«Ժողովուրդը» պահանջում է 1 լումա

29/11/2011

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը ընդամենը մեկ անգամ մասնակցելով ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի ներկայացրած հայցի քննությանը` ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի, արձանագրել է, որ անգամ մարզպետի փաստաբանները չգիտեն` Պողոսյանը կաշառք վերցրե՞լ է, թե՞ ոչ: Նրանք փոխարենը հայտարարել են. «Մարզպետը կաշառք է վերցրել» վերնագրով հոդվածը օրաթերթն իրավունք չուներ գրելու, քանի որ մարզպետը հանրային անձ է»: Այս մասին ասվում է «Ժողովուրդ» օրաթերթի տարածած հաղորդագրության մեջ: Ըստ այդմ, «Ժողովուրդ»-ը եկել է այն եզրակացության, որ ԲՀԿ-ական մարզպետը չարաշահել է իր իրավունքները: «Նա դատարանում վիճարկվող հոդվածը տպագրելուց հետո, մեկամսյա ժամկետում «Ժողովուրդ»-ին հերքման պահանջ չի ներկայացրել, (որը ներկայացնելու դեպքում կտպագրվեր): Սա նշանակում է, որ մարզպետն իրականում խնդիր է դրել օրաթերթից ստանալ 2 մլն դրամի փոխհատուցում (եւ 500 հազար դրամ` փաստաբանական ծախսեր)` «Ժողովուրդ»-ին ֆինանսական վնաս պատճառելու համար: Հայցվորն իր գործողություններով ցանկանում է նաեւ սահմանափակել օրաթերթի` տեղեկատվություն տարածելու իրավունքն ու ազատությունը, «Ժողովուրդ»-ին հարկադրել հրաժարվելու իր եւ իր գործունեության վերաբերյալ բացասական ինֆորմացիա տպագրելու եւ կարծիք արտահայտելու իրավունքներից: Այս գործողություններով, ինչպես նաեւ իր հրապարակային արտահայտություններով Նվեր Պողոսյանը վիրավորել եւ զրպարտել է «Ժողովուրդ» օրաթերթի աշխատակազմին, քանի որ օրաթերթն իր գործունեությունն իրականացնելիս ղեկավարվել եւ ղեկավարվում է ՀՀ Սահմանադրության 27 եւ 42.1 հոդվածների, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 4 հոդվածի 1-ին կետի եւ 9 հոդվածի 2-րդ կետի պահանջներով: Օրաթերթն իրականացրել եւ իրականացնում է մասնագիտական օրինական գործունեություն` մասնավորապես, վիճահարույց հոդվածում բառացի վերարտադրելով ինչպես Աննա Թորոսյանի, այնպես էլ Նվեր Պողոսյանի խոսքերը: Այսպիսով, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 7-րդ կետի 3-րդ ենթակետի, 8-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները, «Ժողովուրդ»-ը Նվեր Պողոսյանից պահանջում է ընդամենը 1 (մեկ) լումա: Իսկ դատական ծախսերը չի պահանջում, քանի որ դատարան դիմելով ոչ թե ցանկանում է Նվեր Պողոսյանից գումար ստանալ, այլ պաշտպանել «Ժողովուրդ»-ի (խմբագրի եւ աշխատակազմի) պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը: Դատարանը հակընդդեմ հայցի շրջանակներում պետք է քննի եւ պարտադրի ԲՀԿ-ական մարզպետին տպագրելու հետեւյալ տեքստը. «Ես` Նվեր Պողոսյանս, ներողություն եմ խնդրում «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Թագուհի Թովմասյանից եւ աշխատակազմից` նրանց պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավն արատավորելու (վիրավորելու եւ զրպարտելու) համար»,- նշված է հաղորդագրության մեջ: Նշենք, որ այսօր ժամը 11-ին էլ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր Ռուբեն Ափինյան), կքննվի «Ժողովուրդ»-ի դեմ ՀՀ Պաշտպանության նախարարի խորհրդական Բենիկ Հարությունյանի ներկայացրած դատական հայցը: Հարությունյանը օրաթերթից պահանջում է 2 մլն դրամ: