Անլվա ականջներն ու հայվանները

01/12/2011

Երեկ խորհրդարանում կառավարության հրավիրած արտահերթ նիստի ժամանակ բավականին լարված իրավիճակ է ստեղծվել: Նախ` հունից դուրս է եկել ԱԺ նախագահի պաշտոնակատար Սամվել Նիկոյանը, ով անընդհատ փորձել է պատգամավորներին հրավիրել դահլիճ, բայց նրանք չեն հավաքվել ու վտանգավոր իրավիճակ են ստեղծել քվորումը ապահովելու հարցում: Հետո նա երկու անգամ ձայնի իրավունք է տվել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին, բայց վերջինս դա չի լսել, որովհետեւ զրուցելիս է եղել իր կուսակից Ստեփան Սաֆարյանի հետ: Երբ Ս.Նիկոյանը հանել է նրա հարց տալու իրավունքը` վերջինը վրդովվել է` ասելով, թե իր խոսափողը անջատված է: «Խոսափողը միացրած էր, գնա՛ ականջներդ լվա»,- հակադարձել է Ս.Նիկոյանը: Իսկ երբ Ա.Մարտիրոսյանը մոտեցել է ամբիոնին, հանկարծակի սկսել է բղավել ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանը (Շմայս)` ասելով. «քո նման հայվանին լսելու համար չեմ եկել»: «Հայվանն էլ ես, հանգի՛ստ խոսա, էդ ի՞նչ ձեւ ես խոսում»,- հակադարձել է Ա.Մարտիրոսյանը: Իրավիճակը մի փոքր թուլացել է, երբ Նիկոյանի խոսափողն է խափանվել, եւ բոլորը սկսել են ծիծաղել: Իսկ երեկ լրագրողները միջանցքում նկատել են, թե ինչպես է Ա.Մովսիսյանը հեռախոսով ինչ-որ մեկին բարձր հայհոյելով մոտենում Նիստերի դահլիճին: