«Հայ եւ թուրք գործարարների համար կարեւորը փող աշխատելն է»

01/12/2011 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

– Ինչո՞ւ հանկարծ սկսեցիք հետաքրքրվել Հայաստանի հետ գործարարության կապերով:

Թալիփ Բուլութ– Նախ ասեմ, որ շատ ուրախ եմ Հայաստան գալու համար: Սա իմ երկրորդ այցելությունն է. առաջին անգամ Հայաստան եկա նախորդ տարի: Իմ այցելությունները պայմանավորված են գործարարության նպատակներով: Կարծում եմ` հայ-թուրքական սահմանները պետք է բացվեն շուտով, ավելին` շատ շուտով, քանի որ երկու կողմերն էլ դրա կարիքն, իսկապես, ունեն: Թուրքիայից Հայաստան ապրանքների արտահանումն իրականացնում ենք Վրաստանի տարածքով, ինչն ավելի է բարձրացնում գները: Իսկ եթե սահմանները բացվեն, արտահանումը կկատարվի արագ, գներն էլ ավելի մատչելի կլինեն:

Ադիջան Ալիբեյօղլու– Ես զբաղվում եմ շենքերի շինարարությամբ: Հայաստան եկել եմ Կարսից, ընդ որում` եկել եմ ավտոմեքենայով: Մասնակցեցի հայ-թուրքական գործարարության համաժողովին: Ճիշտն ասած, շատ տպավորվեցի Հայաստանով, եւ, թերեւս, դեռ էլի կգամ: Ասեմ, որ իմ նախապապերը Կարս են եկել Հայաստանից: Հայրս քուրդ է, մայրս` թուրք:

– Ի դեպ, պարոն Ադիջան, Թուրքիայի երեք առաջնային հարցերից մեկը քրդական հարցն է: Խնդրի ինչպիսի՞ լուծում եք ակնկալում:

Ա.Ա.– Այո՛, Թուրքիայում կա այդ խնդիրը, բայց ես նախընտրում եմ չխոսել այդ թեմայով: Խնդիրը խիստ քաղաքական է: Ես պարզապես գործարար եմ, ում քաղաքական հարցերը չեն հետաքրքրում:

– Իսկ չե՞ք կարծում` անկախ թուրք եւ հայ գործարարների` սահմանների բացելու ցանկությունից, դա նախեւառաջ քաղաքական, ավելի հստակ` երկու Կառավարությունների համար լուրջ խնդիր է` հատկապես հաշվի առնելով, որ 1993թ. հայ-ադրբեջանական պատերազմի պատճառով Թուրքիան փակեց սահմանները Հայաստանի հետ:

Թ.Բ.– Հարցին կպատասխանեմ բավական հակիրճ: Ինչպես վերը նշեցի, սա իմ երկրորդ այցելությունն է: Դեռեւս առաջին այցելության ժամանակ ես տեսա, որ հայ հասարակությունը սահմանները բացելու խնդիր չունի, եւ խնդիրը միայն քաղաքական բնույթ ունի:

– Շաբաթներ առաջ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Լոնդոն կատարած այցելության ժամանակ սահմանների բացման մասին ընդգծեց, որ հարցը դժվարին է, եւ այն չի կարելի լուծել մեկ քայլով: Ըստ Ձեզ` խնդիրը բարդ է, քանի որ կա ղարաբաղյան հարցը, այո՞:

Թ.Բ.– Այո՛, բայց դա մարդկանց խնդիրը չէ, այլ երկու երկրների կառավարությունների: Ես քաղաքական գործիչ չեմ, որ հանգամանորեն դիտարկեմ խնդիրը: Ես գործարար եմ, որը սահմանների բացումը դիտում է շահերի, եկամուտի տեսանկյունից: Թե՛ հայ, թե՛ թուրք գործարարի համար կարեւորը փող աշխատելն է, եւ նրանք չեն մտածում կառավարությունների խնդիրների մասին:

Ա.Ա.– Կարծում եմ` Հայաստանը կարող է զարգանալ միայն զբոսաշրջությամբ: Օրինակ, կարսեցիները կարող են գալ Հայաստան եւ` հակառակը, այսպես ասած` ստացվում է զբոսաշրջություն: Իսկ հայ-թուրքական հարաբերությունների ակտիվացման համար անհրաժեշտ է սահմանների բացումը: Բայց սահմանները չեն բացվում, քանի որ Թուրքիան պետական խնդիրներ ունի Ադրբեջանի հետ, եւ ես չեմ ուզում խոսել այդ թեմայով: Դա Թուրքիայի խնդիրն է, թեեւ ես` որպես Թուրքիայի քաղաքացի, ցանկանում եմ տեսնել սահմանների բացումը: Իսկ այդ խնդրի լուծման համար անհրաժեշտ է, որպեսզի ղարաբաղյան հարցը լուծվի: Մինչեւ այդ հարցը չլուծվի, Թուրքիան չի կարող բացել սահմանները: Իսկ ղարաբաղյան հարցի կարգավորման համար պետք է միջնորդի Ամերիկայի Միացյալ Նահանգները, եւ միայն այդ դեպքում հարցը խաղաղ լուծում կստանա:

– Եվ ինչո՞վ է մեր փոքրիկ երկիրը եկամտաբեր թուրք գործարարի համար:

Թ.Բ.
– Բիզնեսը բիզնես է ամեն տեղ` Հայաստանում, թե ամբողջ աշխարհում: Գտնում եմ, որ սահմանների բացումը կխթանի, եւ երկու երկրների տնտեսությունները մեծ եկամուտներ կունենան, ընդ որում` շատ արագ: Կարծում եմ` Հայաստանը մեծ ներուժ ունի էներգետիկայի, զբոսաշրջության եւ այսօր արդեն` կահույքագործության ոլորտներում: Գիտենք նաեւ, որ տնտեսության կառուցվածքը բավական բարդ է Հայաստանում, որտեղ առեւտրական կապերն այլ երկրների հետ շատ քիչ են: Հայաստանն այլ երկրների համեմատ` տնտեսական, ֆինանսական առումով զբաղեցնում է վերջին տեղերից մեկը, որովհետեւ երկիրը փոքր է: Բայց, միեւնույն ժամանակ, կարծում եմ, որ երկրի փոքր լինելն օգնում է օտարերկրացի գործարարին, ով մեծ քաղաքների դեպքում ստիպված է որոշակի հետազոտություն կատարել, գտնել վստահելի պատվիրատուների, եւ այլն, մինչդեռ փոքր երկրներում նման խնդիր չկա: Այսինքն` Հայաստանում բոլորն իրար ճանաչում են, եւ դա կարեւոր ազդակ է օտարերկրացի ներդրողների համար: Ամեն դեպքում, մենք որեւէ խնդիր չունենք հայ գործարարների հետ, որոնց հետ հաղորդակցվում ենք, սակայն գլխավոր խնդիրը շարունակում է մնալ սահմանների բացումը:

– Դուք անընդհատ շեշտում եք սահմանների բացման առավելությունը Հայաստանի համար: Իսկ ի՞նչ կտա Թուրքիային սահմանների բացումը, ի՞նչ կփոխվի Թուրքիայում:

Թ.Բ.– Դուք կտեսնեք, թե ինչպիսի փոփոխություններ կլինեն սահմանների բացումից հետո: Այստեղ վաճառում եմ մոտ 1 մլն դոլարի արտադրանք, եւ տեղի բիզնեսմենները կհարստանան, իսկ եթե բիզնեսմենը հարստանում է, նա ավելի շատ հարկեր է վճարում պետությանը, իսկ երբ Կառավարությունը ստանում է ավելի շատ հարկեր, մարդկանց սոցիալական մակարդակն անհամեմատ լավանում է, եւ մարդիկ ապրում են ավելի հարմարավետ: Այնուամենայնիվ, Հայաստանը պետք է վերսկսի արտադրությունը, չնայած կան ընկերություններ, որոնք արդեն սկսել են: Ձեր երկրի տնտեսությունը կհարստանա միայն այդ դեպքում:

Ա.Ա.– Սահմանների բացումը կխթանի երկու երկրների միջեւ զբոսաշրջության զարգացմանը, ինչի մասին արդեն խոսել եմ: Հայաստանի դեպքում կարող եմ ասել, որ երկիրը մեծ հեռանկարներ ունի նաեւ շինարարության ոլորտում: Ինքս արդեն ծանոթացել եմ այս ոլորտի մարդկանց հետ: Մտադիր եմ շինարարական ծրագիր իրականացնել Հայաստանում, եւ կարծում եմ` անպայման կվերադառնամ: Չէ՞ որ, ի վերջո, ես գործարար եմ, եւ ոչ թե քաղաքական գործիչ: