Միջազգային վարկանիշային «Moody’s» գործակալությունը նախազգուշացրել է, որ Եվրոպայում ճգնաժամի խորացումը սպառնում է եվրոպական բոլոր երկրների վարկանիշի իջեցմանը: Այդ մասին հայտնել է «Reuters» գործակալությունը, ըստ որի, «Moody’s»-ի հիմնական կանխատեսումը մնում է եվրոգոտում մասշտաբային դեֆոլտների բացակայությունը, սակայն նույնիսկ այդ լավատեսական սցենարը հանգեցնելու է վարկանիշների նվազեցմանը: «Moody’s»-ը գտնում է, որ Եվրոպայի քաղաքական գործիչների մոտ եվրոգոտին փրկելու արդյունավետ նախագծի իրականացման համար մի քանի ցնցումներից հետո միայն կարող է առաջանալ խթան: Այդ ցնցումները հետագայում լրացուցիչ հոգսեր կառաջացնեն ԵՄ մի շարք երկրների համար: «Moody’s»-ը կանխատեսում է, որ եվրոյի գոտին մոտենում է համակարգի վերակառուցմանը, որը հանգեցնելու է կամ ինտեգրման, կամ հատվածավորման` ֆրագմենտացիայի: Հիշեցնենք, որ եվրոպական երկրների առաջնորդները ֆինանսական օգնության ծրագիր էին առաջարկել Հունաստանին, Պորտուգալիային եւ Իռլանդիային: Միեւնույն ժամանակ տնտեսագետները սկսել են անհանգստանալ եվրոգոտու այլ երկրների ֆինանսական համակարգերի կայունության համար: Իտալիայի նոր վարչապետ Մարիո Մոնտին մտադիր է այս շաբաթ հայտարարել պետական ֆինանսների ամրապնդման նոր գործողությունների մասին: