Հարություն Առաքելյանի եւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի միջեւ սկսված հակամարտությունը շարունակվում է: Հիշեցնենք, որ Հ. Առաքելյանը օրեր առաջ բաց նամակով դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին, որով անդրադառնում էր «Նաիրիտ» գործարանում «պետական միջոցների խոշոր չափերի` 31 միլիոն դոլարի հափշտակության» հետ կապված մի շարք փաստերի: Մինչ Հ. Առաքելյանը շարունակում է հրապարակավ իր մեղադրանքն ապացուցող փաստեր ներկայացնել, վարչապետ Տ. Սարգսյանը միջնորդությամբ դիմել է ՀՀ Գլխավոր դատախազություն, որպեսզի ուսումնասիրվեն Հ. Առաքելյանի հայտարարությունների մեջ նշված պնդումները, եւ հայտարարությունների համաձայն` հարուցվի քրեական գործ: Երեկ Հ. Առաքելյանի կողմից ստացել ենք թվով 3-րդ «բաց ֆաքս» նամակը, որը ներկայացնում ենք ընթերցողին:
Բաց ֆաքս-3 վարչապետի աթոռը զբաղեցնողին
Շարունակելով ձեր հարցաքննվելուց առաջ աջակցելու իմ պատրաստակամությունը, հիշեցնում եմ, համաձայն իմ ուսումնասիրությունների, 2009թ. մարտ ամսին, այսինքն` գործարանի պայթյունից օրեր առաջ «Նաիրիտ» գործարանի հաշվեհամարից 35 մլն դոլար է փոխանցվել մի շարք կազմակերպությունների, որից 22 միլիոն դոլարը գնացել է դանիական ինչ-որ ֆինանսական խմբի, 8 միլիոն դոլարը` «Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդի» հաշիվներին, իսկ 60 մլն դրամ հատկացվել է ոմն Անդրանիկ Հովհաննիսյանին: Մնացած մոտ 5 միլիոնով էլ մարվել է աշխատավարձի եւ այլ արտադրական պարտքերը:
Հարց 1. Որտեղի՞ց գոյացավ այդ գումարը «Նաիրիտի» հաշվին:
Հարց 2. Ինչո՞ւ 35 մլն դոլարից ընդամենը 150.000 դոլար չներդրվեց պայթյունավտանգ արտադրամասը վերազինելու եւ երեք մահացած աշխատակիցների համար տեխնիկապես անվտանգ դարձնելու գործին:
Հաջորդ խիստ կարեւոր հարցը: Իմ ուսումնասիրությունները պարզեցին, որ ներկա պահին «Նաիրիտ» գործարանը պարտք է «Երեւան ՋԷԿ» ընկերությանը շուրջ 7 միլիարդ դրամ: Այդ պարտքը ձեւավորվել է 2007 թվականից մինչեւ 2010 թվականի մարտ ամիսը, երբ գործարանը վերջնականապես կանգ առավ: Բայց «Երեւան ՋԷԿ»-ը «ՀայՌուսգազարդ» ընկերությանը սպառված գազի դիմաց պարտք չունի:
Հարց 1. Արդյո՞ք 100 տոկոս պետական բաժնեմասով «Երեւան ՋԷԿ» ընկերությունը անտոկոս ու անժամկետ վարկ է տրամադրել «Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ» օֆշորային մասնավոր ընկերությանը պատկանող «Նաիրիտ» գործարանին, իսկ «Երեւան ՋԷԿ»-ը վարկերի միջոցով (տարեկան 12 տոկոսով) մարել է սպառած գազի դիմաց իր պարտավորությունները «ՀայՌուսգազարդի» հանդեպ: Զավեշտալի թնջուկ է, գուցե կպարզաբանե՞ք:
Հարց 2. Ինչպե՞ս է ստացվում, որ ինչ-որ մասնավոր-օֆշորային «Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ» ընկերության համար, որն այսօր հանդիսանում է «Նաիրիտ» գործարանի սեփականատեր եւ իր միջոցներից առանձնակի ներդրումներ չի կատարել հայկական տնտեսության մեջ, ՀՀ կառավարության «սիրտը» ավելի է ցավում, քան ժողովրդի սեփականություն հանդիսացող «Երեւան ՋԷԿ» պետական ձեռնարկության համար:
Հարց 3. Ինչո՞ւ է պետական ձեռնարկություն հանդիսացող «Երեւան ՋԷԿ»-ի ֆինանսական միջոցների հաշվին մարվել վերջին ամիսների «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների աշխատավարձերը: Այդ միջոցներից որքա՞ն աշխատավարձ է ստացել «Նաիրիտ» գործարանի փոխտնօրեն ձեր եղբայրը:
Մնացածը` հաջորդ դասին…
ՀՀ քաղաքացի Հարություն ԱՌԱՔԵԼՅԱՆ
Համատեղությամբ` Աշխարհասփյուռ Ռամկավար Ազատական կուսակցության գործադիր-փոխատենապետ, ՀՌԱԿ ատենապետ