Վերին Լարսի ինտրիգները

29/11/2011 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Ռուս-վրացական սահմանի վրա շուրջ հարյուր բեռնատար խցանման մեջ է հայտնվել, քանի որ Թբիլիսին վրացական կողմից փակել է Կազբեկ-Վերին Լարս անցակետը: Այդ բեռնատարների մեծ մասը ուղեւորվում էր Հայաստան, սակայն այժմ վարորդները ստիպված են սպասել սահմանի վրա անորոշ ժամանակով։

Վրացական կողմը անցակետի փակումը պատճառաբանել է եղանակային պայմաններով։ Վրաստանի ՆԳՆ վերլուծական դեպարտամենտի ղեկավար Շոթա Ուտիաշվիլին հայտարարել է, որ Կազբեգի-Վերին Լարսը տրանսպորտային որոշ տեսակների համար (քարշակով մեքենաներ եւ 30-ից ավելի նստատեղ ունեցող մարդատարներ) փակվել է ձյան առատ տեղումների պատճառով։

Հայկական բեռնափոխադրողները համաձայն են, որ պատճառն իրոք եղանակային պայմաններն են, եւ ճանապարհը շատ վտանգավոր է դարձել։ Խնդիրն այն է, որ վրացիները սահմանը փակել են առանց զգուշացման։ Այս առիթով Ռուսաստանի ԱԳՆ-ն արդեն հայտարարություն է տարածել, որով պարզաբանում է պահանջել վրացական կողմից՝ խցանումներ ստեղծելու համար։ Սակայն հայկական կողմը, չնայած առաջացած խնդիրներին, բավականին ըմբռնումով է մոտենում այս հարցին՝ նշելով, որ դա անսպասելի չէր, եւ ձմռան ամիսներին, տեղումների ժամանակ անցակետը միշտ էլ փակվում է։

Այս պահին ավելի կարեւոր է սահմանին մնացած վարորդներին որեւէ կերպ օգնելու հարցը։ Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը երեկ մեզ հետ հեռախոսազրույցում նշեց, որ վարորդները գտնվում են սպասողական վիճակում: «Լարսից մինչեւ Պյատիգորսկ ընկած տարածքում` 200-250 կմ-ի վրա, մոտ 200 մեքենա դեռ սպասողական վիճակում են, չգիտենք, թե հարցն ինչպես կկարգավորվի»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ այդ հարցը կքննարկվի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ այսօր Վրաստան կատարելիք այցի ընթացքում։

Հ. Համբարձումյանը հերքեց նաեւ այն լուրերը, որ հայկական որոշ բեռնափոխադրողների մեքենաներ անարգել անցնում են սահմանը։ Նշենք, որ վերջերս մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ մասնավորապես, «Սպայկա» ընկերության մեքենաները առանց խնդիրների հատում են անցակետը։ Անդրադառնալով այդ խոսակցություններին՝ ՀՀ տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանն օրերս լրագրողներին ասել էր, որ նման բան չկա. «Սպայկան» ունի ծանր մեքենաներ, որոնց օգնությամբ տեղափոխում է նաեւ իր մեքենաները: Երկու օր առաջ ինձ մոտ եղել է հանդիպում բեռնափոխադրողների եւ «Սպայկայի» ներկայացուցիչների մասնակցությամբ եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ ընկերությունը վրացական կողմ անցած մեքենաներին օգնի տեղափոխվել»։

Ինչպես ընդունված է հայաստանյան իրականության մեջ, չնայած հերքումներին, «Սպայկայի» հետ կապված այս խոսակցությունները անմիջապես քաղաքական երանգներ ստացան։ Սկսեցին լուրեր տարածվել, որ այդ հարցում վարչապետ Տիգրան Սարգսյանի մատն է խառը, եւ որ հենց նրա աջակցությամբ են «Սպայկայի» մեքենաների համար բացվում անցակետի դարպասները։

Իսկ այդ խոսակցությունների համար հիմք էր հանդիսացել հիմնականում երկու գործոն։ Նախ՝ ՀՀ կառավարությունը 2010թ. հուլիսի 1-ի եւ 2011թ. փետրվարի 3-ի որոշումներով «Սպայկա» ՍՊԸ-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագրերի շրջանակներում` 300 մլն ՀՀ դրամը գերազանցող արժեքով որոշակի ապրանքների գծով մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել էր համապատասխանաբար մինչեւ 2013թ. հուլիսի 1-ը եւ 2014թ. փետրվարի 1-ը։ Եվ, բացի այդ, բավական լայնորեն լուսաբանվեց վարչապետ Տիգրան Սարգսյանի այցը «Սպայկա» այս տարվա հուլիսին։ Ընդ որում, ԶԼՄ-ները ուշադրություն էին հրավիրում այն փաստի վրա, որ Տ. Սարգսյանի այցից ընդամենը 2 ամիս առաջ քրեական գործ էր հարուցվել «Սպայկայի» տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ՝ փաստաթղթերի կեղծման առիթով։ Այն ժամանակ ՊԵԿ-ը tert.am կայքին հաստատել էր, որ գործը գտնվում է իրենց քննական վարույթում։ Ամեն դեպքում, եթե քրեական գործը շարունակություն չի ստանում, ավելին՝ վարչապետը դրանից կարճ ժամանակ անց այցելում է տվյալ ընկերություն, խոսում նրա աշխատանքից եւ կարեւորությունից, դա արդեն մեծ առիթ է, որպեսզի վարչապետի եւ «Սպայկայի» կապի մասին նման խոսակցություններ տարածվեն։

«Սպայկայի» մեքենաների հետ կապված լուրերը մենք փորձեցինք ճշտել ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանից։ Վերջինս հաստատեց, որ ճանապարհի վիճակն իսկապես ահավոր է, եւ այս պահին 10 մեքենա ունեն, որոնք անգամ քարշակի միջոցով դեռ հնարավոր չէ տեղ հասցնել։ Դ. Ղազարյանը հաստատեց, որ այո՝ իրենց ընկերությունը ունի 2011թ. արտադրության Volvo ծանրաքարշ մեքենաներ, որոնց օգնությամբ հանում են իրենց ընկերության մեքենաները։ Ինչ վերաբերում է այլ ընկերությունների մեքենաներին օգնելուն, ապա «Սպայկայի» տնօրենը հավաստիացրեց, որ իրենք պատրաստ են օգնել։ Սակայն՝ պատասխանատվության տակ մտնել չեն կարող։ Բանն այն է, որ ճանապարհն այնքան վտանգավոր է, որ անգամ քարշակ մեքենաներն են վթարի ենթարկվում։ «Հենց երեկ փորձանքից ենք ազատվել։ Մեր նոր մեքենաներից մեկը սահել էր եւ հարվածել մեր իսկ մեքենաներից մյուսին։ «Կաբինան» ջարդվել էր, որը վերանորոգելու համար 15 հազար դոլար է պետք։ Այսինքն՝ վտանգը շատ մեծ է։ Մենք պատրաստ ենք օգնել մյուս ընկերություններին, սակայն, եթե ինչ-որ բան պատահեց, ո՞վ է պատասխան տալու։ Մենք նման պատասխանատվության տակ չենք կարող մտնել»,- նշեց Դ. Ղազարյանը։ Նման պատասխանատվության տակ մտնել, պարզվում է, ոչ ոք պատրաստ չէ։ Վրացական կողմն էլ, բնականաբար, թույլ չի տալիս, որ քարշակներով այլ ընկերության մեքենաներ տեղափոխվեն։ Դրա համար էլ այսօր 100-ից ավելի մեքենաներ մնացել են սահմանին։ Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք այն լուրերը, որ «Սպայկայի» անունը եւ մեքենաների՝ սահմանն անցնելը կապում են վարչապետ Տ. Սարգսյանի հետ։ Այս հարցին Դ. Ղազարյանը պատասխանեց. «Ես չգիտեմ՝ ում հետ ինչ են կապում։ Փաստն այն է, որ մենք նախապատրաստվել էինք ձմռանը, պատրաստել էինք համապատասխան տեխնիկան, որ խնդիրներ չունենայինք։ Ի՞նչ է՝ մնացած բեռնափոխադրողները չգիտեի՞ն, որ ձմեռ է գալու։ Թող իրենք էլ նախապես քայլեր ձեռնարկեին, չէ՞ որ, 20 տարի է` այս շուկայում են։ Դրա փոխարեն` նման խոսակցություններ են ծավալում ու դրոշակ սարքում»,- ասաց Դ. Ղազարյանը։

Ինչեւէ, մինչ բեռնափոխադրողներն ու հայրենի կառավարությունը քննարկում է, թե հարցն ինչպես կարելի է լուծել, վարորդները սահմանի վրա հայտնվել են դժվարին վիճակում։ Ինչպես հաղորդում է vesti.ru-ն, շատ ավտոմեքենաներ, արդեն երեք շաբաթ է, կանգնել են սահմանին, վառելիքը վերջանում է, ոմանց նյարդերն արդեն տեղի են տալիս, շատերի մոտ առողջական խնդիրներ են ի հայտ եկել: Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից news.am-ին հայտնել են, որ հայ համայնքի անդամները սնունդ եւ ծխախոտ են տեղափոխում անցակետ: Սակայն վարորդները դրանով դժվար թե շատ ուրախանան, քանի որ նախօրեին կրկին ձյուն է եկել, եւ նրանցից շատերին սպառնում է դեկտեմբերը սահմանի վրա անցկացնելու տխուր հեռանկարը։