«Ես չգիտեմ՝ ում հետ ինչ են կապում։ Փաստն այն է, որ մենք նախապատրաստվել էինք ձմռանը, պատրաստել էինք համապատասխան տեխնիկան, որ խնդիրներ չունենայինք։ Ի՞նչ է՝ մնացած բեռնափոխադրողները չգիտեի՞ն, որ ձմեռ է գալու։ Թող իրենք էլ նախապես քայլեր ձեռնարկեին, չէ՞ որ, 20 տարի է` այս շուկայում են։ Դրա փոխարեն` նման խոսակցություններ են ծավալում ու դրոշակ սարքում»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է «Սպայկա» բեռնափոխադրող ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը՝ մեկնաբանելով այն խոսակցությունները, որ իր ղեկավարած ընկերության մեքենաներն անարգել անցնում են Վերին Լարսի անցակետը, եւ դա արվում է ՀՀ վարչապետի աջակցությամբ։ Դ. Ղազարյանը նշել է, որ ունեն նորագույն ծանրաքարշեր, որոնց օգնությամբ հանում են իրենց մեքենաները։ Ինչ վերաբերում է այլ ընկերությունների մեքենաներին օգնելուն, ապա «Սպայկայի» տնօրենը հավաստիացրել է, որ իրենք պատրաստ են օգնել։ Սակայն՝ պատասխանատվության տակ մտնել չեն կարող։ Բանն այն է, որ ճանապարհն այնքան վտանգավոր է, որ անգամ քարշակ մեքենաներն են վթարի ենթարկվում։ Եթե որեւէ մեկը պատասխանատվություն ստանձնի, ապա «Սպայկայի» մեքենաները, ըստ ընկերության տնօրենի, օգնության կհասնեն նաեւ մյուսներին։