Բուժիչ ուռենին
Հին հայերի մոտ հնագույն ժամանակներից եղել են գարնան գալուստին նվիրված տոներ։ Դրանցից մեկը Ծաղկազարդի տոնն է եւ կապված է ուռենու ծաղկման շրջանի հետ։ Բույսը ծաղկում է մինչ գարնանային ձնհալի ավարտը։ Այդ շրջանում այն պատվում է ոսկեգույն կատվիկներով, բնությունը ինքն է զարդարում ուռենուն։ Գրեթե միաժամանակ խոշոր երկարավուն սրված կպչուն բողբոջներից սկսում են դուրս գալ տերեւները։ Ծաղկազարդին, ինչպես հնում, այսօր էլ պետք է օրհնվեն ուռենու ճյուղերը եւ հյուսվեն պսակներ։ Պսակը պարտադիր է պահել ամբողջ տարին, գալիք գարնանը հյուսել նորը, իսկ հինը այրել։ Ծաղկման շրջանում, որը տեւում է մոտ 5 օր, ուռենիները պատված են մեղուներով, նրանք հավաքում են ծաղկափոշին եւ ծաղկահյութը, պատրաստում մեղվահաց` իրենց թրթուրներին կերակրելու համար, եւ ակնամոմի հյութ։
Ծաղկազարդված ուռենու ծաղկափոշին ունի մի հետաքրքիր հատկություն. այն «զսպում» է կիրքը, ունի հանգստացնող, քնաբեր ազդեցություն։
Իսկ ինչո՞ւ ենք այս բույսին հիմա անդրադառնում, երբ իր դերի մեջ է մտել ցրտաշունչ ձմեռը։ Բանը նրանում է, որ հնում, կամ ավելի ճիշտ` մինչեւ խինինի եւ ասպիրինի հայտնաբերումը` ուռենու պատրաստուկներով բուժվել են ձմռանը սրվող շատ հիվանդություններից եւ մրսածությունից։ Դեռեւս Հիպոկրատը գրել է, թե բույսի կեղեւի մեջ մի նյութ կա, որը մեղմացնում է ցավերը եւ բուժում մալարիայից։ Տվյալներ կան, որ Ամերիկայի հնդիկները բուժվել են մկանային ցավերից, տենդից եւ ռեւմատիզմից։
Ուռենիները` Salix եւ բարդիները` Populus, պատկանում են ուռենազգիների` Salicaceae-ի ընտանիքին։ Հայտնի է ուռենու մոտ 600 տեսակ, որոնցից 170-ը` Ռուսաստանում, եւ մոտ մեկ տասնյակ էլ աճում է ՀՀ-ում։
Դրանցից առավել խոշորը Ուռենի սպիտակն է` S.alba-ն, որը մինչեւ 30մ հասնող բարձր հաստաբուն ծառ է, իսկ ամենափոքրը` Ու. ցանցավորը – S.reticulata տեսակը, որ բարձր ժայռոտ վայրերում աճող թուփիկ է։
Սպիտակ ուռենու ճյուղերը ճկուն են, երկար եւ փայլուն բաց-կանաչ, դեղին կամ կարմիր։ Տերեւները` երկար նշտարաձեւ, կոթունները` կարճ, ներքեւից ավելի բաց գույնի։ Իգական կատվիկներն ավելի կարճ են եւ լայն, քան արականները։ Արական ծաղիկը երկառէջ է (կան նաեւ ուռենու եռառէջ, հնգառէջ ենթատեսակներ)։ Իգականն ունի մեկ վարսանդ եւ երկու ծաղկահյութանոց։
Ուռենին ցրտադիմացկուն, խոնավասեր, լուսասեր բույս է, ապրում է մինչեւ 100 տարի։
Ուռազգիները առատ սերմ են տալիս, դրանց քանակը չափվում է միլիոններով, սակայն շատ կարճ են պահպանում ծլունակությունը, բարենպաստ պայմանների դեպքում քամուց կոտրված ճյուղը կարող է արմատակալել։ Ուռենիները մեծ տարածում ունեն Եվրասիայում եւ Աֆրիկայի հյուսիսում, Հյուսիսային Ամերիկայում։ Լայնորեն մշակվում են քաղաքների կանաչապատման նպատակով։
Բույսից ստանում են ներկանյութ, օգտագործում գետափների, լանջերի, ճամփեզրերի ամրացման համար։ Բոլոր ուռենիները մեղրատու են, մեղրը դեղնաոսկեգույն է, բյուրեղացածը` կրեմագույն, հիմնականում ծառայում է մեղուներին` որպես վաղ գարնանային կեր։
Առավել բարձր մեղրատվություն ունի Ուռենի դյուրաբեկը (S.fragalis), 50-210 կգ` 1 հա-ից։ Այս ենթատեսակը 6-12 մ ծառ է, մատղաշ ճյուղերը եւ տերեւները` կպչուն։
Այծուռենու (Caprea) մեղրատվությունը 75-150 կգ է, սա 8-10 մ բարձրություն ունեցող թուփ է, ճյուղերը` հաստ, տերեւները` մուգ կանաչ, տակից` թավապատ, թփի ստորին մասի տերեւները փափուկ են եւ հյութալի։ Մոխրագույն, եռառէջ, սրատերեւ եւ այլ ուռիներից ստացված մեղրն անվանում են նաեւ մայիսյան մեղր։ Ուռենու մեղրն ունի բուժիչ հատկություններ` իջեցնում է ջերմությունը, օգտագործվում է գլխացավի, ռեւմատիզմի, ռադիկուլիտի դեպքում։
Գլխացավի դեպքում.1 ճ/գ եղինջի խոտը 25 րոպե եփեք թույլ կրակի վրա` 200 մլ եռջրի մեջ, թրմեք 30 րոպե, քամեք։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 3 անգամ` 1թ/գ մեղրի հետ։
Արթրիտի դեպքում
– Խառնեք հալվեի հյութը, ուռենու մեղրը, օղին (1։2։3), դրեք ցավոտ հատվածին` քնելուց առաջ։
– Ուռենու կեղեւը պարունակում է գլիկոզիդ սալիցին (7 տոկոս), որը սալիկազա ֆերմենտի ազդեցությամբ տրոհվում է` առաջացնելով գլյուկոզայի եւ սալիցիլաթթվի հեղուկ լուծույթներ, նաեւ զգալի քանակությամբ (մինչեւ 10 տոկոս) կատեխիններ, խեժանյութ, տանին, 4-11 տոկոս դաբաղանյութ, ֆլավոններ։ Բույսը կիրառվում է միայն ժողորդական բժշկության մեջ։
Ուռենի սպիտակ
Կեղեւի թուրմը հրաշալի միջոց է երակների վարիկոզ լայնացման, մալարիայի, լուծի, բարձր ջերմության, գլխացավի, հոդատապի, արթրիտի, ինֆեկցիոն բնույթի բորբոքային հիվանդությունների, արյունահոսության, տրոֆիկ խոցերի, ֆուրունկուլյոզի, արգանդի սպազմի, ոտքերի քրտնարտադրության, ստամոքսաբորբի եւ մարսողության խանգարման, տենդի, սուր հոդացավի, միջողնային ճողվածքի, կոլիտի, մազաթափության, շագանակագեղձի բորբոքման եւ ադենոմայի դեպքում։
Բուժիչ նպատակով մթերում են նաեւ ուռենու արական կատվիկները, որի եփուկը օգտագործում են երիկամաբորբի դեպքում, իսկ 10 տոկոսանոց օղու ոգեթուրմը` սրտային անբավարարության եւ նեւրոզի։
Զգուշացում. ցանկացած տեսակի ուռենու պատրաստուկների չափաբաժնի խախտման դեպքում կարող եք վնասել Ձեր առողջությունը։
Հակացուցում. հակացուցված է արյան ցածր մակարդելիության, բրոնխային ասթմայի, ստամոքսի, 12-մատնյա աղիի խոցի, ստամոքսահյութի ցածր թթվայնության դեպքում։
Շագանակագեղձի բորբոքում. 2 ճ/գ չոր մանրացրած ճյուղերին ավելացրեք 400 մլ եռջուր, 5-7 րոպե եռացրեք թույլ կրակի վրա, հովանալուց հետո քամեք։ Խմեք 100-ական մլ, օրը 3-4 անգամ, սնվելուց առաջ։
Դեղնախտի դեպքում. 60 գ մանրացրած կեղեւը 24 թրմեք 1 լ զտված ջրում։ Նախատեսված է երեխաների համար։ Պետք է խմեն օրը 3 անգամ, սնվելուց առաջ։ 3 տարեկանները` 50 մլ, 8-ը` 70 մլ, 14-ը` 100 մլ։
Առիթմիայի, տախիկարդիայի դեպքում. 100 գ արական կատվիկները 20 օր թրմեք 500 մլ օղու մեջ, պարբերաբար թափահարեք։ Քամեք, խմեք 25-35 կաթիլ, օրը 3-4 անգամ, սնվելուց առաջ։
Ջերմիջեցնող միջոց. 1 թ/գ մանր կտրատած կեղեւը 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում։ Խմեք 1 ճ/գ, օրը 4-5 անգամ։ Օգտակար է նաեւ փայծաղի մեծացման դեպքում` խմեք սնվելուց 20 րոպե առաջ։
Անքնության դեպքում. Խառնեք հավասար քանակությամբ գայլուկի կոն, պատրինջի եւ դաղձի տերեւ։ 1 ճ/գ հումքին ավելացրեք 500 մլ գարեջուր, թրմեք 12 ժամ։ Խմեք 100-ական մլ, օրը 3-4 անգամ` կեսական գդալ ուռենու ծաղկափոշու հետ։
Ստամոքսաբորբի դեպքում. 2 ճ/գ թուրմը (տե՛ս ջերմիջեցնող) լուծեք կաթի մեջ, խմեք առավոտյան` նախքան սնվելը, 1 թ/գ մեղրով։
Արթրիտի դեպքում. Խառնեք ուռենու կեղեւը եւ կեչու տերեւը (5։4)։ 1 ճ/գ հումքին ավելացրեք 200 մլ եռջուր, 10 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա, թրմեք 30 րոպե։ Խմեք 100-ական մլ, օրը 2-3 անգամ, սնվելուց 1 ժամ հետո։ Շարունակեք 2 շաբաթ, ընդմիջեք 7 օրով։
Պարոդոնտոզ, կարիես, ատամնացավ.
– 4 ճ/գ թարմ բողբոջը (2 ճ/գ չոր) 30 րոպե թրմեք 200 մլ եռջրի մեջ, քամեք։ Կատարեք ողողում, չխմեք։
– 200գ բողբոջը թրմեք 500 մլ օղու մեջ, թրմեք 2 շաբաթ։ Լուծեք ջրի մեջ (1։20), կատարեք ողողում։
Հոդատապի, օստեոպորոզի դեպքում. Խառնեք հավասար քանակի ուռենու կեղեւը, լոբու պատիճը, ցախու եւ հազարատերեւուկի խոտերը, փրփրուկի ծաղիկը։ 2 ճ/գ հումքին ավելացրեք 700 մլ զտված ջուր, եփեք` մինչեւ մնա 400 մլ հեղուկ, թրմեք 1 ժամ, քամեք։ Խմեք 200-ական մլ` առավոտյան եւ երեկոյան։
Գլխացավի դեպքում. Տրորեք մի քանի ճյուղ տերեւով, խաչաձեւ դրեք գլխին, ծածկեք գլխաշորով։
Մազաթափության, թեփի եւ քորի դեպքում. 2-ական ճ/գ մանրացրած կեղեւը եւ կռատուկի արմատը 30 րոպե եփեք 1 լ եռջրի մեջ։
Հովանալուց հետո քամեք։ Եփուկով լվացեք գլուխը։
Լոսյոն` ուռենիով. Խառնեք 1-ական թ/գ կաղնու եւ ուռենու կեղեւները, կես ժամ թրմեք 200 մլ եռջրում։ Քամեք, ավելացրեք 1 ճ/գ սեղանի քացախ։ Մաշկը մաքրելիս լուծեք եռջրում (1։10)։