Փաստաթղթեր են ստորագրելու

29/11/2011

Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն հույս ունի, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը Վրաստան էլ ավելի կամրապնդի երկու երկրների հարաբերությունները: Հիշեցնենք, որ Ս. Սարգսյանը նոյեմբերի 29-ին երկօրյա պաշտոնական այցով մեկնելու է Վրաստան: «Հուսով ենք, որ այս այցն էլ ավելի կամրապնդի մեր ամուր հարաբերությունները»,- ասել է նա: Ն. Կալանդաձեի խոսքով` Ս. Սարգսյանի այցը Վրաստան Միխայիլ Սահակաշվիլիի` 2011թ. սկզբին Հայաստան կատարած այցի պատասխանն է: «Այցի շրջանակում նախատեսվում է ինչպես երկկողմանի, այնպես էլ բազմակողմ հարաբերություններին առնչվող ակտուալ հարցերի քննարկում: Նախատեսվում է, որ մի շարք փաստաթղթեր են ստորագրվելու: Ստորագրվելու են մի քանի համաձայնագրեր, այդ թվում` սահմանային համագործակցության, սպորտի ոլորտին առնչվող համաձայնագրեր: Երկու երկրների ԱԳՆ-ների միջեւ նախատեսվում է նաեւ համագործակցության մասին արձանագրության ստորագրում»,- ասել է Կալանդաձեն: