Շագանակենի ցանովին հնագույն ժամանակներից աճել է մեր պատմական հայրենիքի բնական պայմաններում, հին հայերը բույսն անվանել են կասկենի։ Աշխարհը ճանաչում է այդ տեսակը Castanea sativa գիտական անվանումով, ռուսներն այն անվանում են «ՍՈՔՑՈվ»։ Այն հզոր, օվալաձեւ սաղարթով ճյուղավորված ծառ է, տերեւները սուր սղոցաձեւ են, նեղ նշտարանման, կաշվեպատ, ներքեւից` խիտ թավշապատ, ծաղկում է տերեւագոյացումից հետո, արական ծաղիկները հավաքված են մոմակերպ վեր խոյացող կատվիկների մեջ, դրանց երկարությունը 10-35 սմ է, լայնքը` 1 սմ։ Կատվիկները դեղին են, ծաղիկները` սպիտակ, առէջքները` 8-12 հատ։ Իգական ծաղիկները 1-7 քանակությամբ խմբերով պատված են կատվիկի հիմքին մոտ գտնվող ընդհանուր փաթաթանի մեջ։ Յուրաքանչյուր խիտ «մազակալած» պտղապատյան պարունակում է 3 պտուղ, հազվադեպ` այլ քանակի (մինչեւ 7)։
Բույսի բարձրությունը կարող է հասնել` 40, իսկ տրամագիծը` 1,5-2 մետրի, երկարակյաց է` 500-1000 տարի, սակայն կա կարծիք, որ հավանական է` եւ մինչեւ 3000 տարի։ Մեկ ծաղկած հասուն շագանակենուց մեղվաընտանիքը մթերում է 60 կգ մեղր։ Մեղուները իգական ծաղիկներից հավաքում են մեծ քանակությամբ ծաղկահյութ, արականից` ծաղկափոշի, բողբոջից` ակնամոմի հումք։ Մեղրը մուգ շագանակագույն է, ծառայում է որպես գարնանային կեր մեղվաընտանիքի համար, քանի որ ցածրորակ է, երբեմն` դառը։ Ունի հակամանրէ հատկություն, խորհուրդ է տրվում երիկամների եւ աղեստամոքսային համակարգի հիվանդությունների դեպքում։ Շագանակը շատ հարգի ուտեստ է եղել 19-20-րդ դարերում, դժվար գտնվեր մի ընտանիք, որ ցուրտ երեկոներին չհամտեսեր վառարանի վրա խորոված պտուղը, որն իր սննդարար արժեքով չի զիջում կարտոֆիլին եւ բրնձին։ Ածխաջրերի (60%), սպիտակուց (6%), ճարպի (3%) փոխհարաբերակցությամբ` պտուղը մոտ է վարսակին, պարունակում է շաքար (17%), դաբաղանյութ, ասկորբինաթթու, կարոտին, B խմբի վիտամիններ, երկաթ։ Շագանակենու քաղցրահամ թարմ պտղի կալորիականությունը մոտ 200 կկալ է, չոր պտղինը` 375, այդ ցուցանիշով գերազանցում է բոլոր տեսակի չրեղենին, սակայն զգալիորեն զիջում է դդմիկի, դդումի, արեւածաղկի, քունջութի սերմերին եւ բոլոր ընկուզազգիներին։ Հատկապես օգտակար է եփած պտուղը: Այն նպաստում է նյութափոխանակությանը, թույների հեռացմանը օրգանիզմից, կարգավորում է աղեստամոքսային համակարգի աշխատանքը եւ շաքարի պարունակությունն արյան մեջ։ Բժիշկները խորհուրդ են տալիս սրտի հիվանդությունների դեպքում շաբաթական առնվազն մեկ անգամ ուտել շագանակ։
– 500 գ մաքրած շագանակի պտուղը ճեղքեք երկու կողմերից, ավելացրեք 1 լ ջուր, երկուական դափնու եւ քարավուզի տերեւներ, եփեք 40 րոպե, համեմեք 1-ական ճ/գ խոշոր աղով եւ հազրեվարդով։
– 2 միջին գետնատանձի քերվածքը խառնեք եփած մանր կտրատած 10 շագանակի պտղի եւ կանաչ սոխի հետ, ավելացրեք 2 ճ/գ չզտված արեւածաղկի յուղ։
Ապուրը եւ աղցանը օգտակար են շաքարային դիաբետի դեպքում։
– Պատրաստեք սոխեռած, եփեք 200 գ շագանակ, շոգեխաշեք 200-ական գրամ բադրիջան եւ լոլիկ, շերտերով դասավորեք կաթսայի մեջ եւ 20-30 րոպե եփեք ջեռոցում։
Օգտակար է, երբ մեզի մեջ բարձր է թրթնջկաթթվի պարունակությունը եւ կա օքսալատային քարերի առաջացման վտանգ։
Միզաքարային հիվանդություն. Խառնեք տուղտի արմատը, գետնամորու տերեւը, եգիպտացորենի մազմզուկը, կծոխուրի արմատը, կեչու տերեւը (6։5։4։3։3), մանրացրած հումքի 100 մլ ծավալ զբաղեցնող զանգվածը 10 ժամ թրմեք ջերմապահում 1 լ եռջրում։ Խմելուց առաջ քամեք եւ խմեք գոլ վիճակում 200-ական մլ, օրը 3 անգամ, 1 ճ/գ շագանակենու մեղրի հետ։
Ստամոքսի խոց. 2 ճ/գ չորածաղկի խոտին ավելացրեք 200 մլ եռջուր, 5 րոպե եռացրեք, թրմեք մինչեւ հովանալը, քամեք։ Խմեք 100-ական մլ, օրը 3-4 անգամ, սնվելուց 1 ժամ առաջ, 1 թ/գ մեղրի հետ։ Շարունակեք 30-45 օր, 1 շաբաթ անց կրկնեք։
– Աղացեք 500-ական գրամ գազար եւ ընկույզ (լավ է սեւը), հալեցրեք 500 գ կարագ եւ խառնեք գազարը, 1-2 րոպե անց անջատեք կրակը, երբ հովանա` ավելացրեք ընկույզը եւ 50 գ հեղուկ շագանակենու մեղր (գոլացրեք)։ Կերեք մեկական ճ/գ, օրը 3 անգամ, սնվելուց կես ժամ առաջ, շարունակեք մինչեւ վերջանալը։
Ձիակասկենի-Aesculus hippocastanum
Եթե մայիս ամսին հեռվում տեսնեք սպիտակ «մոմեր», ապա կարող եք համոզված լինել, որ մոտենում եք ձիակասկենուն։ Արտաքուստ ձիակասկենու պտուղը նման է շագանակին (կասկենու պտղին)։ Սակայն այդ նմանությունը խաբուսիկ է, ձիակասկենիները թվով մոտ 16, կազմում են առանձին ընտանիք։ Բույսի անվանման հետ կապված կան մի քանի վարկածներ.
– Պտուղը ուտելի չէ, դառնահամ է, գրանցվել են բազմաթիվ թունավորման դեպքեր, սակայն դրանք ուտում են կենդանիները, հատկապես պահպանվել են տեղեկություններ, թե ձիակասկենու պտղով բուժել են ձիերին։
– Ձիակասկենու պտուղը հարթ է եւ փայլուն` աշխետ ձիուն բնորոշ շագանակագույն երանգով։
– Եթե անջատեք տերեւի կոթունը ճյուղից, ապա ընձյուղի վրա կտեսնեք հստակ արտահայտված` պայտած կենդանու սմբակի ուրվագիծ։ Կարծում ենք, որ վերջին հանգամանքը առավել համոզիչ է։
Կարեւոր է իմանալ, որ կասկենին եւ ձիակասկենին գենետիկորեն տարբերվող բույսեր են։ Ծաղիկները հավաքված են ուղղաձիգ բրգաձեւ հուրանների մեջ, հետաքրքիր է, որ երբ ծաղիկը այլեւս ծաղկահյութ չի արտադրում, սրա սպիտակ ծաղկաթերթերի վրայի դեղին պուտիկները գունափոխվում են կարմիրի, եւ միջատները չեն այցելում դրանց։
Տերեւները ունեն բարդ կառուցվածք, մեկ կոթունի վրա կան 5-7 տերեւիկներ, պտղապատյանը պատված է նոսր տեղակայված սրածայր բշտիկներով` ի տարբերություն մուգ-դարչնագույն կասկենու` ձիակասկենու պտղապատյանը վառ կանաչ է, ավելի խոշոր։
Հասուն ձիակասկենու բնի կեղեւը բաց դարչնագույն է, սաղարթը` բրգաձեւ, կասկենունը` մուգ շագանակագույն, սաղարթը` օվալաձեւ։ Հայրենիքը Հարավային Եվրոպան է, կարող է աճել մինչեւ 1200մ բարձրության վրա, ի տարբերություն կասկենու` ցրտադիմացկուն է։
Բույսը ունի մեծ նշանակություն տեղանքի էկոլոգիայի համար, մեկ հասուն ծառը կարող է մաքրել մեքենաների կոնցեռագեն արտազատումներից 20.000 խմ օդ։ Եվրոպական քաղաքներում շատ են ձիակասկենու պուրակները եւ ծառապատ փողոցները։
Ծառը սկսում է պտղաբերել 15-20-րդ տարում, ապրում է 350 տարի, բարձրությունը հասնում է` 25-30, իսկ բնի տրամագիծը` 1,5 մ։ Հնագույն ժամանակներից կիրառվում է ժողովրդական բժշկության մեջ, հնարավոր է` հազարավոր տարիներ առաջ, երբ անսպասելիորեն հայտնվեց ուղղահայաց դիրքով քայլող մարդը եւ դրան զուգահեռ` վարիկոզ հիվանդությունը եւ թութքը։ Հնարավոր է, քանի որ ձիակասկենին շատ կարեւոր է այդ հիվանդությունների բուժման համար։ Կենսաբանորեն ակտիվ նյութերը, որ պարունակվում է բույսի տարբեր մասերում, նվազեցնում են երակների թափանցիկությունը եւ դրանց մեջ կուտակվող արյան քանակը, հատկապես, երբ խախտված է վերջինների անցանելիությունը։ Կասկենու վենոտրոպ ազդեցությունն առաջին հերթին կապված է դրա մեջ պարունակվող էսցին գլյուկոզիդի հետ, որն իջեցնում է պլազմո-լիմֆատիկ «արգելքը», կարեւոր է նաեւ ֆլավոնների` կվերցետին, կվերցիտրին, իզոկվերցիտիին, կեմպֆերոլ, B խմբի վիտամինների առկայությունը, որոնք նպաստում են մազանոթների պատերի ամրացմանը։ Էսցինը հնարավոր է առանձնացնել բյուրեղային վիճակում, դրա` երակների տոնուսը բարձրացնող ազդեցության չափը համեմատելի է սերոտոնինի եւ էրգոտամինի հետ: Հայտնի է նաեւ, որ երբ էսցինին ավելացնում են ձիակասկենուն բնորոշ ֆլավոնների խումբը (1։10), ապա դրա օգտակար գործողության չափն ավելանում է մի քանի անգամ։ Սակայն էսցինը թունավոր նյութ է եւ ունի հակացուցումներ, կարեւոր է, որ խստորեն պահպանեք դեղատոմսերում նշված չափաբաժինները եւ խորհրդակցեք բժշկի հետ։
Ձիակասկի պատրաստուկները հակացուցված են արյան ցածր մակարդելիության (քանի որ հեղուկացնում են արյունը), հիպոտոնիայի, քրոնիկ փորկապության, դաշտանային պարբերության խախտման դեպքում։ Չափաբաժնի խախտումը հնարավոր է առաջացնի ջղակծկում` հատկապես ոտքերի մատներում։ Ձիակասկենու պտուղը պարունակում է նաեւ բույսին բնորոշ գլյուկոզիդ էսկուլին, կումարինային գլյուկոզիդներ, մոտ 1% դաբաղանյութեր, 50% օսլա, 10% սպիտակուց, 5-7% ճարպեր։ Վերջին 3 նյութերի քանակային պարունակությունը վարսակի եւ ձիակասկի պտղի մեջ զարմանալիորեն մոտ է. գործնականում հավասար։ Իր օգտակար հատկություններով եւ նյութերի պարունակությամբ պտղին քիչ է զիջում ձիակասկենու կեղեւը` գլյուկոզիդներ, դաբաղանյութ, շաքարներ, ասկոբինաթթու, այլ միացություններ։ Տերեւները պարունակում են պեկտին եւ կարոտին, իսկ ծաղիկները` լորձ, ֆլավոններ եւ դաբաղանյութ։ Ձիակասկը կիրառում են կանացի եւ սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների, գլխուղեղի ուռուցքի, հիպերտոնիայի (պտղակեղեւը), շագանակագեղձի բորբոքման, ռեւմատիզմի (ծաղիկը) դեպքում։ Կեղեւն օգտակար է ստամոքսահյութի բարձր թթվայնության, լեղու արտադրության գործընթացի խանգարման, բրոնխիտի, երակների սպազմի, կանացի հիվանդությունների, թութքի, նեւրալգիայի բուժման համար։ Կեղեւը մթերում են գարնանը 3-5 տարեկան ճյուղերից` էտման ժամանակ։ Տերեւը մթերում են նախքան դեղնելը, չորացնում` մինչեւ ճկելիս կոթունը ջարդվի։ Ընտրեք մայրուղիներից հեռու վայրերը։ Պտուղներից սարքված թզբեհը կհանգստացնի նյարդերը եւ կլավացնի հիշողությունը, եթե կապեք այն ցավոտ տեղին` կօգնի ռադիկուլիտի դեպքում, գուլպայի մեջ դրվածը կմեղմացնի հոդատապի պատճառած ցավը, բերանում պահելիս` կբուժի բորբոքված լնդերը։
Ձիակասկի պտուղը պահում են գրպանում, տրորում ձեռքի մեջ` ռեւմատիկ ցավերի դեպքում, կապում ցավոտ տեղին։ Նույնիսկ «ծերացած» կնճռոտ պտուղներն ունեն բավարար բուժիչ ուժ. դրանք դնում են ռադիկուլիտով հիվանդի տեղաշորի տակ։
– Կանաչ ընկույզը թրմեք ջրի մեջ (1։3), մեկ օրից ջրային խառնուրդին ավելացրեք (4։1) կասկենու (կամ ձիակասկենու) պտուղ, 2 օրից հանեք կասկենու պտուղը։ Պատրաստեք վզնոց երկտակ թելով։ Կրեք պարանոցին վահանագեղձի եւ սրտի բնականոն աշխատանքի համար։
Ռեւմատիզմ. Տարեկանի (սեւ) հացին քսեք կարագ, վրայից ցանեք ձիակասկի պտղափոշի, տեղադրեք ցավոտ հատվածին, ամրացրեք այն։
Թութք. Խառնեք չոր մանրացրած կաղին սովորականի կեղեւը, երիցուկի ծաղիկը, ձիակասկի մանրացրած պտուղը, եղեսպակի խոտը (5։3։3։2), հումքից 50 թրմեք 200 մլ եռջրով` մինչեւ հովանա։ Քամեք, խմեք 100 մլ, քնելուց 1-2 ժամ առաջ։
Կամ` խառնեք մեկական թ/գ ձիակասկենու կեղեւը եւ պտուղը, ավելացրեք 200 մլ եռջուր, կես ժամ եփեք ջրային բաղնիքի վրա, քամեք։ Խմեք մեկական ճ/գ, օրը 3 անգամ։
Հիպերտոնիա. 50 գ մանր կտրատած պտուղը (կեղեւով) մեկ շաբաթ թրմեք 500 մլ օղու մեջ։ Քամեք, ընդունեք 5-10 կաթիլ, օրը 3 անգամ, սնվելուց 1 ժամ անց, շարունակեք 15 օր։
Ռադիկուլիտ. 1 ճ/գ ձիակասկի ծաղիկը 2 շաբաթ թրմեք 80 մլ արեւածաղկի յուղի մեջ, 30 րոպե եփեք (ջրային բաղնիք), քամեք։ Շփեք ցավոտ տեղին, խմեք օրը 1 անգամ, մեկական ճ/գ` բրոնխիտի, պնեւմոնիայի դեպքում։
Հազ. 1թ/գ (գարնանը հավաքած) ձիակասկի տերեւը մանրացրեք, 10 րոպե թրմեք 200 մլ եռջրով, քամեք։ Խմեք 50-ական մլ, օրը 3 անգամ, գոլ մեղրաջրի հետ։
Սպեղանի. կտրատած, փոշիացրած չոր պտղի 1 թ/գ-ն խառնեք 1 թ/գ կամֆորայի յուղի (կամ խոզի ճարպի) հետ, բարակ շերտով քսեք տարեկանի հացի վրա, դրեք ցավոտ հատվածին, եւ ամրացրեք` ռադիկուլիտի դեպքում, հանեք 2 ժամից։
Վարիկոզ. Խմեք 10-ական կաթիլ ծաղիկի թարմ հյութ, օրը 3 անգամ, սնվելուց առաջ։
– 1 ճ/գ ծաղիկը 10-15 րոպե թրմեք 200 մլ եռջրով, քամեք։ Խառնեք կավի հետ (գնեք դեղատնից), մինչեւ ստացվի համասեռ զանգված։ 1 սմ շերտով քսեք երկտակ ծալած թանզիֆի վրա, տեղադրեք, փաթաթեք պոլիէթիլենային թաղանթով, ամրացրեք։ Հանեք 30 րոպեից։
– Մանրացրեք ձիակասկի նոր հասունացող 10 պտղապատյան (ամբողջովին), ավելացրեք 5 լ եռջուր, եփեք կես ժամ, թրմեք 1 ժամ, քամեք։ Կատարեք հիվանդ մասերի լոգանք։
– 100 գ մաքրած, մանրացրած պտուղը 7 օր թրմեք 1 լ օղու մեջ, խմեք 5-10 կաթիլ, օրը 3-4 անգամ։ Շարունակեք 3 ամիս։
Կամ`
– 200 գ մանրացրած պտուղը (ծաղիկը) 7 օր պահեք 600 մլ օղու մեջ, քամեք։ Օգտագործեք շփումներ կատարելու համար։
Իշիաս. Մատղաշ ճյուղերի 300 գրամ մանրացրած կեղեւը կես ժամ եփեք 1 լ ջրի մեջ (նախօրոք տաքացրած): Քամեք։ Թրջեք թուրմի մեջ սրբիչը, փաթաթեք։ Հանեք կես ժամից։
Բրոնխիտ. Մանր կտրատեք 1-2 պտուղ, 1 ամիս թրմեք 50 մլ նաշադիրի սպիրտի մեջ, քսեք կրծքավանդակին։ Խորհուրդ չի տրվում` թրջոցի տեսքով։
Շագանակագեղձի բորբոքում. Օգտակար է կատարել հետեւյալ բուժումը`
– առաջին օրվա ընթացքում կերեք 1 մանր կտրատած սոխ,
– երկրորդ օրը` 100 գ արեւածաղկի կամ դդումի մաքրած սերմ,
– երրորդ օրը` 100 գ ընկույզի միջուկ։
Կրկնեք նույն հերթականությամբ 24 օր։
25-30-րդ օրերը խմեք մեկական թ/գ ձիակասկենու պտղակեղեւի ոգեթուրմ` սնվելուց 1-2 ժամ առաջ, առավոտյան եւ երեկոյան։ Օգտակար կլինի, որ առաջին 24 օրը խմեք կարմիր արմատից պատրաստված դեղահաբը (վաճառվում է դեղատներում) կամ դրա օղիով պատրաստված 10 տոկոսանոց ոգեթուրմը (1-ական թ/գ, օրը 2 անգամ)։