«Ժառանգություն» կուսակցության վարչությունը երեկ արձագանքել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պատասխան նամակին: Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը 15 կետից բաղկացած առաջարկ էր հղել Ս. Սարգսյանին` ընտրություններն ազատ եւ արդար կազմակերպելու վերաբերյալ, ինչին ՀՀԿ-ն արձագանքել էր անցած ուրբաթ օրը: «Մեր տարակուսանքն ենք հայտնում Րաֆֆի Հովհաննիսյանի նոյեմբերի 21-ի պաշտոնական նամակին ի պատասխան` ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի նոյեմբերի 26-ի արձագանքի առնչությամբ եւ գնահատում այն` իբրեւ ոչ պետականավայել, հատվածական հարձակում Րաֆֆի Հովհաննիսյան անհատի ու ՀՀ առաջին արտգործնախարարի, «Ժառանգության» եւ, ընդհանրապես, ողջ ընդդիմության, Հայաստանի հասարակության ու քաղաքացու վրա: Եթե նոյեմբերի 25-ի հայտարարության մեջ ՀՀԿ-ն նշել էր, որ «անհրաժեշտ է զերծ մնալ իշխանության ստանձնած քաղաքական պարտավորությունները բացարձակացնելու փորձերից, քանզի դրանք ունեն ողջամիտ սահմաններ», ապա նոյեմբերի 26-ի իր արձագանքով ՀՀԿ ղեկավար եւ ՀՀ գործող նախագահ Ս. Սարգսյանը բացահայտեց այդ «սահմանը»: Այն է` ազատ, արդար ու մրցակցային ընտրություններ անցկացնելու կամ դրանք իրականություն դարձնելու ցանկացած պահանջ կամ առաջարկ հատում է «թույլատրելի սահմանագիծը» եւ գնահատվում որպես սեւացնող, թունավորող, վարկաբեկող ու չարամիտ նպատակներ հետապնդող: Գնահատական հնչեցնելիս ՀՀ գործող նախագահն առնվազն պետք է գիտակցեր, որ Ր. Հովհաննիսյանի նամակը 15 կետերի ներքո շարադրված որոշակի առաջարկների ամբողջություն է եւ ոչ թե հայտարարություն, եւ, որ դրանց նպատակն ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու` ՀՀ իշխանությունների հռչակած հանձնառությունն ըստ էության կյանքի կոչելն է, ինչը Ս. Սարգսյանը կամ չի ընկալել, կամ խեղաթյուրում է: Նման պահվածքն ու անհամարժեք գնահատականները հարիր չեն երկրի ղեկավարին: Դա վկայում է, որ ՀՀ իշխանությունները չեն մերժում եւ չեն պատրաստվում հրաժարվել վարչական լծակներն օգտագործելու, հանրային ու պետական ռեսուրսների նկատմամբ կուսակցական մենաշնորհները վերահաստատելու, անհավասար մրցակցային պայմաններ թելադրելու, քաղաքացիական ու հանրային ծառայողներին պարտադրելու, մեծամասնական ընտրակարգով ընտրական գործընթացն աղավաղելու, ընտրացուցակները խարդախելու, բանակն ու եկեղեցին քաղաքականության մեջ ներքաշելու եւ այլ արատավոր գործելակերպից: 16 տարի շարունակ իշխանությունների կողմից հակոտնյա այդ մեթոդաբանությամբ ընտրությունների կազմակերպո՛ւմն է հենց շարունակաբար սեւացրել ու վարկաբեկել երկրի հեղինակությունը, հանգեցրել ժողովրդական ընդվզման եւ արյունահեղության: Չափազանց մտահոգիչ է, որ նախագահի կողմից 2008թ. նախագահական ընտրությունները դրական են գնահատվում եւ վկայակոչվում իբրեւ միջազգային չափանիշներին հիմնականում համապատասխանող, ինչից ենթադրվում է, որ կարող է լինել նոր «Մարտի 1»: Գործող նախագահը պետք է գիտակցի, որ քաղաքական նման հռետորաբանությունը, որն ուղեկցվում է վերոնշյալ մեթոդներով անցկացված «ընտրություններով», ամենակարճ ճանապարհն է բացում դեպի ներհասարակական անհանդուրժողականություն: Ուստի սթափվելու պահը բոլորի համար է, եւ առաջին հերթին` գործող նախագահի: Եթե Ս. Սարգսյանը սխալվել է կամ վրիպել, կամ էլ շեղվել նախագահական ոճից եւ բովանդակությունից` դա էլ է պատահում, դեռ կարող է ուղղել սխալը, անհեթեթ ու անիմաստ ասպատակումների փոխարեն` ընդունել Ր. Հովհաննիսյանի նամակի կետերի գերակշիռ մեծամասնության ճշմարտացիությունը եւ քայլեր ձեռնարկել այդ խնդիրներն անհապաղ լուծելու, ընտրությունները հանրորեն ընդունելի դարձնելու, ՀՀ-ում վերջապես իրավական (դե յուրե) ընտրական արդյունք ապահովելու համար»,- ասված «Ժառանգության» հայտարարության մեջ: