Իշխող կոալիցիայի ներսում հակասությունները ոչ միայն շարունակվում են, այլ սահուն կերպով քաղաքականից տեղափոխվում են քրեական հարթություն: Մի քանի ԲՀԿ-ականների` անցած շաբաթ տեղի ունեցած աղմկոտ ձերբակալություններից հետո, երեկ էլ ձերբակալվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Ջերմուկի տարածքային կառույցի ղեկավար Արմեն Հովհաննիսյանը` կրկին թմրանյութեր պահելու կասկածանքով: Ընդ որում, սա նախորդ ձերբակալություններից թերեւս ավելի լուրջ է, քանի որ, եթե մյուսները ոչ ֆորմալ կերպով են համարվում ԲՀԿ նախագահի մերձավորները, ապա Ա. Հովհաննիսյանն ի պաշտոնե նաեւ կուսակցության տարածքային կառույցի ղեկավար է: Այն, որ սկսված գործընթացն իսկապես լուրջ է, արդեն անգամ հրապարակավ հաստատում են նաեւ ԲՀԿ ներկայացուցիչները` «վերջին խոսքը» թողնելով Գագիկ Ծառուկյանին, ով դեռեւս չի վերադարձել արտերկրից: Հենց վերջինիս վերադարձից եւ, թերեւս, հերթական «հարցազրույցից» հետո ավելի պարզ կդառնա, թե ինչ է իրականում կատարվում իշխանական (առայժմ) համակարգում: Իսկ մինչ այդ ԲՀԿ-ի նկատմամբ սկսված գրոհը բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք է տվել` սկսած նրանից, որ այսպիսով նախագահ Սերժ Սարգսյանը, ճիշտ օգտագործելով առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` ԲՀԿ-ին ուղղված «քաղաքագիտական վերլուծությունը», փորձում է հերթական ու վերջնական հավատարմության երդումը ստանալ ԲՀԿ-ից, վերջացրած նրանով, որ այս ձերբակալությունները նախընտրական նշանակություն ունեն, եւ նպատակը ԲՀԿ-ի` հալածյալ ընդդիմադիր ուժի կերպար ձեւավորելն է: Մեկ այլ վարկածի համաձայն` այս գործընթացներում որոշակի դերակատարում ունի նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով ելնելով սեփական շահերից` ամեն ինչ անում է, որպեսզի սահմանափակվի ԲՀԿ-ի ներկայությունը ապագա խորհրդարանում: Տվյալ դեպքում, խնդիրը ոչ թե ԲՀԿ-ն է, այլ վերջինիս միջոցով Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձը` վարչապետի կամ նախագահի պաշտոնում (2018թ.): Տ. Սարգսյանն, ինչպես հայտնի է, արդեն իրեն դիտարկում է` որպես ապագա նախագահի թեկնածու, եւ այսօրվանից ամեն ինչ անում է հնարավոր խոչընդոտները հաղթահարելու համար: Այդ առումով ՀԱԿ-ն այս փուլում օբյեկտիվորեն կարող է դառնալ նրա դաշնակիցը, եւ Տ. Սարգսյանը գուցե նաեւ փորձի աջակցել ՀԱԿ-ին, քանի որ վերջինս պակաս վտանգավոր կարող է լինել նախագահական ընտրություններում: Այս բոլոր վարկածները կարող է հերքել կամ հաստատել Գագիկ Ծառուկյանը: Նույնիսկ` առանց արտերկրից վերադառնալու: