Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ` Հայաստանում, այսօր նշվում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը:
ՀՀ Առողջապահության նախարարությունն (ԱՆ)` ի դեմս «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի», տարատեսակ միջոցառումներ իրականացնելով, փորձում է հասարակության լայն խավերի ուշադրությունը գրավել այս խնդրի վրա` տեղեկացնելով այս հիվանդությունից խուսափելու ճանապարհների, ինչպես նաեւ` դրա վտանգավորության մասին:
Հարկ է նշել, որ ՄԻԱՎ (Մարդու իմունային անբավարարվածության վիրուս)-ՁԻԱՀ-ի ազգային ծրագրի շրջանակներում 2005թ.-ից ՄԻԱՎ վարակով հիվանդ քաղաքացիներին տրամադրվում է անվճար բուժում: ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մասնագետները վստահեցնում են, որ Հայաստանում ներկայումս բուժումը հասանելի է դրա կարիքն ունեցող բոլոր հիվանդների համար: Կենտրոնի բժիշկ-համաճարակաբան Վարդան Արզաքանյանի հավաստմամբ` եթե նախկինում ՄԻԱՎ վարակը համարվում էր անբուժելի, ապա այսօր այն դասվում է քրոնիկ հիվանդությունների շարքին: Վ. Արզաքանյանի խոսքով` ՀՌՎ (հակառետրովիրուսային) բուժման շնորհիվ հնարավոր է կառավարել ՄԻԱՎ վարակի զարգացման ընթացքը, երկարաձգել ՄԻԱՎ-ով ապրողների կյանքն ու բարելավել դրա որակը: Բացի այդ, բուժումը զգալիորեն նվազեցնում է մահացությունն ու հիվանդացությունը, կրճատում է ՄԻԱՎ վարակով հիվանդների հոսպիտալացումների թիվը` նպաստելով նրանց ակտիվ կենսակերպ վարելուն: Հայաստանում ՄԻԱՎ վարակի առաջին գրանցված դեպքը եղել է 1988թ., որի վարակման ուղին փոխանցվել է հետերոսեքսուալ ճանապարհով: Ընդ որում` մեկ տարի անց մեր երկրում գրանցվել է ՁԻԱՀ-ից մահվան առաջին դեպքը: 1990-ականներից սկսած` արդեն արձանագրվել են թմրամիջոցների ներարկային օգտագործման, հոմոսեքսուալ ճանապարհներով վարակման դեպքերը, ինչպես նաեւ` կանանց շրջանում գրանցված դեպքերն ու երեխաների շրջանում ՄԻԱՎ վարակի եւ ՁԻԱՀ-ի գրանցված դեպքերը: ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մասնագետների տվյալներով` 1988թ.-ից մինչեւ 2011թ. հոկտեմբերի 31-ը ՀՀ-ում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1127 դեպք, որոնցից միայն 148-ը` 2010թ. ընթացքում: «Հայաստանում ՄԻԱՎ-ով ապրող ոչ այնքան մարդկանց թիվն է ավելացել, որքան այդ վարակը կրող մարդկանց հայտնաբերման դեպքերը: Այսինքն` թվի աճը պայմանավորված է ՄԻԱՎ ունեցող մարդկանց հայտնաբերմամբ: Եթե նախկինում մարդիկ կաշկանդվում կամ վախենում էին հետազոտվել, ապա այսօր մի փոքր կոտրվել է այդ կարծրատիպը, եւ կասկածի դեպքում ցանկանում են իմանալ, թե իրենց առողջությունն ինչ վիճակում է»,- ասում է Վ. Արզաքանյանը` վստահեցնելով, որ այդ վարակը հայտնաբերելիս, բնականաբար, հիմնականում հիվանդը հայտնվում է հոգեբանական ծանր վիճակում, ոմանք նույնիսկ ինքնասպանություն կատարելու ելքեր են որոնում: ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի հոգեբանները աշխատում են ոչ միայն շոկային վիճակում գտնվող հիվանդի, այլեւ` նրա ընտանիքի անդամների եւ հարազատների հետ: Մշտական խորհրդատվությունները ՄԻԱՎ ունեցող հիվանդին հնարավորինս բերում են հոգեկան հավասարակշռության, իսկ ընտանիքի անդամների հետ աշխատանքը միտված է հիվանդի հետ ադեկվատ փոխհարաբերություններ ստեղծելուն: Մասնագետները վստահեցնում են, որ ՄԻԱՎ-ով ապրող մարդու ընտանիքում այնքան վտանգավոր չէ հիվանդը, որքան վտանգավոր են նրա ընտանիքի անդամները: «Որովհետեւ ՄԻԱՎ-ով վարակված մարդն ինքնին խոցելի է, իսկ ընտանիքի անդամների ընդգծված եւ ոչ ադեկվատ վերաբերմունքը նրան ավելի է վնասում: Կա որոշակի հոգեբանական ճնշում, որը ՄԻԱՎ ունեցող մարդուն ավելի վատ դրության մեջ է գցում: Օրինակ` ընտանիքի անդամներն առանձնացնում են կենցաղային իրերը, հագուստը` չհասկանալով, որ ՄԻԱՎ վարակը կենցաղային ճանապարհով չի փոխանցվում»,- տեղեկացնում են մասնագետները: Ի դեպ, մեր երկրում արձանագրված ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները` 797 մարդ, մինչեռ իգական սեռի ներկայացուցիչներից 330-ն ունեն այդ վարակը: Հայաստանում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 22 դեպք երեխաների մոտ: Նրանցից 20-ը վարակվել են մորից, 2-ը` դոնորական արյունից: Մասնագետների տվյալներով` ՀՀ ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են հետերոսեքսուալ ճանապարհը եւ թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը: Սրանից բացի, արձանագրվել են հոմոսեքսուալ ճանապարհով, մորից` երեխային եւ արյան միջոցով ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքեր: ՄԻԱՎ վարակով հիվանդներից 536-ի մոտ (կին` 124, երեխա` 11) ախտորոշվել է ՁԻԱՀ, ընդ որում, 94-ի մոտ` 2010թ. ընթացքում: Համաճարակի սկզբից գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 258 դեպք, որոնց թվում կան 43 կին եւ 5 երեխա: Բժիշկ-համաճարակաբան Վ. Արզաքանյանը նաեւ տեղեկացնում է, որ Հայաստանում կան նաեւ ՄԻԱՎ-ով 70-ն անց տատիկներ եւ պապիկներ, որոնք ապրել են սեռական նորմալ կյանքով: «7 պապիկ եւ երկու տատիկ ՄԻԱՎ-ով վարակված են: Պետք է նշեմ, որ շատերի մոտ ՄԻԱՎ վարակը հայտնաբերվում է հետմահու, քանի որ նրանք այդ վարակի համար չեն հետազոտվել եւ չեն էլ իմացել, որ կրում են վարակը: Ամուսնական զույգերի մոտ հայտնաբերելիս հիմնականում խնդիրներ են լինում, քանի որ զույգերից մեկի մոտ ՄԻԱՎ վարակ ախտորոշելիս նույնիսկ ընտրում են ամուսնալուծության ճանապարհը»,- ասում է Վ. Արզաքանյանը` հավելելով, որ ոչ ոք ապահովագրված չէ ՄԻԱՎ-ով վարակվելուց: ՀՀ Առողջապահության նախարարության եւ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի Աղվերանում կազմակերպած սեմինարի ժամանակ լրագրողներից մեկի հարցին, թե արդյո՞ք Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում ՄԻԱՎ վարակակիր մարդ կա, ի պատասխան` Վ. Արզաքանյանն ասաց, որ նա իրավունք չունի նման հարցերի պատասխանել, քանի որ դա կդիտվի որպես մարդու իրավունքի խախտում: Վերջինս տեղեկացրեց, որ ՄԻԱՎ վարակակիր անձանց տվյալները հրապարակման ենթակա չեն, հետեւաբար` այս հիվանդության առանձնահատկությունը հաշվի առնելով` բուժման պրոցեսը նույնպես իրականացվում է գաղտնիության սկզբունքով: Չնայած դրան` մասնագետը հիշեցնում է, որ ՄԻԱՎ-ով կարող են վարակվել հասարակության բոլոր խմբերը եւ խավերը, իսկ պաշտոնական դիրքը կամ կոչումները մարդուն չեն ապահովագրում ՄԻԱՎ-ով վարակվելու վտանգից: Հետաքրքիր է, որ մեր երկրում որքան աճում է թմրամոլությունը, դրան զուգահեռ` նաեւ ավելանում են թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակվածների դեպքերը: Վերոնշյալ ճանապարհով վարակվածներից բոլորն էլ, ըստ մասնագետների, եղել են տղամարդիկ: «Թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակված տղամարդկանց մեծամասնությունը ժամանակավոր բնակվել եւ, հավանաբար, ՄԻԱՎ-ով վարակվել է ՌԴ-ում եւ Ուկրաինայում»,- վստահեցնում է կենտրոնի բժիշկ-համաճարակաբանը: Ի դեպ, ՄԻԱՎ վարակի դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է մայրաքաղաք Երեւանում` 459 դեպք, իսկ երկրորդ տեղում Շիրակի մարզն է, որտեղ բենզոնիստները մեծ թիվ են կազմում եւ համարվում են թմրամիջոցների ներարկային օգտագործման ճանապարհով ՄԻԱՎ-ով վարակվելու թիրախային խումբ: Բացի դա, այս հիվանդության դեպքերը հիմնականում մեծ թիվ են կազմում Հայաստանի այն մարզերում, որտեղ արտագաղթը նույնպես մեծ է` Շիրակի, Լոռու, Արմավիրի մարզերում նույնպես ՄԻԱՎ վարակակիրների բարձր ցուցանիշ է արձանագրվել:
Ոչ պաշտոնական տվյալներով` մեր երկրում 7000-8000 մարմնավաճառ կա
Ինչեւէ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համար ձեռնարկվող միջոցառումների շրջանակում կատարված իրավիճակային վերլուծությունները եւ պարբերական համաճարակաբանական հսկումը թույլ են տալիս արձանագրելու, որ մեր երկիրը գտնվում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի երկրորդ կամ խտացման փուլում: Այլ կերպ ասած` վարակը կուտակված է ռիսկի խմբերում` մարմնավաճառներ, թմրամոլներ, հոմոսեքսուալներ եւ այլն: «Իրավիճակային վերլուծությունը հնարավորություն տվեց պարզելու, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի նկատմամբ խոցելի խմբերի առաջնահերթ ոլորտները` թմրամիջոցների ներերակային օգտագործողները, մարմնավաճառները, ազատազրկման վայերում գտնվող անձինք, միգրանտները եւ երիտասարդներն են»,- վստահեցնում են ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մասնագետները: Ընդ որում, հետազոտությունները ցույց են տվել, որ ՀՀ-ում սեռական վարքագիծ դրսեւորող ամենաբնորոշ խմբի ներկայացուցիչները մարմնավաճառներն են: ՀՀ ոստիկանության տվյալներով` Հայաստանում կա 1800 մարմնավաճառ, որոնց գրեթե կեսը Երեւանում է: Մինչդեռ ոչ պաշտոնական տվյալներով` նրանց թիվը հասնում է 7000-8000-ի: Մասնագետների գնահատմամբ` մարմնավաճառների շրջանում թմրամիջոցների օգտագործման փորձ ունի 11%-ը, որից 4,4%-ը` ներերակային ճանապարհով: Ոստիկանության եւ առողջապահական մարմինների հսկողության տակ են գտնվում հիմնականում փողոցային մարմնավաճառները, մինչդեռ գաղտնիք չէ, որ մեր երկրում գործում են նաեւ էլիտար, արտագնա մարմնավաճառության տեսակները, որոնց հանդեպ վերահսկողություն չկա: Անդրադառնալով հոմոսեքսուալ տղամարդկանց` մասնագետները նշում են, որ միայն 2002թ. ՄԻԱՎ-ի նկատմամբ կամավոր եւ անանուն լաբորատոր հետազոտություն է անցել 50 հոմոսեքսուալ տղամարդ: Հաշվի առնելով հոմոսեքսուալիզմի հասարակական կոշտ ընկալումները` նման մարդիկ հիմնականում խուսափում են «բացահայտվելուց» եւ ապրում են ստվերում:
Ո՞ւր են սոցիալական գովազդները
Այդուհանդերձ, այսօր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է: ՀՀ առողջապահության նախարարությունն, արդեն մեկ շաբաթ է` միջոցառումներով, սեմինարներով եւ ասուլիսներով փորձում է հասարակության ուշադրությունը հրավիրել այս վարակից խուսափելու կամ կասկածի դեպքում` հնարավորինս արագ հետազոտվելու վրա: Միջազգային հեռուստաընկերությունները ողողված են ՁԻԱՀ-ի դեմ պայքարի մասին սոցիալական գովազդներով: Այդ հրեշավոր հիվանդության մասին չեն դադարում ահազանգել համաշխարհային ճանաչում ունեցող դեմքերը, շոու-բիզնեսի ներկայացուցիչները: Մեր հեռուստաընկերությունները լռում են` սահմանափակվելով միայն այդ թեմայով սեմինարների եւ ասուլիսների լուսաբանմամբ: Համաձայն «Գովազդի մասին» ՀՀ օրենքի` «Գովազդակիրը պարտավոր է բնակչության առողջության եւ առողջապահության, բնության պահպանության, սոցիալական պաշտպանության հարցերով ազգային շահեր ներկայացնող եւ առեւտրային բնույթ չկրող գովազդների համար առաջնահերթ տարեկան տրամադրել գովազդին հատկացվող եթերային ժամանակի ոչ պակաս, քան 5 տոկոսը»: Ի դեպ, սոցիալական գովազդի հիմնական պատվիրատուն պետությունն է, սակայն դժվար է հիշել, թե վերջին անգամ մենք երբ ենք պետության կոչը լսել կամ տեսել սոցիալական գովազդի միջոցով: «Գովազդի մասին» օրենքը նաեւ սահմանում է` «Սոցիալական գովազդի տեղաբաշխման պատվերները ներկայացնում են ՀՀ նախարարությունները, գերատեսչությունները, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես նաեւ` ոչ պետական կազմակերպությունները»: Հայաստանում չկա պատվիրատու` չկա նաեւ հեռարձակող: Մինչդեռ աշխարհի բոլոր զարգացած երկրներում սոցիալական գովազդի միջոցով պետական լուրջ քաղաքականություն է տարվում: ԱՄՆ-ում տարեկան սոցիալական գովազդի 80.000 հոլովակ է պտտվում եւ հեռարձակվում: Ընդ որում, ամերիկյան փորձը ցույց է տվել, որ սոցիալական գովազդների ազդեցությունն, օրինակ` ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համար ավելի արդյունավետ է, քան խմբագրական հոդվածները կամ այլ միջոցառումները: Մեր երկրում հսկայական գումարներ են ծախսվում սեռական դաստիարակության մասին գրքույկների, բրոշյուրների տպագրության վրա, որոնք մեծամասամբ չեն գտնում իրենց հասցեատերերին: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով վարակվելու ամենաառաջին վտանգը անիրազեկությունն է: