Հիմնական վկան պնդում է, թե ոչինչ չի հիշում

01/12/2011

Բանակում մահացած պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Արտակ Նազարյանի իրավահաջորդի ներկայացուցիչները շարունակում են պնդել, որ 30-ամյա լեյտենանտը ոչ թե ինքնասպան է եղել, այլ սպանվել է:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանն ասել է, որ իրենց պնդումները, թե Նազարյանին սպանել են, ու սպանությունը կատարվել է ոչ թե նրա դիակի հայտնաբերման վայրում, այլ զորամասի խոհանոցում, հաստատում է նաեւ երեկ դատարանում առանցքային վկայի ցուցմունք տալուց հրաժարվելու հանգամանքը: «Եթե սպանությունը կատարվել է, ինչպես մենք ենք կարծում, ամառային խոհանոցում, ուրեմն մնացածը դուք ինքներդ որոշեք: Մենք դա ասում ենք ոչ թե ենթադրաբար, այլ, քանի որ այնտեղ կան արյան մեծ թվով հետքեր»,- ասել է նա: Մինչդեռ արյան հետքերը, ըստ նախաքննության, դեպքից մի քանի օր առաջ Նազարյանի ու այս գործով մեղադրվող սպաների հետ ունեցած ծեծկռտուքից են մնացել: Նրանք, ինչպես նաեւ գործով մեղադրվող երեք զինվորները չեն ընդունում, որ լեյտենանտին ինքնասպանության են դրդել: Ըստ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների, քանի դեռ ամառային խոհանոցում տեղի ունեցածից լավատեղյակ զինվորը գտնվում է զինվորական ծառայության մեջ, կվախենա իրականությունն ասել: Զորամասի խոհարար, 20-ամյա Արման Մնացականյանը` ինչպես երեքշաբթի օրվա նիստին, այնպես էլ երեկ` դատարանում, հրաժարվել է ցուցմունք տալ: Նա նշել է, թե ոչինչ չի հիշում, դատարանին էլ առաջարկել է օգտվել իր նախաքննական ցուցմունքներից: Դատավոր Սամվել Մարդանյանի հարցին, թե ինքն իր ձեռքո՞վ է գրել նախաքննական ցուցմունքը, զինվորը բացասական պատասխան է տվել` մատնանշելով քննիչին: «Կոնկրետ հիմա չեմ հիշում, հարգելի դատավոր, որ ասեմ, չեմ կարող: Քննիչն է գրել»,- երեկ դատարանում հայտարարել է առանցքային վկան: Դատավոր Մարդանյանը որոշել է ցուցմունք տալուց հրաժարվող զինվորին հարցաքննել հաջորդ դատական նիստին: Մյուս վկան վաշտի հրամանատար Գագիկ Ուդումյանն էր: Նա դատարանում հայտարարել է, թե Ա. Նազարյանը թույլ սպա էր, ու զինվորները նրան երբեմն չէին ենթարկվում: Ուդումյանի խոսքով` իր մատնանշած խնդրի լուծման ուղղությամբ, ըստ էության, ինքը միջոցներ չի ձեռնարկել: Տուժողի իրավահաջորդի փաստաբան Մուշեղ Շուշանյանը դատարանին միջնորդել է քրեական հետապնդում սկսել Ուդումյանի նկատմամբ` նրա ցուցաբերած անգործության համար: «Այս վկայի անգործության մեջ հանցակազմ է առկա: Ես ուզում եմ միջնորդել դատարանին, որպեսզի դատարանն իր համապատասխան միջնորդությամբ հանդես գա Դատախազության առաջ` սույն վկայի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու»,- հայտարարել է Շուշանյանը: Սակայն դատարանը որոշել է այս միջնորդությանն անդրադառնալ ավելի ուշ: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարտիրոսյանի պնդմամբ` վաշտի հրամանատարը մասնակից է Նազարյանի սպանությանը: Նա նկատի ունի Նազարյանի ծոցատետրը, որի գոյության մասին իմացել է վաշտի հրամանատարը: Դեպքից հետո վաշտի հրամանատար Ուդումյանը հրահանգել է ստուգել Նազարյանի գրպանները: «Մենք կարծում ենք, որ նա փախել է դեպքից հետո, հետո հիշել է, որ իրեղեն ապացույց է թողել դեպքի վայրում` Արտակ Նազարյանի գրպանում, որովհետեւ Նազարյանն ամեն օր գրառում էր կատարում: Այդ օրագիրը իրենք, կարելի է ասել, ոչնչացրել են»,- հայտարարել է Մարտիրոսյանը: