Թեեւ պաշտոնապես չի հայտարարվել, բայց արդեն հայտնի է, որ Հովիկ Աբրահամյանի փոխարեն ՀՀԿ-ն ԱԺ նախագահ է առաջադրելու փոխնախագահ Սամվել Նիկոյանին: Երեկ նաեւ հայտնի դարձավ, որ վերջինիս փոխարեն փոխնախագահ է դառնալու ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Վերջինս մեր թղթակցի հետ զրույցում հերքել է այս տեղեկատվությունը եւ ավելացրել, թե ՀՀԿ-ն դեռ այդ հարցերը չի քննարկել, իրեն փոխնախագահ դառնալու առաջարկություն չեն արել, եւ որ առաջադրումների հարցը կքննարկեն այս շաբաթ: Սակայն, մեր տեղեկություններով` այս որոշումը ՀՀԿ-ն ընդունել է անցած հինգշաբթի տեղի ունեցած գործադիր մարմնի նիստում: Իսկ այս շաբաթ ՀՀԿ-ն կհրավիրի արդեն խորհրդի նիստ, որի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդի անդամներին կտեղեկացնի նշված որոշումների մասին: Հաջորդ շաբաթ տեղի ունենալիք ԱԺ հերթական քառօրյայի ժամանակ էլ տեղի կունենան նախ` ԱԺ նախագահի, ապա` փոխնախագահի ընտրությունները: Իսկ երեկ ԱԺ աշխատակիցները կահավորում էին արդեն նախկին նախագահ Հ.Աբրահամյանի աշխատասենյակն ու ընդունարանը, որը գտնվում է անմիջապես ՀՀԿ խմբակցության դիմաց: