Պարզվում է, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հիասթափություն է ապրել Սահմանադրական դատարանի հայտնի որոշման հետ կապված: Այդ մասին նա հայտնել է երեկ կայացած ասուլիսում:
Ըստ նրա, Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելով` դատարանը խիստ մարդկային վերաբերմունք կցուցաբերեր լրատվամիջոցների նկատմամբ: «Ակնհայտ է, որ ինչքան ավելի հեշտ կլիներ եւ կարելի էր հերոսանալ, գոնե այսօր ժամանակավոր բոլոր լրագրողների հետ միասին ուրախանալ, որ մի քանի օրերի ընթացքում լուծվեց խնդիրը, եւ բոլոր դատական հայցերը մերժվեցին: Ես իսկապես կուզեի, որ Սահմանադրական դատարանը, հակասահմանադրական ճանաչելով` մի հարվածով լուծեր այսօր եղած գործերի խնդիրը»,- ասել է նա: Հիշեցնենք, որ ՍԴ-ն նոյեմբերի 15-ին, քննելով Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի դիմումը Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի սահմանադրականության հարցով, որոշեց, որ հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանը: ՍԴ-ն միեւնույն ժամանակ մի շարք իրավական մոտեցումներ ներկայացրեց, մասնավորապես, որ լրատվամիջոցների նկատմամբ զրպարտության եւ վիրավորանքի գործերով փոխհատուցման չափը սահմանելիս պետք է հաշվի առնել պատասխանողի գույքային դրությունը: Երեկ Կ. Անդրեասյանն ասել է, որ մանրամասն ծանոթանալով ՍԴ-ի որոշմանը, եկել է այն եզրակացության, որ դատարանը չի մերժել իր դիմումը, քանի որ մի շարք դրական իրավական գնահատականներ է տվել իրեն անհանգստացնող հարցերի շուրջ: Մյուս կողմից, ըստ Կարեն Անդրեասյանի, որոշումն այս տեսքով չի կարող դրական ազդեցություն ունենալ այժմ դատարաններում քննվող գործերի վրա: «Այս որոշման այսպիսի ձեւը դրական չի կարող լինել, որովհետեւ, եթե ՍԴ-ն օրենքը ճանաչեր հակասահմանադրական, ապա դա անմիջական եւ ուղիղ հետեւանքներ կունենար բոլոր այն լրատվամիջոցների համար, որոնք հիմա դատարաններում են` անկախ նրանից` այդ լրատվամիջոցները արդարացիորե՞ն են ենթարկվել որոշակի տույժի, թե՞ անարդարացիորեն»,- հայտարարել է նա: Ըստ օմբուդսմենի, դրույթը լրացումների, հստակեցումների կարիք ունի, բայց, ընդհանուր առմամբ, դրա ընդունումը դրական է: Առաջին հերթին պետք է հստակեցնել լրատվամիջոցների ֆինանսական պատասխանատվության վերին շեմը: «Որպես մարդ` ես կցանկանայի, որ դատարանը հոդվածը հակասահմանադրական ճանաչեր եւ վերջակետ դներ դատաքննություններում: Դա մարդկային կլիներ, ոչ պրոֆեսիոնալ: Չի կարելի մի քանի գործերի պատճառով վակուում ստեղծել»,- ասել է Անդրեասյանը` հավելելով, որ չնայած թերություններին` հոդվածը լավագույններից է Եվրոպայում: Խնդրի լուծման համար նա առաջարկում է երկու եղանակ: Առաջինը` հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների ջանքերով նախաձեռնել օրենսդրական փոփոխություններ, անձամբ խոստանալով իր աջակցությունը, երկրորդը` ներդնել ինքնակարգավորման մեխանիզմը: Ըստ Անդրեասյանի, քաղաքակիրթ եղանակը հերքում պահանջելն է: «Բայց այստեղ կա խնդիր: Լրատվամիջոցների մի մասը կամ հրաժարվում է հերքում տպագրել, կամ այնպիսի հերքում են հրապարակում, որ միայն խորացնում են իրավիճակը»,- նշել է նա: Պատասխանելով հարցին, թե որքանով է իրատեսական, որ օլիգարխները հերքում պահանջեն` դատարան գնալու փոխարեն, Անդրեասյանը ասել է, որ դատարան դիմելը ամեն մարդու գործն է, «բայց օլիգարխը պետք է ամաչի միանգամից դատարան գնալուց` նախապես հերքում չպահանջելով»: Ազատություն» ռ/կ-ի դիտարկմանը, թե Սահմանադրական դատարանը պնդում է, որ իր ուղենիշները պարտադիր իրավական ուժ ունեն բոլոր պետական մարմինների համար, ավելին` դրանք օրենքից էլ բարձր են գնահատվում, Կարեն Անդրեասյանը արձագանքել է. «Օրինապահ, արդար, միջին գրագիտության դատավորի դեպքում ՍԴ-ի որոշումը եւ այսօրվա օրենքը բավական են, որպեսզի որեւէ լրատվամիջոց չտուժի խոսքի ազատության սահմանափակումից: Հաշվի առնելով, որ Հայաստանում անօրեն դատարանի, դատավորի ֆենոմենը կա, որի մասին ես շատ եմ խոսել, ցավալիորեն ՍԴ-ի կայացրած որոշումը կարող է նույնիսկ բավարար չլինել»: Երեկ Կ. Անդրեասյանն անդրադարձել է նաեւ ընդդիմության հանրահավաքներից առաջ մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքի խախտման մասին մամուլի բարձրաձայնած դեպքերին` նշելով, թե դրանց հետքերով Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը չի գնալու, քանի որ որեւէ դիմում կամ հեռախոսազանգ չեն ստացել, իսկ մամուլի հրապարակումը վարույթ հարուցելու հիմք չէ: Օմբուդսմենը նաեւ վստահեցրել է, որ աջակցություն չի զգում ոչ իշխանությունից, ոչ էլ ընդդիմությունից: «Չունենք քաղաքական հենարան ոչ իշխանության, ոչ ընդդիմության մեջ: Ինձ համար երբեւէ այդքան էլ կարեւոր չի եղել իշխանության կամ ընդդիմության աջակցությունը, սերը, ոգեւորությունը, այլ ավելի շատ կարեւոր է եղել քաղաքացիական հասարակության որոշակի ինստիտուտների աջակցությունը»,- ասել է օմբուդսմենը:
Կ Անդրեասյանը երեկ կրկին դժգոհել է Արդարադատության խորհրդից` հիշեցնելով, որ իր որեւէ դիմումի հիման վրա խորհուրդը վարույթ չի սկսել, չի քննել դատարանի` օմբուդսմենի կարծիքով` ապօրինի որոշումները: «Այդ երանելի օրը, երբ Մարդու իրավունքների պաշտպանի դիմումը Արդարադատության խորհրդում կհասնի հաջողության, կլինի առաջին օրը, երբ ես կասեմ, որ գտա առաջին անօրեն դատավորին»,- ասել է Անդրեասյանը: Իր պաշտոնավարման ընթացքում` մարտից մինչ օրս, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը շուրջ 3000 գրավոր եւ բանավոր բողոքներ է ստացել: Առաջին տեղում դժգոհություններն են Ոստիկանությունից, այնուհետեւ` դատարանները, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը եւ Երեւանի քաղաքապետարանը: Գրավոր բողոքների 10 տոկոսը դրական լուծում չի ստացել: Բանավորի դեպքում այլ է, ինչպես օմբուդսմենն ասաց, օրինակ, գոնե բացատրել են, որ այլ հասցեով է դիմել: Մարտի 1-ի զոհերի հարազատներից պաշտպանի գրասենյակը դիմում չի ստացել, իսկ բանակում սպանված ութ զինվորների գործերով գրասենյակը պատասխանի է սպասում Զինդատախազությունից: