Եվրադատարանից սպասվող հերթական վճիռը

03/12/2011 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Երեկ «168 Ժամ» թերթի խմբագրությանն է դիմել ՀՀ քաղաքացի Հասմիկ Դավթյանը` հայտարարելով, որ իր եղբորը` Արամ Դավթյանին, անօրինական կերպով ձերբակալել են` այն դեպքում, երբ նույնիսկ նախաքննական մարմինն ի զորու չէ կեղծ մեղադրանքը հիմնավորել:

Հ. Դավթյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին եւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին կոչ է անում վերանայել Ա. Դավթյանի դեմ հարուցված քրեական գործը, հակառակ դեպքում` ըստ նրա, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գտնվող այս գործի քննությունն ավարտվելու է Ա. Դավթյանին արդարացնելու վճռով, արդյունքում` մարդու իրավունքների կոպիտ խախտման եւս մեկ դեպքի առիթով հեղինակազրկվելու է մեր պետությունը: «Հասկանո՞ւմ եք, չի կարելի այսպես ապրել, չի կարող լինել այսքան կեղծիք մեր կյանքում: Եթե ազնիվ ու արժանապատիվ ես, ուրեմն` մեր պետության մեջ տեղ չունես: Եթե թույլ չես տալիս անարդարություն ու անօրինականություն, եթե չես ընդունում անօրինականություն կատարելու խաղի կանոնները, ուրեմն` դառնում ես զոհ»,- վրդովված ասում է Հ. Դավթյանը` հավելելով, որ միեւնույն է` Եվրոպական դատարանն արդարացնելու է Ա. Դավթյանին, բայց փաստն այն է, որ Հայաստանում տիրող կոռուպցիոն ցանցից տուժում են միանգամայն անմեղ մարդիկ: Բանն այն է, որ Ա. Դավթյանը 2004-2007թթ. որպես տնօրեն աշխատել է «Մաժեստիկ» ՍՊԸ-ում, որը գործում է բնապահպանական ոլորտում, զբաղվում է խեժի արդյունահանմամբ: «Մաժեստիկ» ՍՊԸ-ի հիմնադիր-սեփականատերն Արամայիս Բեգլարյանն է, ով, ըստ Հ. Դավթյանի` ընկերության գործունեության ընթացքում պետությունից հսկայական հարկեր է թաքցրել (Հ. Դավթյանն այդ փաստաթղթերը ներկայացրել է Գլխավոր դատախազություն): «2007թ. հարկային մարմինների կողմից կատարվեց «Մաժեստիկ» ՍՊԸ-ի հարկային պարտավորությունների ստուգում, որը մի քանի ամիս տեւեց, եւ արդյունքում ձերբակալեցին եղբորս` Արամին: Յոթ ամիս տեւած դատավարությունից հետո Վճռաբեկ դատարանի վճռով Արամն արդարացվեց, քանի որ ոչ մի անօրինական բան չէր կատարել իր գործունեության ժամանակ: Վճռաբեկ դատարանի նույն վճռով դատարանը «Մաժեստիկ» ՍՊԸ-ին պարտավորեցրեց պետությանը վճարել 50մլն դրամ հարկ: Ընկերության սեփականատերն իր մախինացիաները թաքցնելու համար որպես զոհ ընտրեց եղբորս` Արամին: Նա մի լեգենդ հորինեց, ըստ որի` իբր Արամը իր ընկերությունից խոշոր գումար է հափշտակել: Վնասներ է ցույց տվել եւ շահութահարկի օրենքի համաձայն` հարկերի վճարումից խուսափելով` գումարները գրպանել է»,- պատմում է Հ. Դավթյանն` ավելացնելով, որ Ա. Դավթյանին ամենասկզբում առաջարկել են այդ 50 մլն դրամ պետության պարտքը «վերցնել իր վրա»` հորդորելով, որ այդպես գործն ավելի հեշտ կփակվի: Սակայն Ա. Դավթյանը հրաժարվել է չկատարած անօրինականության պատասխանատվությունն իր վրա վերցնել եւ մինչեւ վերջ պաշտպանել է իր անմեղությունը: «Մաժեստիկ» ՍՊԸ-ի սեփականատերը հարկային պարտավորությունները չկատարելու իր գործողություններն արդարացնելու համար Ա. Դավթյանի դեմ հափշտակություն կատարելու ահազանգով դիմել է Կոտայքի մարզի դատախազություն, որտեղ գործը հանգամանալից քննելուց հետո Ա. Բեգլարյանի դիմումը մերժվել է` չհիմնավորված լինելու պատճառով: Այնուհետեւ Ա. Բեգլարյանը դիմել է ՀՀ ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժանմունք, որտեղ նույնպես գործը քննելուց հետո նրա դիմումը մերժել են: Հ. Դավթյանը վստահեցնում է, որ պետության պարտավորությունները չկատարելու իր գործողությունները Ա. Դավթյանի «գլխին կոտրելու» համար «Մաժեստիկ» ՍՊԸ-ի հիմնադիրն այս անգամ էլ դիմել է Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Մինչդեռ դատարանում նույնպես չի կարողացել հիմնավորել իր պահանջը, եւ Ա. Դավթյանին հափշտակության մեջ մեղադրելու հայցը կրկին չի բավարարվել: «Հասկանո՞ւմ եք, նա չունի որեւէ փաստ, որով կարող է պնդել իր մեղադրանքը: Ա. Բեգլարյանն` ինքը, հսկայական գումարներ է հափշտակել հենց պետության ռեսուրսները շահագործելու ընթացքում: Նա Հայաստանի բնությունը շահագործում է հսկայական չափերով, բայց ցույց է տալիս դրա փոքրիկ տոկոսը: Թող մեր նախագահը կամ Գլխավոր դատախազը նրա գործունեությունն ուսումնասիրելու հանձնարարական տան եւ կհամոզվեն, թե ինչ խոշոր չափերի վնաս է հասցնում այդ «Մաժեստիկ» ՍՊԸ-ն Հայաստանի Հանրապետությանը: Թող ստուգեն ու կհամոզվեն նրա շահագործման ծավալների եւ կեղծված, փոքր ծավալներով պետությանը ներկայացնելու մեջ, որոնք ցույց է տալիս պետական համապատասխան մարմիններին: Ինչեւէ, չդադարելով իր հրեշավոր ծրագիրն իրականացնել` նա դիմեց ՀՀ ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղ 6 ամիս տեւած քննությունից հետո քննիչ Հարություն Սարգսյանը իբր հայտնաբերել է, որ Ա. Դավթյանը «Մաժեստիկ» ՍՊԸ-ից հափշտակել է 19մլն դրամ»,- հավաստիացնում է Հ. Դավթյանը` հավելելով, որ, փաստորեն, Ոստիկանության ամենատարբեր ստորաբաժանումներով եւ դատական ատյաններով անցած եւ մերժված այս գործը` բոլորիս հայտնի մեթոդներով, Ա. Բեգլարյանի «հովանու ներքո» ընթացք է ստացել Ոստիկանության Կենտրոնի բաժնի քննիչ Հ. Սարգսյանի` «նկարչության» շնորհիվ: «Զարմանալին այն էր, որ նախորդ դատավարության ընթացքում, որն իրականանում էր Գլխավոր դատախազության հսկողության տակ` ոչ մի հափշտակություն չէր արձանագրվել, էլ չեմ ասում Ոստիկանության տարբեր բաժամունքներում քննությունների մասին: Նաեւ պետք է հիշեցնեմ, որ համաձայն ՍՊԸ-ի կանոնակարգի` սեփականատերը պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ ստուգել ֆինանսական գործունեությունը: Ստացվում է, որ Ա. Բեգլարյանը չորս տարվա ընթացքում ոչինչ չի հայտնաբերել եւ միայն 2011-ին 19մլն-ի հափշտակում է բացահայտել: Ամբողջ զավեշտն այն է, որ քննիչի կողմից հետաքննություն կատարվելու հետ մեկտեղ` Ա. Բեգլարյանը դիմել է վարչական դատարան` իր վրայից 50 մլն դրամ հարկերը հանելու պահանջով: Ի դեպ, նաեւ պարզվում է, որ կանխիկ դրամի վճար է կատարվել դրամարկղում: Ա. Բեգլարյանն ի սկզբանե վստահ է եղել, որ համաձայն իր ծրագրի` կհայտնաբերվի հենց 19 մլն դրամի վնաս, որն էլ գերավճարի եւ հարկի հաշվանցման հնարավորություն կտա»,- ասում է Հ. Դավթյանը` հավելելով, որ Վարչական դատարանի դատավորը բազմիցս եղբորը` Ա. Դավթյանին առաջարկել է հրաժարվել այն իրողությունից, որ նա «Մաժեստիկում» տնօրեն է աշխատել: Դրա նպատակը եղել է հարկային ակտը անվավեր ճանաչելու հանգամանքը: Հ. Դավթյանը վստահեցնում է, որ 2011թ. սեպտեմբերի 14-ին Վարչական դատարանի դատավորի օգնականն առանձնազրույց է ունեցել իր եղբոր` Ա. Դավթյանի հետ, եւ ասել է` «Եթե դու չես հրաժարվում այն փաստից, որ տնօրեն ես եղել, ուրեմն` դու կձերբակալվես եւ մեզ չես խանգարի»: Դրանից հետո Ա. Դավթյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, եւ նրան տեղափոխել են բուժհաստատություն: Հոկտեմբերի 11-ին Ա. Դավթյանը ձերբակալվել է «Մաժեստիկ» ՍՊԸ-ից 19մլն դրամ յուրացնելու մեղադրանքով: Արդեն մեկ ամսից ավելի Ա. Դավթյանը գտնվում է «Նուբարաշենի» մեկուսարանում եւ դիմելով Եվրոպական դատարան` վստահ է, որ արդարացվելու է: Քույրը` Հ. Դավթյանը, եղբոր անմեղությունն ապացուցող բոլոր փաստաթղթերը ուղարկել է բոլոր պետական մարմիններին, որտեղից, սակայն, դիմումները վերահասցեագրվում են Գլխավոր դատախազություն: «Էսքան կեղծիք մի երկրում, որտեղ մարդը բոլոր ոլորտներում անպաշտպան է` սա ուղղակի չգիտեմ էլ ինչ անվանեմ: Մենք պայքարող ենք, հասկանո՞ւմ եք, մենք արդար ու ազնիվ ապրող մարդիկ ենք: Ասում են` էնպես արա, որ չոր դուրս գաս, փաստորեն, մարդուն ուզում են փչացել: Եթե չես ուզում ապօրինություն կատարելու չարած մեղքը քո վրա վերցնել, ուրեմն` կստիպեն, որ բանտում փտես: Իրականում գործն այսպես են սարքել. 2006թ.-ին ՍՊԸ-ն ունեցել է ընդամենը 196.000 դրամ շահույթ: Կեղծվել է 2005թ.-ի հաշվեկշիռները` 2005-ի հաշվեկշռի պասիվի կուտակված շահույթ տողում 6.140.000 թվի առջեւից ավելացրել են 1 եւ 6.140.000 թիվը դարձրել են 16.202.000: Այնուհետեւ հենց այդ 10մլն-ով ավելացված շահույթը տրվել է կանխավճար եւ վերագրվել եղբորս»: Ի դեպ, Հ. Դավթյանը ներկայացրել է փաստաթղթեր, որոնք ուսումնասիրելու դեպքում իսկապես հակասություններ եւ մախինացիաներ կարելի է հայտնաբերել: Հաշվի առնելով դրանց մեծ ծավալները` մենք չենք անդրադառնում այդ հաշվարկներին եւ նրա մատնանշած կեղծ տվյալներին` այն թողնելով շահագրգիռ մարմինների ուսումնասիրությանը: Հ. Դավթյանը պնդում է, որ տիրապետում է «Մաժեստիկ» ՍՊԸ-ի կողմից պետությանը հասցված վնասների մասին փաստերի: Նա մեր իշխանություններին կոչ է անում ականջալուր լինել եւ լսել, ուսումնասիրել իր ներկայացրած փաստերը` համոզվելու համար, թե ինչպես է ընկերությունը հսկայական հարկերից խուսափում եւ «քցում» Հայաստանի Հանրապետությանը:

Հ.Գ. Երեկ մենք փորձեցինք կապ հաստատել «Մաժեստիկ» ՍՊԸ-ի հիմնադիր Արամայիս Բեգլարյանի հետ եւ Հ. Դավթյանի հայտնած տեղեկությունների վերաբերյալ մեկնաբանություն ստանալ: Որքան էլ տարօրինակ է, բայց «Սփյուռ» տեղեկատուից պատասխանեցին, որ «Մաժեստիկ» ընկերություն գոյություն չունի, գրանցված չէ: Ամեն դեպքում, մենք պատրաստ ենք անդրադառնալ նաեւ հակառակ կողմի հակափաստարկներին: