Ո՞ւմ է ստուգելու հարկայինը

01/12/2011

2012թ. հունվարի 1-ից իրականացվելու են բացառապես ռիսկերի վրա հիմնված ստուգումներ: Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2012թ. ընթացքում ստուգումների ենթակա կազմակերպությունների ցանկը: Կոմիտեն թեստավորել եւ գործարկել է ռիսկի համակարգը: Արդյունքում` առաջին անգամ ըստ ռիսկայնության գնահատվել եւ կայքում տեղադրվել է 2012թ. ընթացքում ստուգման ենթակա կազմակերպությունների ցանկը: Այն տեղադրված է ՊԵԿ պաշտոնական կայքէջի «Հարկային տեղեկատվություն» բաժնում (taxservice.am): Ռիսկերի գնահատման համակարգը մշակվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մասնագետների հետ համատեղ: ՊԵԿ Ռազմավարական ծրագրավորման վարչության պետի տեղակալ Անդրանիկ Մուրադյանը տեղեկացրել է. «Ռիսկերի գնահատումն իրականացվում է ռիսկային չափանիշների հիման վրա, որոնք ձեւավորվում են հարկային մարմնի կենտրոնական տեղեկատվական բազայում առկա տվյալների վերլուծության արդյունքում: Ընդ որում, հարկ վճարողների միանման խմբերի համար սահմանվում են իրենց բնորոշ ռիսկային չափանիշները, որպեսզի փոքր ու խոշոր հարկ վճարողների համար չկիրառվեն միանման մոտեցումներ»: Ավելացնենք, որ օրենքով սահմանված է, որ բարձր ռիսկայնության խմբում գտնվող հարկ վճարողների մոտ ստուգումներ կարող են իրականացվել ոչ ավելի հաճախ, քան տարին 1 անգամ, միջին ռիսկայնության սուբյեկտների մոտ` 3 տարին մեկ անգամ, իսկ ցածր ռիսկայնության սուբյեկտների մոտ` 5 տարին 1 անգամ: Օրենքի համաձայն` տվյալ տարում ստուգման ենթակա տնտեսվարողների առնվազն 70%-ը պետք է կազմեն բարձր ռիսկայնության խմբում ընդգրկված սուբյեկտները, իսկ ցածր ռիսկայնության խմբում ընդգրկվածները` առավելագույնը 5%-ը: