Հակաուրանյան նոր պայքար՝ Սյունիքում

03/12/2011 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Արդեն մի քանի օր է` Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղի բնակիչները դարձյալ անհանգստության մեջ են:

Բանն այն է, որ գյուղացիները կրկին տեսել են գյուղում հայտնված ուրանի հետախուզության համար նախատեսված նոր տեխնիկա եւ ահազանգել տեղի բնապահպաններին: Կապանի «Կայուն զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Փարսադանյանի փոխանցմամբ` իրենք այդ մասին տեղեկացել են երկու օր առաջ եւ փորձել են, այսպես ասած` հուսադրել լեռնաձորցիներին` հակաուրանյան նոր պայքար սկսելու գաղափարով: Երեկ Կապանի քաղաքապետարանի դահլիճում հարցը համախմբել էր տեղի հասարակական կազմակերպություններին, սակայն միջոցառմանը չէին մասնակցում տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները (կազմակերպիչներն էին «Կայուն զարգացում» հ/կ-ն եւ «Ազատամարտ» կոմիտեն): Կազմակերպիչների փոխանցմամբ` քննարկումը նպատակ ունի տեղի բնակիչներին նախապատրաստել բողոքի զանգվածային միջոցառումներին, մասնավորապես` առաջիկայում նախատեսված ցույցին: «Կայուն զարգացում» հ/կ-ի նախագահի դիտարկմամբ` բողոքի ցույցը կազմակերպվելու է մինչ տարեվերջ, եւ այսօր հատկապես կարեւորում են տեղի ուսանողների, աշակերտների ներգրավվածությունը դրանում: Արմեն Փարսադանյանը երեկ մեզ հետ զրույցում հիշեցրեց նաեւ նախորդ տարի դեկտեմբերին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղված իրենց նամակի մասին: Իսկ նամակում սյունեցիները Կառավարության ղեկավարից պահանջել էին դադարեցնել Լեռնաձորում ընթացող ուրանի որոնողահետախուզական աշխատանքները: Ընդ որում` նամակին կից վարչապետին ուղարկվել էին այն ստորագրահավաքի արդյունքները, որոնք իրականացվել էին մարզում: 13.850 սյունեցիների 99 տոկոսից ավելին դեմ էին Լեռնաձորում ուրանի հանքի շահագործմանը: «Նամակի պատասխանն այն էր, որ նախորդ տարի դեկտեմբերին վարչապետը հղում արեց ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն, որտեղից պատասխանեցին, որ ուրանի պաշարներ չեն հայտնաբերվել, ուստի աշխատանքները դադարեցվում են: Ընդհանուր այդքան բան»,- նշեց Ա. Փարսադանյանը: Հիշեցնենք, որ 2008 թվականի փետրվարի 8-ին ՀՀ բնապահպանության նախարարության եւ Ռուսաստանի Դաշնության «Ռոսատոմ» ատոմային էներգետիկայի պետական կորպորացիայի միջեւ հուշագիր ստորագրվեց, որի համաձայն` ուրանի հանքաքարի երկրաբանական հետախուզման, արդյունահանման եւ վերամշակման ոլորտում համագործակցության հիմք դրվեց: Ըստ այդ հուշագրի` Կառավարությունը պարտավորվեց Հայաստանի ամբողջ տարածքում ուրանի հանքաքարի երկրաբանական հետախուզման գործունեություն իրականացնելու թույլտվություն իրականացնել: Այդ նպատակով ՀՀ Կառավարությունը սկսեց բանակցություններ վարել ռուսական «Ատոմռեդմետզոլոտո» ԲԲԸ-ի հետ` փակ բաժնետիրական ընկերություն հիմնադրելու նպատակով: Եվ արդյունքում հիմնվեց «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ն, որին էլ Հայաստանում ուրանի պաշարների հետազոտության եւ ուրանային հանքավայրերի շահագործման մենաշնորհ տրվեց: Ընդ որում` ընկերության կողմից ուսումնասիրությունները սկսվել են 2009 թվականի օգոստոսին եւ կավարտվեն 2014 թվականի օգոստոսին: Երեկ որոշ մանրամասներ փորձեցինք ճշտել «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ից, որտեղ համաձայնեցին հարցերին պատասխանել միայն գրավոր տարբերակով: Ընկերության հեռախոսազանգերին պատասխանող աղջիկը մեզ փոխանցեց ընկերության տնօրեն Մկրտիչ Կիրակոսյանի էլեկտրոնային հասցեն` նշելով, որ դա միակ տարբերակն է տնօրինության կողմից պատասխաններ ստանալու համար: Ինչեւէ, երեկ մենք նրան ուղարկեցինք մի քանի հարցեր, եւ հուսով ենք` Մ. Կիրակոսյանը կարճ ժամանակամիջոցում կպատասխանի: Երեկ հակաուրանյան պայքարի վերսկսման մասին փորձեցինք որոշ տեղեկություններ պարզել նաեւ մարզի ղեկավարներից: Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ մեզ դարձյալ չհաջողվեց խոսել, քանի որ վերջինս «խորհրդակցության» էր (համենայն դեպս, մեզ այդպես ասաց նրա հեռախոսը վերցրած անձը): Քիչ անց մեզ հաջողվեց խոսել մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանի հետ, ով թեեւ նշեց, որ ինքը խորհրդակցության է, բայց պատասխանեց մեր հարցերին: Հարցին, թե ի՞նչ է պատրաստվում անել մարզի ղեկավարությունը Լեռնաձորում նոր թափ առած ուրանի որոնողական աշխատանքների կանխարգելման համար, Վ. Գրիգորյանը պատասխանեց հարցով` «մարզի ղեկավարությունն ի՞նչ քայլեր պետք է անի»: Մեր այն դիտարկմանը, թե երեկ Կապանի քաղաքապետարանում կազմակերպվել է կլոր սեղան-քննարկում, մարզպետի տեղակալը պատասխանեց, որ քննարկմանն իրենք եւս կմասնակցեն: «Ես չգիտեմ, աշխատանքները դադարեցրել էին, բայց պայմանավորվածություն կար, որ իրենք պետք է շարունակեին այդ որոնումները: Ես տեղյակ եմ, որ դադարեցնելու խնդիր կար, բայց թե հարցը ո՞ր փուլում է, այս պահին չեմ կարող հանպատրաստից ասել: Այս պահին ես գտնվում եմ խորհրդակցության,- ասաց Սյունիքի մարզպետի տեղակալը` ավելացնելով,- Որեւէ նոր բան չեմ կարող ասել: Ես չեմ կարող ասել, քանի որ այդ ուղղությամբ քննարկում չկա, եւ չեմ կարող խոսել հատկապես այս վերջին փուլի մասին: Միայն կարող եմ ասել, որ որոնողական աշխատանքների ավարտից հետո նրանք պետք է, այսպես ասած` հավաքեին իրենց աշխատանքները, վերջակետ դնեին։ Ես տեղյակ եմ այդքանի մասին, եւ ուրիշ բան չեմ կարող ասել»: