Այն կանայք, ովքեր Հայաստանում ցանկանում են զբաղվել քաղաքականությամբ, զբաղվում են: Հայաստանյան իրականությունն այնպիսին է, որ մեր երկրում քաղաքականությամբ ստիպված են զբաղվել անգամ այն կանայք, ովքեր դա անել բացարձակ չեն ցանկանում: Բացի Սահմանադրությունից, ուր հիշեցվում է` կանայք եւ տղամարդիկ հավասար են, կանանց դերը քաղաքականության մեջ ամրագրված է նաեւ ՀՀ Ընտրական նոր օրենսգրքով: Ըստ այդմ` նախատեսված է օրենսդիր մարմնում կանանց ներկայության ավելացում, ավելի կոնկրետ` կուսակցությունների համամասնական ցուցակում երկրորդ համարից սկսած` յուրաքանչյուր հնգյակում ներկայացվածների 20 տոկոսը (1 հոգի) պետք է անպատճառ կին լինի:
Մարտի 8 չէ, հետեւաբար` անաքրոնիկ է կանանց թեման այսօր արծարծելը: Սակայն առիթներ, պարզվում է, կան: Նախ` միջազգային այլեւայլ կազմակերպությունների պարբերական սեմինարները Հայաստանում: Ինչ-որ մեկին` դրսում, թվում է, որ խիստ հրատապ է հայ կանանց ժամանակ առ ժամանակ հիշեցնել` կինը միայն լվացքի մեքենա կամ փոշեկուլ չէ, նա չի կարող իրեն սահմանափակել միայն երեխաների դաստիարակությամբ. կինը կարող է նաեւ քաղաքական կյանքի երկնակամարում փայլատակել: Ի դեպ, մայրաքաղաքում այս պահին էլ ընթացքի մեջ է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի քննարկումը: Թեման` դժվար չէ գլխի ընկնել, Հայաստանի քաղաքական կուսակցություններում կանանց մասնակցության բարձրացման հնարավորությունները:
Հայաստանում գենդերային խտրականություն, կարող են հաստատել շատերը, չկա: Շատերը, սակայն ո՛չ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամները: Նրանք երեկ հայտարարություն են տարածել, ուր մասնավորապես ասված է. «Գրեթե բոլոր սերիալներում կնոջ իրավունքները ոտնահարված են, հայ կնոջ կերպարը` ծայրահեղ ցածրացած: Կնոջը ծեծելը, հրապարակայնորեն նվաստացնելը եւ հայհոյելը դարձել են հայկական սերիալների անբաժան ուղեկիցը` դիտող ընտանիքների ներսում նույնատիպ պահվածքը եւ վարվելակերպը դարձնելով սովորական, չդատապարտվող երեւույթ»:
Սակայն «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան գույները փոքր-ինչ խտացնում է: Սերիալներն այնքան ապաշնորհ սցենարներ ունեն, դրանք այնքան պրիմիտիվ են, իսկ պատանիների վրա ազդեցություն թողնելու համար պետք է առնվազն Սելինջեր կամ Ժյուլ Վեռն լինել: Ինչ վերաբերում է սերիալների թողած տպավորությանը մեծահասակների վրա, ապա դժվար մեկը կարողանա համոզել, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը գործարար Սիլվա Համբարձումյանի վրա ձեռք է բարձրացրել բացառապես սերիալի տպավորության տակ:
Այն, որ մեր երկրում գենդերային խտրականություն լինել չի կարող, վկայում է մեկ այլ փաստ եւս` մեզ մոտ թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ օրենքի առաջ անհավասար են հավասարապես: Այն, որ որոշ ընտանիքներում կանայք բռնության են ենթարկվում, կամ ամուսինները թույլ չեն տալիս աշխատունակ կանանց աշխատել, դրսեւորվել, լոկալ խնդիր է եւ անգամ ընդհանրացման ենթակա չէ: Սա, եթե կուզեք, միջազգային կազմակերպությունների սեմինարի թեմա է, որի խորագիրն էլ կարելի է առաջարկել` «Տգետ տղամարդկանց դերը քաղաքական կուսակցություններում եւ կուսակցություններից դուրս»:
Վերջին տարիներին Հայաստանում կանանց հանդեպ վերաբերմունքը փոխվել է շրջադարձորեն: Կանայք ամենուր են` բիզնեսում, քաղաքականության մեջ, արվեստում: Եվ որպես կանոն` հաջողում են ամենուր: Գուցե քաղաքականությամբ զբաղվող, գործարար կանանց եւ տղամարդկանց հարաբերակցությունը հօգուտ տղամարդկանց է: Սակայն խնդիրն ամենեւին գենդերային խտրականությունը չէ: Ընտանիքն ու երեխաների խնամքը շատ կանանցից խլում է օրական 24 ժամ: Եվ ոչ մի րոպե պակաս: Այնպես որ, մասնագիտական հմտությունները ցուցադրելու ժամանակ, ըստ էության, չի մնում: Ֆինանսական խնդիրները բոլորին չէ, որ թույլ են տալիս լրացուցիչ ծառայություններից օգտվել` դայակի, օգնականիգ
Կանանց եւ տղամարդկանց թվային եւ որակական հարաբերակցությունը խիստ ընդգծված է մեր խորհրդարանում: Այստեղ 131 պատգամավորից կին են 11-ը: Եվ բոլոր 11 կանայք պատկերացնում են իրենց աշխատանքը, ակտիվ են, գրագետ, կիրթ եւ, որ պակաս կարեւոր չէ, շատ հմայիչ: Նաիրա Զոհրաբյանը, Զարուհի Փոստանջյանը, Լիլիթ Գալստյանը, Անահիտ Բախշյանը, Լարիսա Ալավերդյանը թերեւս խորհրդարանի ամենաջանասեր ու գրագետ պատգամավորներն են: Փոխարենը` խիստ սահմանափակ, տգետ ու ինքնահավան է տղամարդ պատգամավորների լավագույն կեսը: Օրինակ` օրերս առաջին անգամ պատգամավոր Առաքել Մովսիսյանի բարիտոնը լսվեց խորհրդարանում: Անգամ նրա լուսանկարները հայտնվեցին մամուլում: Հասկանալի է, լուսանկարիչը պարոն Առաքելյանին ֆիքսել էր ո՛չ օրենսդրական հետաքրքիր նախաձեռնությունն ամբիոնից ներկայացնելիս: Պատգամավորը պատկերված էր ձեռքը դեպի ամբիոն պարզած, իսկ ողջ դեմքին սառել էր «հայվան» բառը: Մեր ԱԺ-ում գրագետ եւ կիրթ լինելն ամենեւին սոցիալական սանդուղքով առաջ շարժվելու հիմնավորում չէ: Որքան տհաճ ու անգրագետ էր ԱԺ նախագահի պաշտոնակատար Սամվել Նիկոյանի պահվածքը խորհրդարանում, երբ նա իրեն թույլ տվեց պատգամավորին հորդորել. «Ականջներդ լվացացրա»: Եվ ի՞նչ եղավ. անմիջապես հաջորդ օրը նշանակվեց ԱԺ նախագահի պաշտոնում:
Խորհրդարանական ընտրություններին պատրաստվում են բոլորը: Այն, որ դրանք լինելու են արդար եւ թափանցիկ, վկայեց նաեւ Սյունիքի մարզպետը` «Ազատություն» ռ/կ-ին տված իր երեկվա հարցազրույցում: Մարզպետը վստահեցրեց, որ ինքը եւս անելու է ամեն ինչ` ՀՀԿ-ի հաղթանակի համար: Ինչ վերաբերում է հայ կանանց ներգրավվածությանը քաղաքական կյանքին, առանց միջազգային կազմակերպությունների հորդորների էլ կուսակցության ղեկավարներն արդեն իրենք էլ համոզվել են` կանանց դերը խորհրդարանում անփոխարինելի է:
Հ.Գ. Կանանց ներգրավվածության հարցում լրիվ այլ տեսակետ ուներ մեծ երաժիշտ Արթուր Ռուբինշտեյնը, ում ղեկավարած նվագախմբում կանանց հետքն էլ չկար: «Գեղեցիկ կանայք խանգարում են տղամարդ երաժիշտներին, տգեղ կանայք` ինձ»,- ասում էր նա: