Ճարմանդների արքայի վերադարձն արմատներին

01/12/2011

Ճարմանդ ընտրելիս ո՞վ կարող է նույնքան նրբաճաշակ լինել, ինչպես Ռոբերտ Թաթեոսյանը: Ոչ պատահականորեն ճարմանդների արքա հռչակված հայկական արմատներ ունեցող բրիտանացի գործարարը նոյեմբերի 17-ին Երեւանում էր, նրա վերնաշապիկի թեւքերը զարդարում են «Հազվագյուտ քարեր» հավաքածուից` իրենց ձեւի մեջ աշխարհում միակ ճարմանդները (ջՈտՏվՍՈ), որոնք Ռոբերտն ընտրել է հատուկ օրվա առիթով: «Ինձ համար մեծ պատիվ է այստեղ գտնվել: Արմատներս հայկական են, եւ ես մեծ հաճույքով ու ինձ համար մեծ պատիվ համարելով եմ Երեւան եկել: Ինչ-որ իմաստով` սա վերադարձ է իմ արմատներին, որոնցով ես շատ հպարտանում եմ»,- ասել է Ռոբերտ Թաթեոսյանը:

1990 թվականին հիմնադրված «Թաթեոսյան Լոնդոն» ընկերությունը զբաղվում է բարձրակարգ զարդերի դիզայնով եւ արտադրությամբ: Թաթեոսյանն աշխարհում հայտնի է դարձել իր բարձրակարգ ճարմանդներով: Իսկ ամեն ինչ սկսվել է հետեւյալ կերպ. Ռոբերտ Թաթեոսյանը մոտ յոթ տարի բանկային ոլորտում աշխատելուց հետո որոշում է սեփական բիզնես սկսել: Այդ ժամանակ նա 27 տարեկան էր ու երեք ցանկություն ուներ: «Նախ` ուզում էի, անպայման, նորաձեւության աշխարհում հայտնվել, երկրորդը` պարտադիր ուզում էի ինքս իմ ղեկավարը լինել: Երրորդ հերթին էլ արդուզարդի շուկայում հայտնաբերեցի մի մեծ բացթողում. խոսքը ճարմանդների մասին է: Բանկային գործում լուրջ մարդու տպավորություն թողնելու համար պետք է ունենաս այդ ճարմանդներից»,- պատմել է Ռոբերտը:

 

 

Բրիտանացի գործարարը, բացի Երեւանում խանութ-սրահ բացելուց, արտադրություն սկսելու մտադրություն էլ ունի. «Բուտիկն ընդամենը մեկնակետ եմ համարում: Հայաստանում շատ ավելի անելիքներ կան, վստահ եմ: Հավաքածուներս նախագծելու համար ինձ միշտ ներշնչանք է պետք տարբեր աղբյուրներից. Հայաստանը մշակութային հարուստ ժառանգություն ունի, ապագայում այստեղ բիզնես ծավալելու երկու հնարավորություն եմ տեսնում»,- ասել է նա:

«Tateossian London» ընկերությունը ճարմանդների դիզայն է մշակում հանրահայտ այնպիսի նորաձեւության տների համար, ինչպիսիք են «Zegna»-ն, «Canali»-ն, «Corneliani»-ն: «Tateossian London»-ի արտադրանքը վաճառվում է աշխարհի ավելի քան 50 երկրում: «Երեւանի խանութում առաջարկվող հավաքածուն միշտ ամենաթարմն է լինելու, նույնը, ինչ Լոնդոնի մեր խանութում է առաջարկվում: Տարեկան երկու հավաքածու ենք արտադրում: Ցանկացած մարդ, ով ուզում է ունենալ արդուզարդի բացառիկ առարկա, կկարողանա դա իրեն թույլ տալ` ծախսելով 150-ից մինչեւ 10.000 դոլար»,- նշել է Ռոբերտ Թաթեոսյանը: «Պարոն Թաթեոսյանին հաջողվել է բացահայտել «Հայկական աշխարհ» ծրագրի շրջանակներում: Գիտեք` այս ծրագրի նպատակն է` ծանոթացնել հայ պոտենցիալ սպառողին հայ արտադրողներին, բացահայտել աշխարհում հայտնի հայ արտադրողին եւ փորձել նրանց մեջ արթնացնել հայ լինելու ցանկությունը: Պարոն Թաթեոսյանի դեպքում դա մեզ հեշտությամբ հաջողվեց, ինչը դրսեւորվեց հենց այս այցով»,- ասել է «Աշխարհի հայերին» «Շանթի» եթերում ներկայացնող «Հայկական աշխարհ» նախագծի հեղինակ Արտյոմ Երկանյանը:

Bravo.am