«Միայն անցած շաբաթվա ընթացքում, ի պատասխան նոյեմբերի 19-ին եւ 20-ին առաջնային գծում հակառակորդի նախահարձակ գործողությունների արդյունքում Պաշտպանության բանակի կրած երկու զինվորի կորստի, հայկական կողմը, ինչպես եւ նախապես զգուշացրել էր, դիմել է պատժիչ գործողությունների: Ըստ Պաշտպանության բանակի հետախուզության տվյալների, նոյեմբերի 20-25-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները ղարաբաղյան ուժերի կողմից ձեռնարկած կանխարգելիչ գործողությունների արդյունքում տվել են մինչեւ 7 զոհ եւ վիրավոր»,- ասված է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժնի երեկ տարածած հաղորդագրության մեջ: Դրանում նաեւ ասված է. «Ակնհայտ է, որ ներքաղաքական եւ ներհասարակական ընդվզումներից երկիրն ու սեփական զինուժը զերծ պահելու համար, պաշտոնական Բաքուն ձեռնպահ է մնում վերոնշյալ փաստերը հրապարակավ ներկայացնելուց: Սակայն, ըստ հավաստի աղբյուրների, տվյալ երկրի իշխանությունները կատարվածի շուրջ Պաշտպանության նախարարությունից պահանջում են կոնկրետ պարզաբանումներ եւ բացատրություններ»: Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով` անցած շաբաթվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում ադրբեջանական կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 270 անգամ: Անդրադառնալով ԼՂ-ի ՊԲ-ի այս հաղորդագրությանը` Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երեկ այն որակել է որպես «ապատեղեկատվություն»: ՊՆ քարտուղարի տեղակալը հաստատել է միայն նոյեմբերի 26-ին ադրբեջանցի մեկ զինծառայողի զոհվելու փաստը, հավելելով, որ այդ մասին մամուլն անմիջապես տեղեկացվել է: