Բոլորովին վերջերս, ավելի ճիշտ՝ նոյեմբերի 11-ին, խոսելով գյուղատնտեսության ոլորտում առկա ստվերի եւ այդտեղից հավաքագրվող հարկերի մասին, ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը լրագրողներին ասել էր, որ գյուղատնտեսության ոլորտում ընդամենը մեկ հարկ չի կիրառվում՝ ավելացված արժեքի հարկը։ Ֆինանսների նախարարը նաեւ ավելացրել էր, որ դա համատարած երեւույթ է ամբողջ աշխարհում։ Գյուղատնտեսության ոլորտից հնարավոր է նորմալ հարկեր հավաքել եւ նպաստել հաջորդ տարվա բյուջետային մուտքերի ապահովմանը։
ԶԼՄ-ներից մեկը շտապեց արձանագրել, որ դա այդպես չէ. գյուղատնտեսությունը միայն ԱԱՀ-ից չէ ազատված՝ նախարարին մեղադրելով հարկային օրենսդրությանը ոչ բավարար չափով տեղյակ լինելու մեջ։ Եվ այնուամենայնիվ, ազատվա՞ծ է գյուղատնտեսությունը միայն ԱԱՀ-ից, թե՞ այլ արտոնություններ էլ կան։
Դասական իմաստով՝ այո, այս ոլորտը լրիվ ազատված է միայն ԱԱՀ-ից։ Սակայն այլ հարկատեսակների գծով կան բավական լուրջ արտոնություններ։ Օրինակ՝ «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1 կետում նշված է. «Հարկվող եկամուտը որոշելիս գյուղատնտեսական արտադրությամբ զբաղված հարկատուների մոտ համախառն եկամուտը նվազեցվում է գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացված եկամտի չափով, եթե վերջինիս տեսակարար կշիռը գյուղատնտեսական եւ այլ գործունեությունից ստացված եկամտի մեջ չի գերազանցում 10 տոկոսը»։ Իսկ գյուղատնտեսական արտադրանք կարող են համարվել միայն օրենքով սահմանված ցանկին պատկանող ապրանքները։
Ինչ վերաբերում է շահութահարկին, ապա «Շահութահարկի մասին» օրենքով գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղված հարկատուները ազատվում են այս հարկատեսակից՝ «իրենց կողմից գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացված եկամտի եւ այլ եկամուտների մասով», եթե վերջիններիս տեսակարար կշիռը համախառն եկամտի մեջ չի գերազանցում 10 տոկոսը։
Սրանք առաջին հայացքից` մանր թվացող արտոնություններ են, սակայն իրականում կարող են լրջորեն ազդել այս ոլորտից ստացվող հարկային մուտքերի վրա։ Խնդիրն այն չէ, թե ինչո՞ւ է գյուղատնտեսությունը արտոնյալ վիճակում։ Հակառակը՝ դա ինչ-որ տեղ անհրաժեշտ է։ Խնդիրն այն է, որ հաջորդ տարի հարկերի մասով այս ոլորտի հետ մեծ հույսեր կապել չի կարելի։ Մանավանդ որ, միշտ առկա է բնակլիմայական վատ պայմանների վտանգը։