձել կարելի է։