Բացահայտեց սահմանը

29/11/2011

«Մեր տարակուսանքն ենք հայտնում Րաֆֆի Հովհաննիսյանի նոյեմբերի 21-ի պաշտոնական նամակին ի պատասխան` ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի նոյեմբերի 26-ի արձագանքի առնչությամբ եւ գնահատում այն` իբրեւ ոչ պետականավայել, հատվածական հարձակում Րաֆֆի Հովհաննիսյան անհատի ու ՀՀ առաջին արտգործնախարարի, «Ժառանգության» եւ, ընդհանրապես, ողջ ընդդիմության, Հայաստանի հասարակության ու քաղաքացու վրա»,- Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկներին Սերժ Սարգսյանի` շաբաթ օրը տրված պատասխաններին անդրադառնալով, երեկ հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության վարչությունը: «Եթե նոյեմբերի 25-ի հայտարարության մեջ ՀՀԿ-ն նշել էր, որ «անհրաժեշտ է զերծ մնալ իշխանության ստանձնած քաղաքական պարտավորությունները բացարձակացնելու փորձերից, քանզի դրանք ունեն ողջամիտ սահմաններ», ապա նոյեմբերի 26-ի իր արձագանքով ՀՀԿ ղեկավար եւ ՀՀ գործող նախագահ Ս. Սարգսյանը բացահայտեց այդ «սահմանը»: Այն է` ազատ, արդար ու մրցակցային ընտրություններ անցկացնելու կամ դրանք իրականություն դարձնելու ցանկացած պահանջ կամ առաջարկ հատում է «թույլատրելի սահմանագիծը» եւ գնահատվում որպես սեւացնող, թունավորող, վարկաբեկող ու չարամիտ նպատակներ հետապնդող»,- ասված է «Ժառանգության» հայտարարության մեջ: