Պատվիրաններ Նիկոյանին` Սաֆարյանից

01/12/2011

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում` անդրադառնալով ԱԺ-ում երեկ տեղի ունեցած միջադեպին, ԱԺ նախագահի հիմնական թեկնածու Սամվել Նիկոյանին 7 պատվիրան է առաջարկել: Դրանք են` «1. Երբ պատգամավոր չես գտնում նիստի քվորում ապահովելու համար, ապա նրանց խաբելով բեր դահլիճ` թե հես ա-հես ա քվեարկություններ ես անելու, բայց մի ասա, որ գան աշխատանքի, թե չէ քեզ կհայհոյեն: 2. Երբ բոլորը չգան դահլիճ, ապա ասա, որ միկրոֆոնդ կամ գրանցման համակարգը փչացել է, եւ մի կազմակերպիր գրանցում: 3. Երբ չես կարողանում կատարել դահլիճ «բերվածներին» տված խոստումդ (հես ա-հես ա քվեարկելը), քանի որ «Ժառանգության» պատգամավորները գրանցվել են ելույթներ ունենալու համար, եւ ուզում ես նրանց զրկել ելույթի իրավունքից. ապա նայիր ՀՀԿ շարքերի ուղղությամբ, արտասանիր ելույթի կամ հարցի համար գրանցված ընդդիմադիր պատգամավորի անունը, նրան փնտրիր ՀՀԿ շարքերում եւ լսիր խորի պատասխանը` «դահլիճում չէ», եւ անցիր առաջ: 4. Երբ ընդդիմադիր «Ժառանգությունը» պահանջի վերականգնել ելույթի կամ հարցի խախտված իրավունքը, դու նրանց մեղադրիր «խանգարելու» մեջ: 5. Երբ «Ժառանգությունը» պահանջի քեզանից ոչ միայն հնչեցնել անունը, այլեւ միացնել խոսափողը, ապա ասա, որ միացված է, եւ «Ժառանգությունը» դա չի տեսնում, քանի որ ականջները «լվացացրած» չեն. հորդորեք տեսնելու համար «լվացացնել» ականջները: 6. Նույն տրամաբանությամբ` եթե չեն լսում իրենց անունը եւ դրա պատճառով չեն խոսում, հորդորեք «լվացացնել» աչքերը: 7. Երբ դուխդ չի հերիքում Առաքել Մովսիսյանին պատասխանել, ով մեղադրում է քեզ, որ իրեն հրավիրել ես 15 րոպե հետո քվեարկելու համար, բայց դա տեղի չի ունենում «Ժառանգության» ելույթների պատճառով, եւ Շմայսը մուննաթ է գալիս քո վրա (կարող ա իրանց պատճառով վաբշե չխոսանք), կռիվը սահուն տեղափոխիր «Ժառանգություն»-Շմայս հարթություն, եւ դու «չոր դուրս» կգաս կռվից»: