Դատը կրկին հետաձգվեց

01/12/2011

Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում տեղի ունեցավ Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի նախկին տնօրինուհի Սուսան Նազարյանի որդու` Տիգրան Տերտերյանի` ընդդեմ «168 Ժամ» ՍՊ ընկերության եւ լրագրող Մարինե Մարտիրոսյանի դատական նիստը: Հիշեցնենք, որ անչափահաս տղան թերթից պահանջում է հերքել տեղեկատվությունն առ այն, որ ինքն այրել է դպրոցի փաստաթղթային արխիվը: Տ. Տերտերյանը թերթից պահանջում է 2 մլն դրամական փոխհատուցում` հրապարակված տեղեկատվությունը համարելով իր «պատիվն ու արժանապատվությունը» ոտնահարող: Հիշեցնենք, որ խոսքը «Տնօրենը ԿԳՆ-ին դատի է տվել» վերնագրով հրապարակման մասին է, որտեղ նշել էինք հետեւյալը. «Ի դեպ, օրեր առաջ, ըստ Էջմիածնի բնակիչների` դպրոցի նախկին տնօրինուհու որդին այրել է դպրոցի փաստաթղթային արխիվը»: Սա` այն դեպքում, երբ տեղեկատվության աղբյուրը նշել էր նույնիսկ տնօրինուհու որդու անունը, թե կոնկրետ ինչ փաստաթղթեր են այրվել, ընդ որում` բնակիչն ասել էր` հիմք ընդունելով Էջմիածին քաղաքում շրջանառվող լուրերը: Նկատենք, որ մենք չենք նշել Տիգրան Տերտերյանի անունը մեր հրապարակման մեջ, թեեւ ունեինք այդ տվյալները: Ինչեւէ, երեկվա դատական նիստը տեւեց մի քանի րոպե, քանի որ թերթը, համաձայն նախորդ դատական նիստի, հայցվոր կողմին պետք է տրամադրեր դատարանին ներկայացրած ապացույցը, այսինքն` այն ձայնագրությունը, որտեղ բնակիչներից մեկը ներկայացրել էր նշված տեղեկատվությունը: Իսկ պատասխանող կողմի` ձայնագրություն չներկայացնելը պայմանավորված էր տեխնիկական խնդիրներով (ձայնագրիչը տեխնիկական խնդիրներ ուներ): Դատական նիստը վարող դատավոր Արայիկ Մելքումյանը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայցվոր կողմը հնարավորություն չի ունեցել ծանոթանալ դատարանին ներկայացված ապացույցին (ձայնագրության տեսքով) նշյալ խնդրի պատճառով, դիմեց պատասխանող կողմին, թե արդյո՞ք նպատակահարմար են գտնում ապացույցը ետ վերցնել: Պատասխանող կողմն, անշուշտ, համաձայն չէր նշյալ առաջարկին, եւ դատարանին հայտնեց, որ մի քանի օրվա ընթացքում կփորձեն լուծել հանկարծակի առաջացած տեխնիկական խնդիրները, եւ ձայնագրությունը կտրամադրեն հայցվոր կողմին: Ինչեւէ, հաշվի առնելով, որ դատական նախորդ նիստը հետաձգվել էր այն պատճառով, որպեսզի հայցվոր կողմը հնարավորություն ստանար ծանոթանալ ձայնագրությանը, դատարանը կրկին հետաձգեց հայցի քննությունը: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին, ժամը 15:30-ին: Ընդ որում` մեկ շաբաթվա ընթացքում հայցվոր կողմի փաստաբան Գեւորգ Գեւորգյանը դարձյալ պետք է ծանոթանա ձայնագրությանը: Կարծում ենք` առաջիկայում Գ. Գեւորգյանը կլսի երկար սպասված ձայնագրությունը, ում հատկապես հետաքրքրում է, թե բնակչի հայտարարածն ու մեր հրապարակումը որքանո՞վ են իրար համապատասխան, այլ կերպ ասած` ի՞նչ հակասություններ կան երկուսի միջեւ: Ընդ որում` դատական նիստի ավարտից հետո հստակ էր այն, որ եթե անգամ պատասխանող կողմը ներկայացնի ձայնագրությունը, իսկ այնուհետ բնակիչն էլ հաստատի իր խոսքերը, ապա, ամենայն հավանականությամբ, պատասխանատվությունը կփորձեն «վերցնել» թերթից, եւ պատասխանող կողմ կդառնա բնակիչը: Մինչդեռ այդ լուրը տարածել էր ոչ միայն նշյալ բնակիչը, այլեւ Էջմիածնի մի շարք բնակիչներ, որոնցից շատերը պատրաստ են ներկայանալ դատարան եւ խոսել տարածված լուրերի մասին: Ինչեւէ, նշենք, որ վերոգրյալ հոդվածը հրապարակելուց հետո մենք խոսել էինք Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի այն ժամանակ տնօրենի պաշտոնակատար Ալվարդ Հայրապետյանի հետ, ով հաստատեց, որ դպրոցում, իսկապես, փաստաթղթեր այրվել են, ընդ որում` դպրոցի շինարարության աշխատանքների մասին վկայող թղթեր, բայց վերջինս, իհարկե, չհիշատակեց Տիգրան Տերտերյանի անունը` նշելով, թե իրենք չգիտեն` ո՞վ է վառել, քանի որ ծուխ էր, եւ փաստաթղթերն այրողը դուրս էր եկել դպրոցի պատուհանից: Դպրոցի մանկավարժական կոլեկտիվից եւս հաստատեցին այն լուրերը, համաձայն որի` արխիվ է վառվել, եւ որ իրենք լսել են Տ. Տերտերյանի անունը: Հիշեցնենք նաեւ, որ նշյալ դպրոցի նախկին տնօրինուհի Սուսան Նազարյանի` ընդդեմ «168 Ժամ» թերթի եւ լրագրող Մարինե Մարտիրոսյանի դատական հայցի քննությունը կասեցվել է` Նազարյանի դեմ հարուցված քրեական գործի պատճառով: Նախկին տնօրինուհին թերթից պահանջել էր հերքել տեղեկատվությունն այն մասին, որ ինքը «դպրոցում անառողջ բարքեր ստեղծող, աշակերտներին սեռական բնույթի վիրավորանքներ-հայհոյանքներ տվող տնօրինուհի է»: Ս. Նազարյանը 2 մլն դրամ փոխհատուցման պահանջ է ներկայացրել իր «պատիվն ու արժանապատվությունը» վիրավորելու համար: Եվ սա` այն դեպքում, երբ նրա կերպարին ու գործերին անդրադարձել էին հայաստանյան բազմաթիվ ԶԼՄ-ներ: Մինչդեռ նախկին տնօրինուհու թիրախում հայտնվել էր «168 Ժամ»-ը: Իսկ թերթին դատի տալու պատճառն այն էր, որ մենք առաջինն անդրադարձանք Ս. Նազարյանի «գործունեությանը», եւ առավել, քան հետամուտ էինք դպրոցում տիրող բարքերի լուսաբանմանը: ԶԼՄ-ների պայքարի արդյունքում Արմավիրի մարզի դատախազի ցուցումով հարուցվեց քրեական գործ, ապա ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի կողմից տրվեց խիստ նկատողություն, որից հետո ապրիլի 30-ին Ս. Նազարյանը հեռացվեց աշխատանքից` պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար: Այնպես որ, զարմանալի չէ Ս. Նազարյանի «վրեժխնդրության» այս տարբերակը. նախ` ԿԳՆ-ին, ապա` մեր թերթին դատի տալու քայլերը:

«168 ԺԱՄ»