«Հակամարտությունը կրոնական բնույթ չի կրում»

29/11/2011

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ մասնակցել է Երեւանում անցկացվող ԱՊՀ միջկրոնական խորհրդի նախագահության նիստին, որտեղ հանդես է եկել նաեւ ողջույնի խոսքով: Նիստին ներկա են եղել նաեւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը եւ Շեյխ-ուլ-Իսլամ, Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն: Ս. Սարգսյանն իր խոսքում նշել է. «Խորհրդանշական է, որ այս հանդիպումը տեղի է ունենում բիբլիական լեռան` մեր երկրի եւ ժողովրդի խորհրդանիշը հանդիսացող Մասիսների ստորոտում: Այստեղ է իջել Նոյը` դուրս ելնելով իր տապանից, եւ վերսկսել մարդկության պատմությունը: Մենք հպարտ ենք, որ հազարամյակների պատմություն ունեցող մեր երկիրը քրիստոնեության տարածման հնագույն օջախներից մեկն է աշխարհում: Ավելի քան 17 դար առաջ հայ ժողովուրդն Աստվածաշնչի պատվիրանները որոշեց ընդմիշտ դարձնել սեփական արժեհամակարգի խարիսխը: Այդ ամբողջ շրջանում մեր ժողովրդի ինքնության դրոշակակիրն ու պահապանն է եղել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին: Մեր պատմության տարբեր հատվածներում այն երբեմն ստիպված է եղել ստանձնել պետական ատյանների դերը: Այն ժամանակ, երբ հայ ժողովուրդը զրկված էր իր պետականությունից, մեր Եկեղեցին հանդիսացավ հայոց մշակույթի եւ կրթության կարեւորագույն կազմակերպիչը` վառ պահելով ինքնիշխան լինելու եւ սեփական ազատ պետությունը վերստեղծելու վեհ գաղափարը: Հայոց եկեղեցին իրականության մեջ մշտապես եղել է նաեւ հավատքը եւ համամարդկային արժեքները սերնդեսերունդ փոխանցողը եւ հայկական ինքնության պահպանման աննկուն ջատագովը: Վստահ եմ` ասածս նույնքան ճիշտ է նաեւ այստեղ ներկայացված յուրաքանչյուր կրոնական համայնքի համար: Հոգեւոր վերելքը պետք է իրականություն դառնա յուրաքանչյուրիս հայրենիքում: Ձեր սերնդի հոգեւոր դասն առանձնահատուկ առաքելություն է ունեցել: Հոգեւոր ծառայության անցնելու որոշումը դուք կայացրել եք պետության կողմից վարվող անբարենպաստ քաղաքական պայմաններում: Բայց, այնուամենայնիվ, դուք հետեւել եք սրտի կոչին եւ հաղթահարել այդ անհարկի ճնշումները: Այժմ իրողություններն այլ են, եւ ամեն մարդ կարող է ազատ դավանել իր կրոնը: Այստեղ ներկա են ԱՊՀ տարածքում գործող քրիստոնեական, մահմեդական, մովսիսական եւ բուդդայական ավանդական միավորումների առաջնորդները: Սա յուրօրինակ հավաքական ուժ է, որը խորհրդանշում է տարբեր կրոնների խաղաղ համակեցության հզորությունը, նրանց հանդուրժողականությունը եւ փոխադարձ հարգանքը միմյանց հանդեպ: Արդի աշխարհում հաճախ են արծարծվում այս թեմաները: Բայց այդ քննարկումների ժամանակ երբեմն մոռացվում է, որ «հանդուրժել» նշանակում է` համակերպվել մի բանի գոյության հետ, որն այնքան էլ հաճելի չէ: Իսկ դա կարող է լինել մեր բոլորի ցանկացածի նվազագույն շեմը միայն: Մենք պետք է առաջին հերթին կարեւորենք փոխադարձ շփումները, այլ ոչ թե մեկուսացումը: Մենք պետք է կարեւորենք փոխադարձ ըմբռնումը, այլ ոչ թե, այսպես ասած, «օտարի» հանդեպ կասկածամտությունը: Մենք պարտավոր ենք անցնել հանդուրժողականությունից անդին` դեպի փոխադարձ խորը հարգանք խորհրդանշող ավելի բարձր մակարդակը: Այս գագաթաժողովը գալիս է ապացուցելու, որ արդի աշխարհի խնդիրները լուծելու միակ ճիշտ ուղին ընդհանուր մարտահրավերների առջեւ բոլորիս ուժերի համախմբումն է, մարդկանց համերաշխության ամրապնդումն է` անկախ նրանց ազգային պատկանելությունից եւ կրոնական համոզմունքներից: Այսօր աշխարհին անհրաժեշտ է խաղաղություն, եւ ոչ երկպառակություն: Այս ճանապարհին հարկ է ոչ թե անտեսել ու ստորադասել, այլ խրախուսել ու ամրապնդել մարդկանց հոգեւոր արմատները: Այն արմատները, որոնք մարդկանց մեջ սերմանում են միմյանց հանդեպ սեր, բարություն, հարգանք եւ ներողամտություն, նպաստում են համաձայնություն եւ խաղաղություն հաստատելուն: Հայ ժողովուրդը կայացրել է իր պատմական ու անշրջելի որոշումը` զարգանալ իր հարեւանների, բարեկամների եւ համայն մարդկության հետ առավելագույն համագործակցության ուղով: Մենք գտնում ենք, որ հակասություններն ու խնդիրները պետք է կարգավորվեն շփումների, բանակցությունների եւ համագործակցության, եւ ոչ թե սպառնալիքների ու լարման մեծացման միջոցով: Մենք ինքներս ենք պատրաստ եղել առաջինը մեկնել բարեկամություն առաջարկող ձեռքը, անգամ այն ժամանակ, երբ վստահություն չունեինք, որ կստանանք համարժեք պատասխան: Նման դժվար որոշումներ կայացնելուց հետո հիասթափությունը, ինչ խոսք, հուսահատեցնող կարող է լինել: Տեղյակ եք, որ մեր մեծ ցավն է Արցախի` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Ասածս խոսքերն առաջին հերթին այդ խնդրի մասին էին: Այն լուծելու համար միակ իրատեսական ուղին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում անցկացվող խաղաղ բանակցությունների գործընթացն է: Հայաստանը հետեւողականորեն շարժվելու է այդ ճանապարհով, քանի որ դրա այլընտրանքը որեւէ բարիք չի բերելու ո՛չ մեր հարեւան ժողովրդին, եւ ո՛չ էլ մեզ: Նման խճճված ու բարդ խնդրի շուրջ բանակցությունները պահանջում են համբերություն եւ սկզբունքայնություն: Մեր սկզբունքային մոտեցումների շարքում պետք է շեշտեմ, որ այս հակամարտությունը չի կրում կրոնական բնույթ, եւ դրան կրոնական երանգավորում հաղորդելու բոլոր փորձերն ապակառուցողական են: Չի կարելի թույլ տալ, որ երկու մեծ կրոնները` քրիստոնեությունը եւ մահմեդականությունը, որոնք դավանում են մեր ժողովուրդները, փորձեն հակադրել միմյանց: Առավել եւս անթույլատրելի ենք համարում հակամարտության քողի տակ պատմամշակութային եւ հոգեւոր ժառանգության հուշարձանները ոչնչացնելու գործողությունները: Այս կարեւորագույն լսարանի առջեւ Հայաստանի Հանրապետության անունից վերահաստատում եմ բոլոր նման արժեքները պահպանելու եւ, անհրաժեշտության դեպքում, վերականգնելու մեր հանձնառությունը: Մեր այդ քաղաքականության լավագույն ապացույցն է Հայաստանի մայրաքաղաք Երեւանի կենտրոնը զարդարող տասնութերորդ դարի հուշարձան հանդիսացող Կապույտ մզկիթը: Խոսքիս այս հատվածն ամփոփելով` ողջունում եմ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի միջնորդությամբ իրականացվող երկխոսությունը Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի եւ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի միջեւ: Շնորհակալ եմ այդ ջանքերի համար, որոնք նպաստում են Արցախի հակամարտության խաղաղ կարգավորմանը: … Ես հավատում եմ, որ բարոյականությունը եւ հավատքը փոխկապակցված են: Կարծում եմ, որ առանց հավատքի, առանց հոգեւոր տեսլականի` մարդ չի կարող ամբողջովին բացահայտել իրեն, լիարժեքորեն առաջ շարժվել, զարգանալ եւ կատարելագործվել: Արդի աշխարհի բարդ ու փոթորկոտ միջավայրում դուք փարոս եք ծառայում հազարավոր հավատացյալների համար, ովքեր զգում են ձեր իմաստության եւ վսեմության կարիքը: Ձեր համագործակցությունը եւ միասնությունը էական նշանակություն ունի ձեր հետեւորդների համար: Վստահ եմ` գագաթաժողովի ընթացքում քննարկելու եք նաեւ այդ հարցերը: Այս միջոցառման բոլոր մասնակիցներին մաղթում եմ արգասաբեր աշխատանք եւ առարկայական արդյունքներ ԱՊՀ տարածքի եւ համամարդկային կարեւորություն ներկայացնող խնդիրները վերհանելու եւ դրանց լուծման ուղիներ փնտրելու գործում:

Աստվա՛ծ պահապան բոլորիս»: