«Ակնհայտ է, եւ դա նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթում արծարծվում էր, որ կա հասարակական պահանջ` երրորդ բեւեռի ձեւավորման, եւ այդ երրորդ բեւեռի ձեւավորումը, չնայած որ վաղուց հասարակական պահանջ էր, չգիտես ինչու, Լեւոն Տեր-Պետրոսյանը պատկերացնում է, որ պետք է լինի իշխանական բեւեռում,- անդրադառնալով ՀԱԿ առաջնորդ Լ. Տեր-Պետրոսյանի` ԲՀԿ-ի հետ հնարավոր համագործակցության մասին վերջին հանրահավաքում հնչած հայտարարություններին, ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը` ավելացնելով,- Ես, բնականաբար, դրան կատեգորիկ համաձայն չեմ, որովհետեւ, եթե իշխանությունները ունենային այդպիսի սովորություն` ժողովրդի հասարակական պահանջի նկատմամբ, վաղուց իրականացրած կլինեին տարբեր պահանջներ, որոնք հասարակության մոտ ձեւավորվում են… Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա ԲՀԿ-ն ինքնուրույնություն է դրսեւորում` առայժմ լինելով կոալիցիայի մեջ: Հիմա ամեն ինչ արվում է, որպեսզի այդ ինքնուրույնությունը կանխվի: Որովհետեւ այսօր ակնհայտ է, որ կոալիցիայի դոմինանտ ուժը` ՀՀԿ-ն, փորձում է ամեն ինչ անել, որպեսզի մեկ ցանկով, բոլորը` կոալիցիայի մաս կազմող կուսակցությունները մասնակցեն ԱԺ ընտրություններին: Դա բխում է ՀՀԿ շահերից, որովհետեւ զանազան խաղեր, որոնք կարող են ջլատել իշխանական ռեսուրսը, շատ ավելի վտանգավոր են այսօր թվում իշխանություններին, քան մնացած բոլոր տիպի գործընթացները, որոնք կարող են ժողովրդավարական բնույթ ունենալ: Իշխանությունների թիվ մեկ խնդիրը վերարտադրվելն է, եւ այդ վերարտադրման հիմնական ռեսուրսը վարչահրամայական եւ ֆինանսական լծակներն են: Այս դաշտում երբ առաջանում են խլրտումներ, բնական է, որ սա մեծ տագնապ է առաջացնում իշխանությունների մեջ»: Խոսելով ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի համագործակցության հնարավորության մասին` Ռուստամյանն ասել է. «Շատ լուրջ փոփոխություններ եմ տեսնում ՀԱԿ առաջնորդի մոտեցումներում: Նախ` այն, որ բացարձակ հեղինակություն լինելու եւ ընդդիմադիր դաշտը սեփականաշնորհելու այդ մոտեցումը կարծես թե փոխվում է: Եթե այսօր նա խոսում է ընդդիմադիր դաշտի ընդլայնման մասին` դա բավական մեծ առաջընթաց եմ համարում, քանի որ հասկանալի է, որ մեկ քաղաքական ուժը, որքան էլ ինքն իրեն համարի հզոր, չի կարող այսօր առկա խնդիրները լուծել, եւ ավելին ասեմ` հսկայական ռեսուրսը, որոնք ունեն իշխանությունները վերարտադրվելու առումով` դրան հակակշռել: Դրա համար անհրաժեշտ է որոշակի մոբիլիզացիա ընդդիմադիր դաշտում: Բայց այդ մոբիլիզացիան չէր կարող տեղի ունենալ այն բանաձեւով, որը մինչեւ հիմա կար` ով մեզ հետ չի` մեր դեմ է, ավելին` տականք է… Տարբեր պիտակներ տալով` հնարավորություն չի լինում համագործակցել: Հիմա այս մոտեցումը կարծես թե փոխվել է, ավելի իրատեսական գնահատումներ եմ ես այս դաշտում տեսնում»: