«Հաջողված» տարի

03/12/2011 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Ընթացիկ տարին տնտեսական առումով կարելի է հաջողված համարել։ Այս մտքի հեղինակը ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն է, ով երեկ հանդիպել է լրագրողների հետ։

Իսկ ինչո՞ւ է նախարարը տարին հաջողված համարում։ Այդ հարցի պատասխանն էլ Տ. Դավթյանը տվել է. տարվա վերջին սպասվում է ՀՆԱ-ի 5% աճ, ինչը պետական բյուջեով նախատեսվածից մի փոքր ավելի բարձր է։ «Այդ կանխատեսումն արել եմ տարեսկզբին եւ ուրախ եմ, որ այն իրականացավ»,- ասել է նախարարը։

Իրոք, պաշտոնական վիճակագրության տվյալներով՝ 2011թ. հունվար-հոկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 5.9%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Եթե անգամ տարվա վերջին ամսին աճի տեմպը մի քիչ նվազի, միեւնույն է՝ տարեկան ցուցանիշի վրա դա մեծ ազդեցություն չի ունենա։

Սակայն ուրախության պատճառը միայն ՀՆԱ-ի աճի ցուցանիշը կամ ՏԱՑ-ը չէ։ Նախարարը հատուկ ընդգծել է, որ այդ ընդհանուր տնտեսական աճը արձանագրվել է հիմնականում արդյունաբերության մեջ արձանագրված աճի շնորհիվ։ Տ. Դավթյանը նաեւ նշել է, որ տարեվերջին արդյունաբերության ոլորտում կարձանագրվի 12-13 տոկոսի աճ, արտահանման ծավալների աճը կկազմի 20-25 տոկոս, իսկ զբոսաշրջության ոլորտում աճը կկազմի 13 տոկոս: Բացի դրանից, աճ է արձանագրվել նաեւ գյուղատնտեսության ոլորտում: Ընդհանրապես, ըստ Տ. Դավթյանի, տնտեսական աճն ապահովվել է իրական հատվածի բավականին դինամիկ զարգացմամբ:

Անկում արձանագրվում է միայն շինարարության ոլորտում, սակայն նեղսրտելու կարիք, պարզվում է, չկա։ «Միայն շինարարության ոլորտում անկում ենք արձանագրում, սակայն բացասական չեմ համարում, քանի որ նախորդ տարիներին շինարարության ոլորտում արձանագրված աճի շնորհիվ տնտեսությունում կար դիսբալանս, իսկ հիմա ունենք ավելի հավասարակշռված, բալանսավորված տնտեսություն»,- ասել է Տ. Դավթյանը։

Կարճ ասած՝ իրականությանն անտեղյակ մարդը, լսելով այս բոլոր ցուցանիշների մասին, կարող է կարծել, որ Հայաստանի տնտեսությունը վերելք է ապրել, եւ ասել՝ հալալ է կառավարությանը։ Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ հայաստանցիների գերակշիռ մեծամասնությունը իրականությանը շատ լավ ծանոթ է, եւ պաշտոնական վիճակագրության ցուցանիշները նրանց ընդհանրապես հետաքրքիր չեն։

Իսկ նրանք, ովքեր ցուցանիշներին հետեւում են, ապա անգամ պաշտոնական «բարելավված» ցուցանիշների մեջ կարող են գտնել դառը իրականության մասին վկայող փաստեր։ Օրինակ՝ արտագաղթի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ ՀՀ Միգրացիոն պետական ծառայության վերջին տվյալներով՝ այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում սահմանային անցման կետերով հանրապետությունը լքել է 89.900 մարդ։ Սա` այն դեպքում, երբ ճգնաժամային 2009 թվականի հունվար-սեպտեմբերին արտագաղթը երկու անգամ ավելի պակաս է եղել՝ 46.800 մարդ։

Վերը նշվածից կարելի է երկու հետեւություն անել. կամ տարին հաջողված չէ՝ ի հեճուկս պաշտոնական ցուցանիշների։ Կամ էլ՝ Հայաստանի բնակչությունն այնքան է սովորել վատ ու ճգնաժամային պայմաններին, որ իրավիճակի բարելավմանն այլեւս չի դիմանում եւ մեկնում է Հայաստանից։ Ամեն դեպքում՝ արտագաղթից էլ սրտնեղել պետք չէ։ Չէ՞ որ դրա արդյունքում ոչ միայն փողեր են գալիս, այլեւ՝ նվազում է բնակչության թիվը՝ ավելացնելով մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշը։

Ի դեպ՝ սովորելու եւ ճգաժամերի մասին։ Անդրադառնալով 2012թ. հնարավոր ճգնաժամի մասին խոսակցություններին՝ էկոնոմիկայի նախարարը կարծիք է հայտնել, որ միջազգային կառույցները, քաղաքական եւ տնտեսական ղեկավարները կգտնեն միջոցներ, որպեսզի գլոբալ տնտեսության մեջ հնարավորինս նվազեցնեն ռիսկերը։ «Նախորդ ճգնաժամի ժամանակ փորձի պակասություն կար, եւ այս տարիների ընթացքում սովորեցինք, թե ինչ է ճգնաժամը եւ ինչպես պետք է դիմակայել»,- ասել է նա։ Մնում է՝ որ մյուս ճգնաժամը լիովին նմանվի նախորդին, որպեսզի սովորածը հնարավոր լինի կիրառել։