Ինչպես կարելի է կրկնապատկել բյուջեն

21/11/2005 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի հանդիպումը Բրյուսովի անվան Օտար լեզուների համալսարանի ուսանողների հետ հաճելիորեն զարմացրեց։ Ինչքան էլ մեզ փորձում են համոզել, որ երիտասարդներն ամբողջությամբ կողմ են փոփոխություններին, պարզ դարձավ, որ ուսանողների գերակշիռ մասն ամեն ինչը հալած յուղի տեղ չի ընդունում։

Հեռուստադիտողները դա չեն կարող տեսնել, որովհետեւ պաշտոնական մասից հետո (10-15 րոպեանոց ելույթ) օպերատորները տեսախցիկները հավաքում են եւ հեռանում։ Տպավորությունն այնպիսին է, որ որոշ մարդիկ խոսքն արժեւորում են՝ ելնելով տվյալ խոսքն արտաբերող մարդու պաշտոնից։ Իսկ հարցադրումներն իրոք սուր էին, ուղեկցվում էին ոգեւորող ծափահարություններով եւ երբեմն դժվարին վիճակի մեջ էին գցում պրն Ռուստամյանին, որին պարբերաբար օգնության էր հասնում Ս. Զոլյանը։

Ես կանդրադառնամ միայն մեկ հարցի, որը հնչեց դասախոսներից մեկի կողմից. «Օրեր առաջ Գ. Սահակյանը հայտարարեց, որ եթե ժողովուրդը կողմ քվեարկի փոփոխություններին, ապա մեր բյուջեն 1 միլիարդից կաճի 1,5 միլիարդ, ինչի՞ հաշվին»։ Գիտե՞ք պրն Ռուստամյանը սա ինչով բացատրեց՝ սահմանադրական փոփոխությունների այն կետով, որով թույլատրվում են որոշ տեսակի մենաշնորհները։ Ես մասնագիտությամբ տնտեսագետ լինելով՝ չհասկացա պրն Ռուստամյանի բացատրությունը, թե ինչպես այդ կետը կարող է 1,5 անգամ ավելացնել բյուջեի եկամուտները, երեւի նույնը կարելի է ասել լեզվաբանների մասին։

Ըստ պրն Ռուստամյանի, կան ոլորտներ, որոնք իրոք մենաշնորհային են, եւ դա տնտեսապես ավելի արդյունավետ է, դրանք ձեւավորվել են բնական ձեւով։ Սակայն որոշ մենաշնորհներ «… իշխանական լծակների կիրառմամբ, արտոնությունների միջոցով են ձեւավորվում։ Թույլ չի տրվում, որ մյուսները աճեն, եւ միայն մեկն է կարողանում իր ապրանքը վաճառել։ Այս դեպքերում նա գործում է ստվերային դաշտում, խուսափում է հարկերից՝ վնաս պատճառելով բյուջեին։ Եվ էստեղ, եթե ստվերայնության մասը կրճատվի, բյուջեն, ես վստահ եմ, կարող է կրկնապատկվել»։

Ամեն ինչ շատ տրամաբանական է։ Սակայն ուշադիր կարդացեք առաջարկվող փոփոխությունը եւ փորձեք հասկանալ, թե այն ինչպես է նպաստելու անօրինական մենաշնորհների ստվերայնության վերացմանը եւ հարկային մուտքերի ավելացմանը։

«Մրցակցության սահմանափակումը, մենաշնորհի հնարավոր տեսակները եւ դրանց թույլատրելի չափերը կարող են սահմանվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է հանրության շահերի պաշտպանության համար»:

Այսինքն, մի կողմից` ընդունվում է, որ մենաշնորհների դեպքում գործ ունենք ստվերային տնտեսության հետ, մյուս կողմից` դրանք թույլատրվում են։

Հետաքրքրության է արժանի նաեւ այն փաստը, որ այսքան խոսելու հետ մեկտեղ, ոչ մի կոնկրետ մենաշնորհի օրինակ չի նշվում։ Ամեն ինչ ասվում է աբստրակտ, գեղեցիկ ցանկությունների ձեւով։

Ինչպես նշել էի մեր թերթի նախորդ համարներից մեկում, մասնագետների կարծիքով` մենաշնորհների ստվերային հատվածը վերացնելու համար գործող սահմանադրությունը եւ օրենքները միանգամայն բավարար են։ Ինչ վերաբերում է բյուջեի 1,5 անգամ աճելուն, նախ, եթե ԿԲ-ն հետագայում սահմանի էլ ավելի «հարմար» փոխարժեք, ասենք` 350 դրամ, միգուցե դոլարի վերածելու դեպքում մոտ ապագայում 2 միլիարդանոց բյուջե էլ ունենանք։ Իսկ առայժմ, եթե նայում ենք փոխանակման կետերի ցուցանակներին, պարզ է դառնում, որ մենք այլեւս 1 միլիարդանոց բյուջե չունենք։ Միգուցե մի քանի օր հետո ունենանք, եթե դոլարը նորից անկում ապրի, կամ, ինչպես ընդունված է ասել, դրամն արժեւորվի։ Իսկ այս պահի դրությամբ, երբ 1 դոլարի փոխարժեքն անցնում է 460 դրամից, մեր բյուջեն 1 միլիարդ չի կազմում։ Բայց, դե, չարժե հուսահատվել, ամեն ինչ հարաբերական է։ Իսկ ստվերային տնտեսության կրճատման հաշվին բյուջետային մուտքերի 1,5-2 անգամ հնարավոր ավելացումը հիշեցնում է Արտաշես Գեղամյանի նախընտրական ծրագիրը, որը բոլոր իշխանամետները, այդ թվում` եւ դաշնակցականները, լուրջ չէին ընդունում։ Ինչպես ասում են, ամեն մի նորը լավ մոռացված հինն է։

Ի դեպ, եթե հաշվի ենք առնում տնտեսական աճի տեմպերը վերջին տարիների ընթացքում, ապա եթե շարունակենք նույն տեմպերով, 1,5 միլիարդի ցուցանիշին այսպես թե այնպես կհասնենք։ Այլ հարց է, թե ինչպես է բացատրվում այդ աճը։ Ընդհանրապես որտեղի՞ց է վերցվել «1,5 միլիարդ» գումարը, արդյո՞ք լուրջ ուսումնասիրություններ արվել են։ Հետաքրքիր պատասխան տվեց ՀՀ նախկին վարչապետ Հ. Բագրատյանը։ Ըստ նրա, իշխանությունները դրանով ընդունում են, որ մեր տնտեսությունում ստվերային տնտեսության ծավալները կազմում են մոտ 50%։ Սակայն պրն Բագրատյանի կարծիքով, դրա դեմ պայքարելու հարցում քաղաքական կամքն ավելի կարեւոր է, քան որոշ փոփոխությունները։

Հրանտ Բագրատյանը խորհուրդ տվեց ուշադրություն դարձնել տնտեսության զարգացման տեսակետից ոչ պակաս կարեւոր խնդրի՝ մասնավոր սեփականության պաշտպանության վրա եւ համեմատություններ անցկացնել Բուզանդի փողոցի դեպքերի հետ։ Նախկին վարչապետի գնահատմամբ, գործող սահմանադրության եւ առաջարկվող փոփոխությունների մեջ էական տարբերություններ չկան, եւ շատ դեպքերում գործողն ավելի ճիշտ է եւ գրագետ։ Պրն Բագրատյանին տարակուսանքի մեջ է գցում նաեւ այն հարցը, թե երբ պիտի նշենք սահմանադրության օրը՝ հուլիսի 5-ի՞ն, թե՞ նոյեմբերի 27-ին, եթե առաջարկվող փոփոխությունների մեջ այս մասին ընդհանրապես ոչինչ գրված չէ։ Միգուցե որոշել են, որ մեզ այդպիսի տոն պետք չէ՞։