Գնաճ, որը ձեռնտու է կառավարությանը

01/12/2011 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

2011թ. հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` պետական բյուջեի եկամուտներն աճել են 9.8%-ով կամ ավելի քան 61.3 մլրդ դրամով, այդ թվում` հարկերն ու տուրքերն ավելացել են 9.9%-ով կամ 48.6 մլրդ դրամով։ Այս մասին նշված է ՀՀ Ֆինանսների նախարարության՝ երեկ հրապարակած տեղեկանքում։

Ընդհանուր առմամբ, պետական բյուջեի եկամուտների 93.1%-ը ձեւավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 5%-ը` այլ եկամուտների, 1.8%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին: 2011 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել ավելի քան 540.1 մլրդ դրամ հարկային եկամուտներ ու պետական տուրքեր, որը կազմում է տարեկան ծրագրի 82.6%-ը։ Ինչպես արդեն նշեցինք, ընդհանուր հարկային մուտքերն աճել են 9.9%։ Աճ է գրանցվել բոլոր հարկատեսակների գծով։ Սակայն հաշվետու ժամանակահատվածի «հերոսն» այս առումով շահութահարկն է։ Նախորդ տարվա հունվար-հոկտեմբերի համեմատ՝ այս տարվա առաջին 10 ամիսների արդյունքում շահութահարկի մուտքերն աճել են 29%-ով (18.8 մլրդ դրամով)՝ կազմելով 83.7 մլրդ դրամ: Եկամտահարկը նույնպես աճել է, ճիշտ է՝ ոչ այդքան զգալի տեմպերով՝ 8.7%-ով կամ 5.3 մլրդ դրամով: Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել ավելի քան 66 մլրդ դրամ եկամտահարկ` ապահովելով հարկերի եւ տուրքերի 12.2%-ը: Սակայն, չնայած ուղղակի հարկերի աճին՝ հարկային մուտքերի առյուծի բաժինը դեռ պատկանում է անուղղակի հարկերին եւ առաջին հերթին՝ ԱԱՀ-ին։

Այսպես, հարկերի եւ տուրքերի ուղիղ կեսն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին, որը կազմել է 270.3 մլրդ դրամ եւ 8.2%-ով կամ 20.5 մլրդ դրամով գերազանցել նախորդ տարվա նույն ցուցանիշը: Ընդ որում, ԱԱՀ-ի մուտքերից 171.5 մլրդ դրամը ստացվել է ՀՀ սահմանին հարկումից, 98.7 մլրդ դրամը` ներքին շրջանառությունից: Այսինքն՝ ԱԱՀ-ի 63%-ը ապահովվել է ներմուծման հաշվին։ Ներմուծման հետ կապված մաքսատուրքի ցուցանիշը նույնպես տպավորիչ աճ է ունեցել՝ 18.2% (4.6 միլիարդ դրամ)։ 2011թ. հունվար-հոկտեմբերին պետբյուջե է մուտքագրվել 29.8 միլիարդ դրամի մաքսատուրք։ Ինչ վերաբերում է մյուս հարկատեսակներին, ապա համառոտ պատկերն այսպիսին է՝ ակցիզային հարկերի ծավալը կազմել է 31.3 միլիարդ դրամ, պետական տուրքերը՝ 17.9 միլիարդ դրամ (աճը՝ 11.4%), բնօգտագործման եւ բնապահպանական վճարները` 10.4 մլրդ դրամ (աճը՝ 32.2%), պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով բյուջետային եկամուտները՝ 102.3 (աճը՝ 12.1%)։ Դրական դինամիկայից շեղվել են միայն հաստատագրված վճարները. հաշվետու ժամանակահատվածում գործունեության առանձին տեսակներից գանձվել են շուրջ 17.4 մլրդ դրամ հաստատագրված վճարներ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցածր է 6.6%-ով։ Ֆիննախը պարզաբանում է, որ այդ նվազումը հիմնականում պայմանավորված է գործունեության որոշ տեսակների` հարկման ընդհանուր դաշտ անցնելու հանգամանքով:

Այսքանը՝ հարկերի մասով։ Սակայն հարկային մուտքերի աճն ինքնին դեռ ոչինչ չի նշանակում, եթե չենք դիտարկում տնտեսության այլ ցուցանիշների հետ։ Բարեբախտաբար, տնտեսական լրահոսը երեկ այս առումով հարուստ էր, եւ հունվար-հոկտեմբեր ամիսների ամբողջական մակրոտնտեսական ցուցանիշներն էր ներկայացրել նաեւ Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ)։

ՀՆԱ-ի հաշվարկ, ինչպես հայտնի է, պաշտոնական վիճակագրությունն այլեւս չի ներկայացնում։ Փոխարենը՝ հաշվարկվում է տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ), որը կարելի է նույնացնել ՀՆԱ-ի ցուցանիշի հետ։ 10 օր առաջ ԱՎԾ-ն արդեն հրապարակել էր ՏԱՑ-ի նախնական ցուցանիշը. այս տարվա հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ` ՏԱՑ-ը կազմել էր 2.6%։ Այդ ցուցանիշին ընդդիմադիր մամուլն անդրադարձավ հեգնանքով, քանի որ նախորդ ամիսներին տնտեսական ակտիվության ամսական ցուցանիշը տատանվում էր 9%-ի շուրջ։ Սակայն, հարկ է նշել, որ դա միայն ամսական համեմատություն էր։ Իսկ տնտեսական վիճակի մասին ամբողջական պատկերացում կազմելու համար պետք է ունենալ ամբողջ ժամանակահատվածի ցուցանիշը։ Այդ ցուցանիշը պաշտոնական վիճակագրությունը ներկայացրել է իր երեկվա հրապարակման մեջ։ Այսպես, 2011թ. հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում տնտեսական ակտիվության ցուցանիշը (կամ այլ կերպ՝ տնտեսական աճը) կազմել է 5.9%։ Վատ ցուցանիշ չէ։ Ամեն դեպքում՝ զգալիորեն բարձր է այս տարվա համար նախատեսված ցուցանիշից, եւ հայրենի իշխանությունները կարող են հանգիստ խղճով ուրախանալ այս թվով։ Եթե հարկային մուտքերի աճը համեմատում ենք ՏԱՑ-ի հետ, կրկին հետեւությունները վատ չեն։ Ստացվում է, որ 5.9% տնտեսական աճի պարագայում հարկային մուտքերն ավելացել են շուրջ 10%-ով։ Իսկ մեր կառավարության հիմնական խնդիրներից մեկը, ինչպես հայտնի է, հենց հարկային մուտքերի առաջանցիկ աճ ապահովելն է։ Այսինքն՝ պետք է այնպես անել, որ հարկերն ավելի շատ աճեն, քան տնտեսությունը, ինչի արդյունքում կմեծանա հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը։ Վերը նշված թվերը վկայում են, որ ամեն ինչ հենց այդպես էլ լինում է։ Դա կարող է ցանկության դեպքում ներկայացնել որպես ստվերի դեմ պայքար։

Սակայն կա եւս մեկ ցուցանիշ, կրկին պաշտոնական վիճակագրությունից, որը թույլ չի տալիս լիարժեք ուրախանալ այս ամենով։ Խոսքը վերաբերում է սպառողական գների ինդեքսին կամ պարզապես գնաճին։ ԱՎԾ-ն երեկ առանձին հրապարակել է նաեւ 2011թ. հունվար-նոյեմբեր ամիսների սպառողական գների ինդեքսը։ Ըստ այդ փաստաթղթի, 2011թ. նոյեմբերին սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա նոյեմբերի նկատմամբ կազմել է 4.8%։ Այլ կերպ ասած՝ սա հենց 12-ամսյա գնաճի ցուցանիշն է, որի թույլատրելի սահմանները տալիս է բյուջեն։ Սակայն դա, այսպես ասած, «պահի տակ» ցուցանիշ է, որը չի արտահայտում տարվա ընթացքում գների աճը։ Իսկ հասկանալու համար, թե տարվա ընթացքում գները միջին հաշվով որքան են աճել, պետք է համեմատել այս տարվա առաջին 11 ամիսները նախորդ տարվա 11 ամիսների հետ։ ԱՎԾ-ն այդ ցուցանիշն էլ է տվել՝ 7.9%։ Փաստորեն՝ տարվա ընթացքում գնաճը եղել է 7-8%։

Հիմա վերադառնանք հարկերին։ Որտեղի՞ց են գոյանում հարկերը։ Օրինակ՝ հենց ԱԱՀ-ն, որն ապահովել է հարկային մուտքերի կեսը։ Ճիշտ է՝ գոյանում է ապրանքների եւ ծառայությունների վաճառքից։ Որքան թանկ վաճառվեն դրանք, այնքան ավելի շատ ԱԱՀ կգնա պետբյուջե։ Կարճ ասած, անգամ, եթե իրացման բնեղեն ծավալները չփոխվեն, միայն գնաճի արդյունքում ավելացված արժեքի հարկի մուտքերը կարելի է ավելացնել մի քանի տոկոսով։ Ամփոփելով՝ կարելի է ասել, որ հարկային մուտքերի աճն իրականում ապահովվել է ոչ թե տնտեսական աճի հաշվին, այլ հիմնականում` գնաճի։ Այսինքն՝ գնաճը որոշ իմաստով ձեռնտու է կառավարությանը։ Ի դեպ, 2012թ. հարկային մուտքերի 101 միլիարդանոց ավելացման մեջ շատ մեծ դեր է ունենալու հենց գնաճը։ Ողջ տարվա ընթացքում գների մակարդակը բարձրացնելով՝ կարելի է հավաքել մի քանի տասնյակ միլիարդ դրամ։ Իսկ վերջին ամսին կարելի է մեծածախ առեւտրով զբաղվողների «գյամերը քաշել» (ժամանակավորապես), արձանագրել 12-ամսյա գնաճի թույլատրելի ցուցանիշ եւ գործը համարել կատարված։ Ճիշտ այնպես, ինչպես լինելու է այս տարի։