ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության պետական ծառայության պետի մամուլի քարտուղար Բաբկեն Պիպոյանը երեկ հայտարարել է, թե ստուգումներ են իրականացվում կաթնամթերքի շուկայում, մասնավորապես` «Աշտարակ-կաթ», «Անի», «Թամարա» ընկերություններում, որոնցից յուրաքանչյուրը խախտումների արդյունքում տուգանվել է 200.000-ական դրամ:
Պիպոյանի խոսքով` «Անի» ընկերությունում փաստաթղթային շեղումներ են եղել, իսկ «Թամարա» ընկերության թան ապրանքատեսակում գրանցվել է կաթի փոշու առկայություն: Անդրադառնալով «Արմֆուդ» ընկերությանը, որտեղ եւս խախտումներ էին արձանագրվել, Բ. Պիպոյանն ասաց, թե Գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության պետական ծառայության կողմից նոյեմբերի 7-15-ին «Արմֆուդում» ստուգումներ են իրականացվել, եւ հայտնաբերելով խախտումներ` տրվել է կասեցման կարգադրագիր, եւ գործարանը փակվել է: Պիպոյանի փոխանցմամբ` այդ ընկերությունում ստուգումների առիթ է հանդիսացել մի քաղաքացու բողոք-դիմումը, ով դժգոհել է, թե ընկերության արտադրած կաթից դառնահամ է զգացել: «Մենք չենք տարածել տեղեկություն, թե այդ կաթից տուժող է եղել, պարզապես քաղաքացին դառնահամ է զգացել կաթից ու բողոքել է: Բողոքող քաղաքացու անունը չենք հրապարակում, քանի որ, եթե քաղաքացին բողոքում է, մենք պիտի ինչ-ինչ նկատառումներից ելնելով` կարողանանք պահպանել դրա գաղտնիությունը: «Արմֆուդ» ընկերության մամուլի քարտուղար Բորիս Սողոմոնյանը հայտարարություն է տարածել Գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության պետական ծառայության հասցեին, սակայն ծառայությունը որեւէ մեկի նկատմամբ երբեւէ նախատրամադրվածություն չունի, որ օրը տվյալ արտադրամասը համապատասխանի անվտանգության ցուցանիշներին, մենք ինքներս կհրապարակենք դրա մասին` վերականգնելով նրա հեղինակությունը»,- ասել է Բաբկեն Պիպոյանը` հավելելով, թե «Արմֆուդ» ընկերությունում եղել են կաթի պահպանման ժամկետի հետ կապված փաստաթղթային խախտումներ, ապրանքները սերտիֆիկացված չեն եղել, չի ունեցել լաբորատորիա կամ լաբորատորիայի հետ պայմանագիր, աշխատակիցները չեն ունեցել սանիտարական գրքույկներ եւ չեն ենթարկվել բժշկական ստուգման: «Մենք գործ ունենք սննդի անվտանգության հետ, ահա ինչու հրապարակեցինք «Արմֆուդի» անունը»,- հայտարարել է Պիպոյանը: