Յիրիկյանը կդառնա՞ ռուսական «կապավոր»

01/12/2011

«168 Ժամ»-ը վաղուց էր գրել այն մասին, որ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ռուսական քաղաքական շրջանակներում դիտարկվում է որպես ՀՀ նախագահի հավանական թեկնածու, ով հասարակության շրջանում լայն ճանաչում ունի եւ ընկերության` բարեգործական-սոցիալական բնույթի ծրագրերի շնորհիվ մեծ հեղինակություն է վայելում:

Նաեւ գրել էինք, որ ՀՀ իշխանություններին սկսել են անհանգստացնել «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի PR նախագծերը, հեռուստատեսությամբ այդչափ երեւալու հանգամանքը, ինչպես նաեւ` Յիրիկյանի նկատմամբ հատկապես մարզերի բնակչության կողմից ցուցաբերվող չափազանց դրական վերաբերմունքը: 2011թ. մայիսին Facebook սոցիալական ցանցում օգտատերերից մեկի կողմից անկուսակցական, «ազգային մտածելակերպով, մաքուր անցյալով, ժողովրդի ձայնի միջոցով ձեւավորված» նախընտրական ցուցակ էր ստեղծվել եւ դրվել քվեարկության: Ցուցակում ներգրավված թեկնածուների անուններն առաջադրում էին ՀՀ քաղաքացիները (ներառյալ` ԼՂՀ-ից): Այդ ցուցակում ի թիվս այլ հասարակական-քաղաքական գործիչների` ներգրավված էր նաեւ Ռ. Յիրիկյանի անունը: Ավելին, հարցին, թե` ո՞ւմ կուզենայիք տեսնել ՀՀ հաջորդ նախագահի պաշտոնում, քվեարկողների մեծ մասը Լեւոն Տեր-Պետրոսյանից հետո նշել էր Ռալֆ Յիրիկյանի անունը: Որոշ ժամանակ անց Յիրիկյանի անունը քննարկվեց որպես ՀՀ վարչապետի հնարավոր թեկնածու: Նախօրեին բարձր տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած Cnews ռուսական ինտերնետային պարբերականը` «MTC-ը ֆինանսավորում է Հայաստանի պոտենցիալ նախագահ Ռալֆ Յիրիկյանին» ընդգծված վերնագրով հոդված էր հրապարակել, որը ՀՀ ներքաղաքական շրջանակներում լուրջ քննարկման նյութ է դարձել (http://www.cnews.ru /news /top/index.shtmlգ 2011/11/29/466299): Ըստ Cnews-ի` «ԾՏոՌսՖվօպՑպսպրՌրՑպՎօ» (MTC) ընկերությունը 90 մլն դոլարի չափով վարկ է տրամադրել լիբանանցի ձեռնարկատերեր Պիեռ եւ Մուսա Ֆաթուշներին, որոնք MTC-ին պատկանող հայկական բջջային օպերատոր «Ղ-Տելեկոմի» (առեւտրային ապրանքանիշը` Vivacell-MTS) համասեփականատերերն են: Շուկայի մասնակիցները չեն բացառում, որ վարկը կարող է պետք գալ Ֆաթուշների նկատմամբ բարեկամաբար տրամադրված «Ղ-Տելեկոմի» գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի քաղաքական ձգտումներն իրականացնելու համար, որին դիտում են որպես ՀՀ առաջիկա նախագահական ընտրությունների հնարավոր թեկնածու: Ինչպես հաղորդում է Cnews-ը` MTS-ը մինչեւ 2016թ. երկարացրել է Ֆաթուշների ընտանիքից «Ղ-Տելեկոմի» բաժնետոմսերի 20%-ը գնելու վերաբերյալ 2 օպցիոն համաձայնագրերը: 2007թ. MTC-ը Ֆաթուշներից 260 մլն եվրոյով ձեռք էր բերել International Cell Holding օֆշորի բաժնետոմսերի 80%-ը` 3 տարիների ընթացքում վճարելով միայն 50 մլն եվրո: Այդ ժամանակ կողմերը call- եւ put- օպցիոն համաձայնագրեր էին կնքել մնացած 20% բաժնետոմսերի վերաբերյալ: Դրանցից առաջինը MTC-ին հնարավորություն էր ընձեռում գնել այդ փաթեթը, մյուսը` Ֆաթուշներին իրավունք է տալիս վաճառել MTC-ի բաժնետոմսերը: Երկու օպցիոնային համաձայնագրերի նախնական ժամկետը լրացել է 2012թ.: Նոր պայմանավորվածության համաձայն` call օպցիոնի իրականացման դեպքում MTC-ը կարող է մնացած գումարը գրանցել Ֆաթուշների պարտքի դիմաց: Իսկ put-օպցիոնը Ֆաթուշները կարող են իրականացնել միայն վարկի վճարումից հետո: Գործարքին մոտ կանգնած աղբյուրները վկայում են, որ այդպիսով MTC-ն օգնել է բիզնեսի իր գործընկերներին եւ միաժամանակ առաջ տարել իր սեփական շահը: «Ղ-Տելեկոմի» մրցակից աղբյուրներից մեկը MTC-ից գումարներ ստանալու Ֆաթուշների ցանկությունը համարում է քաղաքական քայլ, որն ուղղված է նրա գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի քաղաքական հավակնությունների բավարարմանը: Ինքը` Յիրիկյանը, ծնվել է Լիբանանի հայկական ընտանիքում, 2001թ. եղել է Լեռնային Ղարաբաղում եւ գլխավորել Ֆաթուշների հիմնադրած «Ղ-Տելեկոմ» ընկերությունը: Cnews-ը նաեւ գրում է, որ 2004թ. Հայաստանի իշխանությունները «ԱրմենՏել» ընկերությանը զրկեցին բջջային կապի բացառիկ արտոնագրից` այն տալով «Ղ-Տելեկոմին»: Դրանից հետո լուրեր տարածվեցին, որ այն ժամանակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ ՀՀ տրանսպորտի ու կապի նախկին նախարար Անդրանիկ Մանուկյանն իրենց հետաքրքրություններն ունեն ընկերությունում: Այժմ ԱՊՀ երկրներում «Ղ-Տելեկոմը» MTC-ի միակ «դուստրն» է, եւ ռուսական ընկերությունը ակտիվների ձեռքբերումից հետո չի փոխել մենեջմենթը: Cnews-ի զրուցակիցը նշել է, որ այս ընկերությունը առավել, քան MTC խմբի մյուս օպերատորները, շատ է ծախսում բարեգործության վրա, ընդ որում` այդ գումարները հավաքվել են Լիբանանում հայկական համայնքի կողմից: «Ղ-Տելեկոմը» մեծ աշխատանք է կատարում բարեգործության ոլորտում եւ իր գործունեությունն ակտիվորեն գովազդում է ԶԼՄ-ներում, ինչն էլ Ռալֆ Յիրիկյանի քաղաքական ամբիցիաների մասին լուրերի տարածման հիմք է հանդիսացել»,- Cnews-ին ասել է «Դելովոյ էքսպրեսս»-ի մեկնաբանը: Hayinfo-ի տվյալներով` ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հնարավոր է, 2013թ. ՀՀ նախագահական ընտրություններում առաջ քաշի Յիրիկյանի թեկնածությունը: Cnews-ը գրում է, որ MTC-ը հրաժարվել է Ռ. Յիրիկյանի քաղաքական հավակնությունների եւ «Ղ-Տելեկոմի» ծախսերի հետ կապված որեւէ մեկնաբանությունից: Հայաստանյան ԶԼՄ-ներում Ռ. Յիրիկյանը վերջին գոնե 1-2 տարիների ընթացքում տարբեր առիթներով ստիպված է եղել անդրադառնալ քաղաքականություն մտնելու մասին իրեն ուղղված հարցերին: Հարցին, թե «Vivacell-MTS»-ը ներկայանում է Ռալֆ Յիրիկյանի կերպարով, նա պատասխանել է, որ գլխավոր տնօրենը` Ռալֆ Յիրիկյանը, ներկայացնում է ընկերությունը: Ընկերության` բարեգործական ծրագրերի մասին խոսելիս` Յիրիկյանը նշել է. «Աշխարհը, երկիրը, տնտեսությունը չի զարգանա` միայն գրպանը փող լցնելով: Մի քիչ էլ հանրությանը, հասարակությանը պետք է անդրադառնալ եւ այդ փողից մի մասը պետք է վերադարձնել` իրականացնելով ծրագրեր, ինչպես «ՎիվաՍել-ՄՏՍ»-ն անում է»: Քաղաքական դաշտ մտնելու մասին հարցին նա 2010թ.պատասխանել է. «Մեր ընտանիքում քաղաքական գործիչ չի եղել, ու ես չեմ ուզում լինել առաջինը, որ բերեմ քաղաքականություն մեր ընտանիք:… Իմ մասնագիտությունը չէ, իմ ցանկությունը չէ: Ես աշխատում եմ կապի մեջ, կապավոր եմ եւ այդ ոլորտի մեջ եմ լինելու` տնտեսության մեջ: …Ինձ քաղաքականությունը չի հետաքրքրում, քաղաքականությունից չեմ հասկանում»:

Որոշ ժամանակ անց, իհարկե, Յիրիկյանը նաեւ հերքել է ՀՀ վարչապետի պաշտոնում իր նշանակման մասին լուրերը` ավելացնելով, որ առաջարկի դեպքում կմերժեր այն: Այսպիսով, դեռեւս 1-2 տարի առաջ հայկական մամուլը, այժմ էլ` ռուսական լրատվամիջոցները ՀՀ նախագահի հնարավոր թեկնածուի նոր անուն են հրապարակում, այն դեպքում, երբ նույնիսկ ՀՀ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը պաշտոնապես չի մեկնարկել: Cnews-ի վերոնշյալ հրապարակումից հետո երեկ քննարկման թեմա էր դարձել այն հարցը, թե արդյոք Ռալֆ Յիրիկյանը 10 տարվա քաղաքացիության հետ կապված խնդիր չունի՞: Յիրիկյանն ունի՞ 10 տարվա ՀՀ քաղաքացիություն, թե՞ոչ: Երեկ երեկոյան ընկերության լրատվական ծառայության աշխատակիցը մեզ խոստացավ այսօր պատասխանել Ռ. Յիրիկյանի` ՀՀ քաղաքացիության մասին հարցին, քանի որ աշխատանքային ժամն արդեն ավարտված էր: Ռ. Յիրիկյանի հարցազրույցներից մեկից պարզ է դառնում, որ նա առաջին անգամ Հայաստանում ընտանիքով հաստատվել է 2001թ. նոյեմբերից, սկզբում ապրում եւ աշխատում էր Ղարաբաղում, ապա` 2005թ.-ից` Երեւանում: Երեկ ոմանք Ռ. Յիրիկյանի` ՀՀ ներքաղաքական կյանքում ընդգրկվելու մասին այս հրապարակումը նաեւ հատուկ մշակված սցենար էին համարում, որում Յիրիկյանին «գործիքի» դերակատարում էին վերապահում: Նաեւ կարծիք կար, թե ՀՀ իշխանությունների ձեռքով է այդ հրապարակումը հայտնվել Cnews-ում` ժամանակից շուտ նրա անունը ՀՀ նախագահի հնարավոր թեկնածուների շարքից հանելու համար: Բոլոր մեկնաբանությունների մեջ Ռ. Յիրիկյանի անունը կապվում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվան հետ` նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ MTC ընկերությունը ռուսական «Սիստեմա» ընկերության մաս է կազմում, իսկ «Սիստեմա»-ի տնօրենների խորհրդի անդամ է Ռ. Քոչարյանը: