Քաղաքական գործիչների վարքագծից ակնհայտ է` նրանք հասարակությանը ակնհայտորեն թուլամիտ են համարում: Հակառակ դեպքում` խոսելուց կամ գործելուց առաջ իրենց հաշիվ կտային: Սպասում էինք` ինչպես կարձագանքի Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հերթական արարքին երկրի նախագահը: Վերջինս, ճիշտ է, արձագանքեց, սակայն` «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նամակին: Նամակագիրն ընդամենը մեջբերել էր Սերժ Սարգսյանի` ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու ցանկությունը` նշելով, սակայն, որ դրան հասնելու համար նույն իշխանությունը անում է ճիշտ հակառակը: «Կարծում եմ, որ այդ հայտարարության նպատակն ուղղակի սեւացնելն ու այդ գործընթացը վնասելն է»,- եղավ երկրի նախագահի ոչ ադեկվատ պատասխանը:
Քաղաքական մեկնաբանները երկրի նախագահի լարված պատասխանը վերագրեցին ՀԱԿ առաջնորդի նոյեմբերի 25-ի հանրահավաքի ելույթից առաջացած շոկին: Իսկ ելույթն, իրո՛ք, առանց դեմքի զարմացած արտահայտության լսելը դժվար էր: Լեւոն Տեր-Պետրոսյանը նախ նկատեց` «Ներքոշարադրյալը ոչ թե Կոնգրեսի պաշտոնական, այլ իմ անձնական տեսակետն է, հետեւաբար, ես էլ կրում եմ նրա ողջ պատասխանատվությունը»: Խոսքը ՀՀԿ-ԲՀԿ «հակամարտության` արդեն կայացած փաստի» մասին էր, ինչից ՀԱԿ առաջնորդը համապատասխան եզրակացություններ էր արել: Մասնավորապես` տեսել էր ԲՀԿ-ի հետ ՀԱԿ-ի համագործակցության որոշակի եզրեր: Մինչ այդ, սակայն, ԲՀԿ-ն պետք է անցնի մի շարք փուլեր:
«ԲՀԿ-ն իր դեմքն իսպառ կկորցնի այն պարագայում, եթե, բավարարվելով կրտսեր եղբոր կարգավիճակով, խորհրդարանական ընտրություններին մասնակցի հանրապետականների հետ կազմած միասնական ցուցակով: Ավելի մեծ նվաստացում կամ ինքնաոչնչացման ավելի կարճ ճանապարհ «Բարգավաճի» համար դժվար է պատկերացնել, քանի որ նա դրանով խաչ կքաշի արժանապատիվ քաղաքական գործոն լինելու իր բոլոր հավակնությունների վրա»: Այսինքն` մինչ այժմ ՀԱԿ-ը հավատացած է, որ ԲՀԿ-ն «արժանապատիվ քաղաքական գործոն է»:
Տեր-Պետրոսյանն ինքն էլ չի ժխտում, որ «Բարգավաճ Հայաստանը» Ռոբերտ Քոչարյանի պրոյեկտն է. «(ԲՀԿ-ի) վարկանիշը պարզապես զրոյի կհավասարվի, եթե ԲՀԿ-ն հստակորեն չսահմանազատվի Ռոբերտ Քոչարյանից եւ այդպիսով չխուսափի 2008թ. մարտի 1-ին վերջինիս թափած արյան պատասխանատվության տակ ընկնելու վտանգից»: Այլ կերպ ասած` ԲՀԿ-ն պետք է «մինչեւ լուսաբաց» երեք անգամ ուրանա իրեն քաղաքական հարթակ հրողին` Ռոբերտ Քոչարյանին: Իհարկե, քաղաքականության մեջ բարոյականությանը սահմանված է ամենեւին ոչ առաջին տեղը, սակայն Տեր-Պետրոսյանին էլ պիտի հայտնի լինի` ով ուրանա մեկին, խնդիր չի ունենա դավաճանել մյուսին:
Հետաքրքրիր է, իսկ ինչո՞ւ հնարավոր չէ նույն առաջարկն անել, ասենք, ՕԵԿ-ին` խզել կապը ՀՀԿ-ի հետ եւ համագործակցել ՀԱԿ-ի հետ, քանի դեռ ժամանակ կա: Ի վերջո, ի տարբերություն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` ՕԵԿ առաջնորդն, ամեն դեպքում, քաղաքական գործիչ է:
ՀԱԿ-ի ակնկալիքները` միավորվել ԲՀԿ-ի հետ, քաղաքականության տրամաբանության մեջ են: Սակայն ակնառու են դարձնում իրականությունը` ինքնուրյուն, առանց Գագիկ Ծառուկյանի ձեռքով իշխանություններին թիկունքից հարվածելու, ՀԱԿ-ը պատրաստ չէ միայնակ, արժանապատիվ մասնակցել ընտրություններին: Իր ելույթում Տեր-Պետրոսյանն առանձնահատուկ ընդգծեց, որ ԲՀԿ-ի հետ համագործակցությունն իր անձնական տեսակետն է: Հասկանալի է, սակայն այդ դեպքում ինչո՞ւ ՀԱԿ այն անդամները, ովքեր այդ տեսակետը չեն կիսում, ավելին` դեմ են «սերժանտացմանը, դոդացմանն ու ռոբոտացմանը», այս թեմայով ելույթ չունեցան, չնշեցին, թե իրենք հատկապես ինչո՞ւ «կոնսենսուսի չեն գալիս»: Ինչո՞ւ է ներկայացվում բացառապես Տեր-Պետրոսյանի կարծիքը, ով, իր իսկ խոսքերով, փորձում է շարժվել` «հավատարիմ մնալով բաց քաղաքականություն վարելու եւ հասարակությունից ոչինչ չթաքցնելու ՀԱԿ-ի որդեգրած սկզբունքին»:
«Մա՜ն-վե՛լ, Մա՜ն-վե՛լ»,- մարտի մեկի իրադարձություններից օրեր առաջ Ազատության հրապարակում հավաքված բազմահազար ցուցարարների առաջ Մանվել Գրիգորյանի անունն ամբիոնից վանկարկում էր ՀԱԿ առաջնորդը` բոլորին առաջարկելով միանալ իր բացականչություններին: Հետո վանկարկեցին Մուշեղ Սաղաթելյանի, Գագիկ Ջհանգիրյանի, ընդդիմությանը միանալ ցանկացող որոշ գործարարների անուններ: Սա նշանակում էր, որ ՀԱԿ-ի համար ամենեւին էական չէ` ում միջոցով է «կազմաքանդվում ավազակապետությունը»: Անցան տարիներ: Եվ հինգ րոպե է պակաս, որպեսզի ՀԱԿ-ի հանրահավաքի մասնակիցները` իրենց առաջնորդի կոչով, վանկարկեն «Գա՜ -գիկ, Գա՜ – գիկ»: Ինչո՞ւ է հարկավոր Տեր-Պետրոսյանին Ծառուկյանի ընկերակցությունը: Եթե անգամ տեսականորեն այդ միավորումը կայանա, ապա խորհրդարանական ընտրություններից հետո ԲՀԿ-ի ու ՀԱԿ-ի տարաձայնություններն ավելի աղմկոտ ու լուրջ կլինեն, քան ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի ներկայիս հակասություններն են:
ՀԱԿ-ի կողմնակիցները նշում են, թե Սերժ Սարգսյանից ազատվելու համար լավ է ցանկացած միջոց, անգամ ԲՀԿ-ի հետ միավորվելը: Բայց ի՞նչ է լինելու Սերժ Սարգսյանից ազատվելուց հետո: Եթե նրան պետք է հաջորդի Գագիկ Ծառուկյանը կամ Լեւոն Տեր-Պետրոսյանը, սա նույնքան աղետալի է, որքան Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը:
ԲՀԿ-ն երբեք չի եղել ու չի կարող լինել ինքնուրույն որոշումներ կայացնող կուսակցություն: Այս կուսակցության առաջնորդը խոշոր գործարար է, օլիգարխ է, ով հետապնդում է նախեւառաջ ֆինանսական շահեր: Իսկ Հայաստանում յուրաքանչյուր խոշոր գործարար, օլիգարխ այնքան խոցելի է: ԲՀԿ-ին կարելի է քաղաքական ուժ համարել միայն` որպես իշխանության մի թեւ: Եվ ոչ այլ կերպ: Դրա վկայությունն է այն, որ ԲՀԿ-ն պարբերաբար ստիպված է իր հավատարմությունը կոալիցիոն հուշագրին հաստատել, որքան էլ դա դժկամությամբ է անում: Հակառակ դեպքում` նրա բիզնեսից չի մնա ոչինչ, որը կխժռի իշխանական պատժիչ մեքենան: Իսկ առանց իր փողերի` ԲՀԿ առաջնորդի կողքին նրա զինակիցներից քչերը մնալու հիմնավորում կունենան: